Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմության ցանկությունն ու իշխանության սեթեւեթանքը

Փետրվար 04,2014 14:19

«Գազի հարցով» խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի հարցը կորոշվի այսօր

Երեկ խորհրդարանական ընդդիմությունը ներկայացնող չորս խմբակցությունների 49 պատգամավորների ստորագրությամբ դիմում է հանձնվել ԱԺ նախագահին` ՀՀ գազամատակարարման ոլորտում 2011 թվականի պետական պարտքի եւ գազի գների ձեւավորման ուսումնասիրությունների հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին: Հարցը երեկ քննարկվում էր խորհրդարանի լիագումար նիստում: Քաղաքական մեծամասնության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու «գազի հարցով» ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ընդդիմադիրների առաջարկին, քանի որ այն «ներսում»՝ ԱԺ կոալիցիոն քաղաքական ուժերի հետ չի քննարկվել:

«Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին` հնարավոր չէ՞ր հարցի ֆորմալ քննարկումներ անցկացնել` նման տհաճ իրավիճակներից խուսափելու համար, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց. «Դա ընդամենը ձեւ է: Քաղաքական մեծամասնությունը կարող է ցանկացած բացատրություն փորձել գտնել՝ իրենց կեցվածքն արդարացնելու համար: Իրականում խնդիրն այն է, որ գազի ոլորտում հայտնի համաձայնագրերը, որոնք վիճարկվում են այսօր, լուրջ ուսումնասիրությունների կարիք ունեն»:

Խոսքն առավելապես վերաբերում է «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասի վաճառքին` թե բանակցությունների ողջ ընթացքին, թե ՀՀ-ի, որպես պետության, 300 միլիոն դոլար պարտքի ձեւավորմանը, թե գնագոյացման ողջ շղթային: Այս պարագայում նախապես զրուցել, քննարկելը ՀՅԴ-ական պատգամավորը անիմաստ է համարում եւ ՀՀԿ-ական լեքսիկոնով է հակադարձում. «Քննարկենք, որ ի՞նչ անենք»: Ավելին՝ կարծում է, որ եթե ՀՀԿ-ականները իսկապես մտահոգ են երկրում գազամատակարարման ոլորտում առկա խնդիրների բացահայտմամբ` նախագիծը ներկայացված է, պարզապես կարող են «կողմ» քվեարկել. «Իրենք էլ կարող են առաջարկություն ներկայացնել ու հանձնաժողովում մեծամասնություն լինել: Բայց ընդհանրապես մերժել կամ ձեւ անել, թե մեզ նախապես ասեին, մենք կքվեարկեինք, դա, ինչպես կասեր Գալուստ Գրիգորիչը, սեթեւեթանք է: Սեթեւեթանք պետք չէ՝ կա՛մ սկզբունքորեն կողմ են հարցին, կա՛մ դեմ: Հիմա իրենք, ըստ էության, արտահայտվում են դեմ»: Քաղաքական մեծամասնության նման կեցվածքը, սակայն, ընդդիմությանը չի կաշկանդում: «Մեր լծակները սպառված չեն: Մենք այլ գործիքակազմ էլ ունենք, այդ թվում՝ նաեւ գրավոր հարցապնդում՝ ուղղված կառավարությանը այս բոլոր հարցերի հետ կապված, քննարկում պառլամենտում, ՍԴ-ի ճանապարհ, ընդհանուր իրավասությունների դատական համակարգ: Այսինքն՝ այս մի մերժումով քաղաքական մեծամասնությունը չի կարող պարզապես հարցը համարել փակված»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Թե ինչո՞ւ քաղաքական մեծամասնությունը ընտրեց նման կոշտ մերժողական ճանապարհը, չգնաց, այսպես կոչված, հարցը լղոզելու ճանապարհով, մեր զրուցակցի համար պարզ է. «Որովհետեւ իրենք շատ լավ են հասկանում, որ չեն կարողանում հիմնավորել այն բոլոր հարցադրումների պատասխանները, որոնք հնչում են:

Բացատրություն չունեն: Նույնիսկ իրենց մեջ կան տարբեր մոտեցումներ: Իսկ սա խոսում է այն մասին, որ որպեսզի չգնան ճշմարտությունը բացահայտելու ճանապարհով, միանգամից կոշտ մերժողական ճանապարհն են ընտրել: Ես չեմ կարծում, որ սա քաղաքակիրթ ձեւ է, նաեւ մեր պետության շահից չի բխում: Այն, ինչ մեծամասնությունն անում է, անում է րոպեական, պահի ազդեցության տակ, որը շատ շուտով փլուզվելու է իրենց վրա»:

