Լրահոս
Օրվա լրահոսը

Տոկոսով փող էր ուզում, որ Սիբիր գնա

Փետրվար 04,2014 14:06

«Իմ կոշիկներով էլ կգնամ, էդքան փող չկա, որ նոր կոշիկ առնեմ, ճիշտ ա՝ ասում են ընդեղ արդեն շա՜տ ցուրտ ա, բայց ես ցրտից վախեցողը չեմ, դե, կհասնեմ, կաշխատեմ, տաք կոշիկ կառնեմ, հիմա չեմ կարա, հազիվ տղեքին սիգարետ տանեմ ու հետս մի երկու բան վերցնեմ»,- ուղեւորների ներկայությամբ, հազը մի կերպ զսպելով, իր կոշիկների հարցը քննարկում էր մոտ 50-55 տարեկան միկրոավտոբուսի վարորդը: Անդադար անհանգստացնող հազի պատճառով չկարողանալով հեռախոսային խոսակցությունը մինչեւ վերջ ավարտել՝ վարորդը հեռախոսը փոխանցեց կողքը նստած որդուն, որպեսզի նա խոսակցին բացատրի, թե ինչի համար է հայրը զանգել: Որդին, որը դատելով համազգեստից, շարքային ոստիկան էր, ամաչելով կողմնակի մարդկանց ներկայությամբ նման խոսակցություն վարել, ասաց, որ հայրն ավելի ուշ կզանգի: Չանցած մի քանի րոպե, երբ հազը հանգստացավ, հայրը որդուն հորդորեց նորից զանգել:

«Լսի, տոկոսով փող ա պետք, կապ չունի՝ ինչ տոկոսով, մենակ թե լինի: 20-25 տոկոս էլ լինի՝ կուզեմ, ճարի: Կհասնեմ տեղ՝ կուղարկեմ: Գնամ՝ լավ լինի, տնեցիքին էլ կտանեմ»,- կոշիկների կիսատ թողած թեման շարունակեց երթուղայինի վարորդը եւ կրկին խեղդվելով հազից ու չկարողանալով ավարտել նորից սկսած խոսակցությունը՝ հեռախոսը փոխանցեց որդուն: Ոստիկան որդին հոր խոսակցության ողջ ընթացքում գլուխը չէր բարձրացնում, միայն երբեմն-երբեմն ամոթի զգացումով հետ էր նայում՝ հասկանալու համար ուղեւորների վերաբերմունքը կոշիկի ու գումարի կարիք ունեցող հոր խոսակցությանը: Սիբիրներում գումար աշխատելու լավատեսությամբ լցված ու մտքերի մեջ խորասուզված վարորդը, որին բոլորովին չէր անհանգստացնում նույնիսկ 50-60 աստիճան սառնամանիքին աշնանային կոշիկներով լինելը, չէր էլ նկատում, որ միկրոավտոբուսը Մաշտոցի պողոտայով շա՜տ դանդաղ է վարում եւ կանգառներում չի էլ կանգնում: 100 դրամն այլեւս նրա աչքին չէր երեւում:

Խոսակցությունից պարզ էր՝ հերթական մարդն է, իսկ ավելի ճիշտ՝ ընտանիքն է հեռանում Հայաստանից:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Հ. Գ. Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2013 թվականին Հայաստանը լքած ՀՀ քաղաքացիների թիվը, համաձայն որի՝ մոտ 34 հազար մարդ հեռացել է Հայաստանից:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728