Գործընկերներիցս շատերը պնդում են, թե եվրոպացիների կազմակերպած բազմաթիվ սեմինարներն ու դասընթացները մամուլի ազատության թեմայով դատարկ են ու բացարձակապես ոչինչ չեն տալիս, քանզի ոչ մի առնչություն չունեն մեր իրականության հետ: Իսկ ես սիրում եմ: Վերջին հաշվով՝ ո՞վ է ձեզ ասում, որ գնաք Բարսելոնա կամ Ստամբուլ ու լսեք այդ տափակությունները, որոնք լուրջ-լուրջ մատուցում են ձեզ կյանքում ոչ մի տող չգրած, բայց մի հարյուր խելոք մասնագիտական գիրք կարդացած մասնագետները: Միեւնույն է՝ այդ բոլորն իրենց՝ եվրոպացիների, հաշվին է արվում, դեռ մի բան էլ գրպանի փող է մնում: Գնացեք՝ Այա-Սոֆիան ու ոչ պակաս հոյակապ Կապույտ մզկիթը տեսեք կամ՝ Գաուդիի անկրկնելի ստեղծագործությունը:
Բայց ամենակարեւորը մարդկային շփումն է: Ծանոթանում ես ոսկեծամ ուկրաինուհու հետ, երեկոյան հյուրանոցի համարում էժան վիսկիի ուղեկցությամբ պատմում ես, թե մենք՝ հայերս, որքան ենք նախանձում իրենց Մայդանին, հեղափոխական ուկրաինուհին անհուն համակրանքով է լցվում մեր դարավոր ժողովրդի նկատմամբ, ինչից հետո արդեն ողջ գիշեր մի լավ շփվում եք մինչեւ առավոտ:
Լոնդոնում այդպես ծանոթացա Մարկետայի հետ: Իրեն երեւի դուր եկավ, որ մի երկու բառ գիտեմ չեխերեն, իսկ ինձ՝ այն, որ Ռոյթերզի դասընթացներից հետո մեր աղջկերքի պես միանգամից չէր վազում շոփինգի: Այսինքն՝ վազում էր, բայց բուքշոփինգի. ընկնում էր Բրիտանիայի մայրաքաղաքի զարմանահրաշ գրախանութներն ու ժամերով դուրս չէր գալիս, ինչպես ուրիշները դուրս չեն գալիս բուտիկներից:
Դասընթացների վերջին օրը Մարկետային առաջարկեցի Բրիտանական թանգարանում ցույց տալ Անահիտ աստվածուհու գլուխը, որն առայժմ ապարդյուն հետ է պահանջում մեր նախարարը: Բայց Փիքադիլիի հրապարակի մոտակայքում էլի մի գրախանութ տեսավ, ժամերով քրքրեց գրքերը ու մինչեւ գտավ իր ուզածը, անձրեւոտ երեկոն արդեն իջել էր, եւ երկուսս էլ զգացինք, որ մարդկային շփումն այնուամենայնիվ ավելի կարեւոր է, քան հայաստանցի նախարարի պահանջած գլուխը: Վերադարձանք հյուրանոց, դատարակ խոսակցությունների ժամանակ արդեն չկար, քանզի մի քանի ժամից ես վերադառնալու էի հարազատ հայաստանյան իրականություն, իսկ ինքը՝ իր խաղաղ ու գավառական Կուտնա Հորան:
Կարդացեք նաև
Եվ Մարկետան միանգամից մտավ լոգարան, իսկ ես մահճակալի կողքի սեղանիկից վերցրի նրա գնած գիրքը: Հիմա գլխիս եմ խփում, որ չնայեցի ոչ հեղինակի անունը, ոչ էլ վերնագիրը: Բայց թող առաջինը ինձ վրա քար նետի այն տղամարդը, որը կսկսեր մանրամասն ուսումնասիրել գիրքը՝ սպասելով, թե երբ է լոգարանից դուրս գալու շիկահեր գեղեցկուհին: Պատահական էջ բացեցի ու սկսեցի կարդալ…
