Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են պարտադիր բարեկարգման կանոնների պահպանման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ կապված հարցեր

Փետրվար 04,2014 13:40

«Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին» Երևանի ավագանու որոշման պահանջների կատարման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում իրազեկման, նախազգուշացումների տրամադրման և արձանագրությունների կազմման գործընթացին առնչվող հարցեր են քննարկվել վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան բաժինների պետերի և աշխատակիցների մասնակցությամբ կազմակերպված խորհրդակցությանը, որը վարել է քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը: Խորհրդակցությանը մասնակցել են նաև քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական, անշարժ գույքի կառավարման, քաղաքաշինության և հողի վերահսկողության, առևտրի և սպասարկումների վարչության պետերը:

Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է եղել և համապատասխան պարզաբանումներ են տրվել գործընթացի շրջանակում ի հայտ եկող առավել խնդրահարույց հարցերին: Մասնավորապես նշվել է, որ տնտեսվարողների կողմից տարընկալումները բացառելու նպատակով պետք է շարունակվեն պարտադիր բարեկարգման կանոնների մասին պատշաճ իրազեկման աշխատանքները՝ դրանով իսկ բացառելով հետագայում տեղեկացված չլինելու և կամ արձանագրություններից հրաժարվելու մասին այլ պատճառաբանությունները:

«2013 թվականին ձևավորված Երևանի ավագանու համապատասխան որոշման պահանջների կատարման վերահսկման տեղեկատվական նոր համակարգը, որում այսօր ներառված են ավելի քան 9000 օբյեկտների վերաբերյալ տվյալներ, հնարավորություն է տալիս գործընթացը կազմակերպել առավել արդյունավետ: Սակայն պետք է շարունակենք աշխատանքները՝ թյուրիմացությունները բացառելու և ցանկալի արդյունք ապահովելու համար»,-նշել է Արայիկ Քոթանջյանը:

Քաղաքապետի խորհրդականը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել և, գարնանն ընդառաջ, սկսել պարտադիր բարեկարգման նորմերի շրջանակում արդեն կանաչապատման աշխատանքների ուղղությամբ համապատասխան քայլերի ձեռնարկումը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728