Դիտարկմանը` փորձը ցույց է տալիս, որ բոլոր վիճելի հարցերը, որոնց մասով հանձնաժողովներ են ստեղծվել, կոծկվել են, Արծվիկ Մինասյանը չհամաձայնեց` օրինակ բերելով 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքը: «Այն շատ հստակ խնդիրներ ձեւակերպեց եւ իր առջեւ դրված հիմնական խնդիրները կատարեց: Այլ բան է, որ դրան չհաջորդեց զարգացումը` հանձնաժողովի եզրակացության կյանքի կոչումը: Սպանությունների բացահայտման մասով հարցերը հանձնաժողովն ի վիճակի չէր անել, որովհետեւ քրեական հետապնդման մարմնի իրավասություններ չուներ: Բայց մնացյալ բոլոր հարցերով շատ հստակ խնդիրներ էր ձեւակերպում: Առաջարկվեց անգամ, որ կառավարությունը մոնիտորինգի հանձնաժողով ստեղծի, ինչին քաղաքական մեծամասնությունը չհամաձայնեց: Սա նշանակում է, որ հանձնաժողովները կարող են արդյունք տալ»:

Ի դեպ, «գազային համաձայնագրերի» քննարկումների ժամանակ ՀՀԿ-ական պատգամավորներն էլ բավականին սուր հարցեր էին հնչեցնում: «Առավոտի» հարցին` հիմա ինչո՞ւ չեք ցանկանում, որ ճշմարտությունը բացահայտվի, ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ասաց. «Հիմա էլ ենք սուր հարցեր հնչեցնում, ուզում ենք ճշմարտությունն իմանալ, երեւի ամենաշահագրգիռ կողմերից մեկն ենք, բայց կարծում ենք, որ առանց համաձայնությունների նման հանձնաժողով ստեղծելը միգուցե դրական արդյունքի չբերի: Դրա համար եղան տարբեր առաջարկներ, այդ թվում նաեւ ԱԺ նախագահի կողմից: Հիմա, կարծում եմ, ամենաճիշտ լուծումը կլինի, որ ընդդիմադիր խմբակցությունները ժամանակավորապես ետ կանգնեն իրենց մտադրությունից, փորձեն մյուս երկու խմբակցությունների, նաեւ ԱԺ նախագահի հետ բանակցել, քննարկել, հասկանանք այն խնդիրների շրջանակը, որոնք իսկապես ուզում ենք ճշտել, եւ որի համար իսկապես հանձնաժողովի կարիք կա` նոր այն ստեղծենք»: ՀՀԿ-ական պատգամավորը չհամաձայնեց դիտարկմանը, որ խնդիրը, փաստորեն, քաղաքական մեծամասնության ամբիցիաների դաշտում է. «Ասում ենք` եկեք հստակեցնենք` ո՞ր խնդիրներն է իրավասու քննարկել հանձնաժողովը, եւ ո՞ր խնդիրների շուրջ այն պետք է ստեղծել: Հասկանանք` ինչի՞ համար ենք ստեղծում, նոր ստեղծենք»:

Ինքը` ՀՀԿ-ական պատգամավորը, կարծում է, որ նախ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից պետք է փորձել շատ հարցեր ճշտել, քանի որ այն բոլոր հաշվարկների ու ծախսերի մասին որ խոսվում է, անցել են այդ հանձնաժողովով: Առաջիկայում կլինի հանձնաժողովի հաշվետվությունը, բայց եթե սպասելու խնդիր կա, պատգամավորը կարծում է, որ պարզապես կարելի է պաշտոնական հարցում ուղարկել եւ ստանալ շատ հարցերի պատասխաններ: Ապա, եթե անհրաժեշտություն կմնա խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու, ՀՀԿ-ն կողմ կլինի. «Հանձնաժողով ստեղծեցինք, միեւնույն է՝ դարձյալ դիմելու ենք հանրային ծառայությունները կարգավորող մարմնին, ԱԺ նախագահն էլ է ասում, որ մենք էլ պատրաստ ենք, ցանկանում ենք, որ այդ խնդիրները հստակություն ստանան, բայց հանձնաժողով ստեղծենք, որն իրավասու չի այդ հարցերով զբաղվել… Ավելի լավ չէ՞ կառույցից, որն իրավասու է եւ հաշվետու է ԱԺ-ին, վերցնել բոլոր հաշվարկները: Տնտեսական հանձնաժողովում թող վերցնեն այդ բոլոր հաշվարկները, քննարկեն, եւ եթե տեսնեն, որ այնպիսի լուրջ խնդիր կա, որի համար պետք է լրացուցիչ հանձնաժողով ստեղծենք` ստեղծենք»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728