«…Այդ երկրում, որը գտնվում է երկրաքաղաքական բարդ իրավիճակում, չունի մեծ պաշարներ, բայց ունի բազում խնդիրներ հարեւանների հետ, իշխանության եկածները շատ արագ հասկացան, որ երբեք բոլորը չեն կարող լավ ապրել: Ավելի ճիշտ՝ ոչ թե իշխանավորները հասկացան, այլ իշխանության եկան հենց այն մարդիկ, որոնք բոլորից շուտ գիտակցեցին, որ նման սուղ պայմաններում լավ ապրելու միակ միջոցն է՝ միշտ լինել իշխանության գլուխ եւ տիրապետել ամեն ինչի վրա ազդելու եւ ամեն ինչ վերահսկելու լծակներին, այլապես մեկընդմիշտ կհայտնվես վատ ապրողների շարքերում: Այս կանոնը ամենագլխավորն է, մնացյալը բխում է հենց այս առաջին կանոնից:
Երկրորդ կանոնը՝ վատ ապրողներն իրականության մասին պետք է իմանան ճիշտ այնքան, որքան իշխանավորներն են նպատակահարմար գտնում, որովհետեւ որքան շատ իմանան զանգվածները, այնքան շուտ նրանց մոտ կհասունանա տրամաբանական հարցը, թե ինչու են հենց այս մարդիկ լավ ապրում:
Երրորդ՝ ժողովուրդը, այսինքն վատ ապրողները, կարող են օգտվել բոլոր ազատություններից եւ իրավունքներից, բայց միայն այնքանով, որքանով դա չի վտանգում իշխանավորներին: Հակառակ դեպքում՝ վատ ապրողների նկատմամբ կիրառելի են բոլոր հնարավոր միջոցները, ներառյալ՝ բռնությունը: Եվ ընդհանրապես՝ բոլոր համամարդկային արժեքները ընդունելի են միայն այն դեպքում, եթե դրանք ամրապնդում են իշխանավորների դիրքերը: Այլ դեպքերում դրանք մերժելի են:
Չորրորդ՝ անընդհատ անողոք պայքար պետք է մղել նախկինների դեմ, համոզելով վատ ապրողներին, որ նրանք վատ են ապրում հենց նախկինների սխալների պատճառով, իսկ այդ նախկինների քննադատությունը պայմանավորված է միայն ու միայն մի հանգամանքով՝ նրանք միշտ ձգտում են վերադառնալ իշխանության, որովհետեւ ճաշակել են դրա քաղցրությունը:
Հինգերորդ՝ իշխողների շարքերում պետք է լինի կուռ կարգապահություն եւ բոլորն անվերապահորեն պետք է ենթարկվեն Գլխավորին: Հասարակության մեջ բոլոր ձեւերով պետք է սերմանել այն համոզմունքը, որ կարելի է քննադատել՝ ում ասես, բայց երբեք ոչ՝ Գլխավորին, որն անձեռնմխելի է:
Վեցերորդ՝ եթե իշխանավորն այսօր մի բան է ասել, որը լիովին հակասում է երեկվա իր ասածին, անհրաժեշտ է համառորեն պնդել, որ երեկվա ասածը ոչ միայն չի հակասում այսօրվա ասածին, այլեւ դրա օրգանական զարգացումն է: Վատ ապրողները պետք է իմանան, որ իշխանավորը միշտ ճիշտ է՝ թե երեկ, թե այսօր: Սխալն ընդունելը կարող է հանգեցնել անկանխատեսելի եւ օրհասական հետեւանքների:
Եվ, վերջապես, յոթերորդ՝ նույնիսկ եթե իշխանավորներից մեկը հիմարություն է ասել, իսկ ինչ-որ մեկը պարբերաբար մի հիմարություն դուրս է տալիս, բոլորը մեկ մարդու նման պետք է պաշտպանեն այդ մարդուն ու նրա հիմարությունը՝ հետեւողականորեն ապացուցելով, որ հիմարը նա է, ով հիմարություն է անվանում իշխանավորի ասածը…»:
…Մարկետան խնդրեց սրբիչը, եւ ես հաճույքով հասկացա, որ մի երկու րոպեից նախկին երկու սոցիալիստական երկրների ներկայացուցիչների միջեւ այդքան սպասված բնական մարդկային շփումը, այնուամենայնիվ, կկայանա: Բայց շարունակեցի կարդալ:
«…Իշխանափոխության ձգտումներն այդ երկրում ի վերջո վերածվեցին իշխանափոխության մասին խոսակցությունների, կարճ ասած՝ իշխանախոսության: Մարդիկ խոհանոցներում խոսում էին իշխանափոխության մասին, հետո գնում հրապարակ, որպեսզի իրականացնեն այդ նպատակը, բայց նրանք, ովքեր պնդում էին, որ կարող են կենսագործել իշխանափոխությունը, նույնպես զբաղվում էին միայն իշխանախոսությամբ՝ հիմնականում հորդորելով մարդկանց կրկին ու կրկին գալ հրապարակ:
Հետզհետե մարդիկ սկսեցին տրտնջալ՝ մենք կատարում ենք մեզնից պահանջվածը եւ գալիս ենք հրապարակ, բայց նրանք, ովքեր խոստանում են իշխանափոխություն իրականացնել, շարունակ միայն խոսում են այդ մասին: Եթե նրանք չեն կարողանում, ապա ո՞վ… Այդ պահը շատ հետաքրքիր էր: Հենց որ վատ ապրողներից մեկը կոնկրետ անուն էր հնչեցնում, մյուս վատ ապրողներն անմիջապես հարձակվում էին նրա վրա՝ զարմանալի մոլեռանդությամբ ապացուցելով, որ նրա նշած գործիչը տգետ է, ծախված, միայն իր շահի մասին է մտածում ու գալով իշխանության, ավելի վատ բաներ է անելու, քան ներկաները: Շրջանը փակվում էր՝ եթե երկրում չկա գեթ մեկը, որն ավելի լավ բաներ կանի, քան ներկայումս իշխանության գլուխ գտնվողները, ապա ո՞րն է իշխանափոխության իմաստն ընդհանրապես: Այսինքն, սկսում էր գերիշխել այն գաղափարը, որ վատ ապրողները երկրաքաղաքական անբարենպաստ իրավիճակում գտնվող երկրում միշտ էլ վատ կապրեն՝ անկախ այն բանից, թե ով է ղեկավարում նրանց:
Այս անվերջ ու անպտուղ իշխանախոսության արդյունքում վատ ապրողները հետզհետե իրենք էին համոզվում, որ իշխանափոխությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի, մանավանդ մի երկրում, որտեղ ամեն ցնցում կարող էր հենց երկրի համար օրհասական լինել: Սա հենց այն էր, ինչ պետք էր իշխանավորներին, որոնք անթաքույց հաճույքով եւ քմծիծաղով էին հետեւում վատ ապրողների գիտակցության էվոլյուցիային, եթե դա կարելի էր էվոլյուցիա համարել…
Այսպես շարունակվում էր տարեցտարի եւ, արդեն թվում էր, թե այդ երկրում երբեք ոչինչ չի փոխվի, երբ մի օր հանկարծ ամեն ինչ սկսեց փոխվել կայծակնային արագությամբ, որովհետեւ…»:
Հենց այդ պահին սրբիչով փաթաթված Մարկետան, որը անձայն դուրս էր եկել լոգարանից, շշնջաց ականջիս՝ «Ասում էի, չէ՞, որ շատ հետաքրքիր գիրք է…»: Դրանից հետո երկուսս էլ ոչինչ չասացինք…
Մինչեւ հիմա ամեն օր համացանցում փորձում եմ գտնել այդ գիրքը, որի ոչ անունը գիտեմ, ոչ էլ հեղինակին: Ու անընդհատ մտածում եմ՝ ինչո՞ւ լոգարանից դուրս եկավ հենց ամենահետաքրքիր տեղում:
Բայց ես Մարկետայից ոչ մի պահանջ չունեմ՝ այդ գիշեր նա իրոք Սուպերմարկետա էր…
ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