Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հոգեբանի կարծիքով՝ «Մաշան եւ արջը» մուլտֆիլմը սադիզմի դասական օրինակ է

Փետրվար 04,2014 13:45

«Մաշան եւ արջը», «Շրեկ», «Վինքս» եւ այլ մուլտֆիլմերի ազդեցությունը երեխաների հոգեբանության վրա

«Շատ եմ սիրում Մաշայի մուլտիկը: Անտառի բոլոր կենդանիները վախենում են նրանից: Ինչեր ասես, որ նա չի անում նրանց գլխին, էլ գայլին է սրսկում, նապաստակին վազեցնում, արջին է մահճակալից վայր գցում, նրա տունը տակնուվրա անում»,- ասում է 5-ամյա Մերին՝ պատմելով իր սիրած մուլտֆիլմի մասին: «Արա ինչ ուզում ես, միեւնույն է՝ քեզ ոչ ոք չի պատժելու: Մաշան ամբողջ օրը վազվզում է, արկածներ փնտրում, բայց միշտ հաղթանակած է դուրս գալիս, նրա արարքների համար նրան ոչ ոք չի պատժում»,- ասում է հոգեբան Սուսաննա Ավետիսյանը եւ հավելում, որ այդ ամենն ազդում է փոքրիկների հոգեբանության վրա. նրանք եւս սկսում են նույն կարգախոսով առաջնորդվել, մեծահասակներն էլ, տեսնելով, որ երեխան ընդօրինակում է մուլտֆիլմի հերոսին, մտածում են, որ իմաստ չկա պատժել մեկին, ով ընդամենը խաղում է Մաշայի դերը: «Ստացվում է այնպես, որ իրական կյանքում եւս երեխան չի պատժվում իր արարքների համար, ինչպես մուլտի հերոսուհին»,-ասում է հոգեբանը: Վերջին շրջանում շատ է խոսվում մուլտֆիլմերի բացասական ազդեցության մասին: Մարդիկ մտահոգվում են, որ փոքրիկներն ընդօրինակում են մուլտֆիլմերի հերոսների վարքը, որոնք ագրեսիա եւ անհանդուրժողականություն են սերմանում: Մենք հարցում անցկացրինք տասը երեխաների շրջանում՝ ընդհանուր պատկերացում կազմելու այն մասին, թե որոնք են նրանց ամենասիրած մուլտֆիլմերը: Եվ պարզելու, թե որքանով է դրանց բովանդակությունը վնասակար կամ օգտակար երեխաների համար, զրուցեցինք հոգեբան Սուսաննա Ավետիսյանի հետ:

Վերջինս հոգեբանական տեսակետից երեխաների սիրած մուլտֆիլմերը վերլուծեց առանձին-առանձին: Պատկերը ներկայացնում ենք ստորեւ՝ «Մաշան եւ արջը» մուլտֆիլմը սադիզմի դասական օրինակ է, Մաշան սադիստն է, արջը` զոհը, մեր դիտարկմանը, որ վերջին շրջանում այսպիսի կարծիք է շրջանառվում թե՛ ռուսական, թե՛ հայկական մամուլում, արդյո՞ք դա չափազանցված չէ, Սուսաննա Ավետիսյանը պատասխանում է. «Գուցե եւ չափազանցված է, բայց ինչ-որ առումով նաեւ ճշմարտություն է: Մաշայի եւ արջի մասին սովետական հեքիաթը բավական հետաքրքիր էր եւ դրական, նրանք ամբողջովին ձեւափոխել են դա՝ կարծելով, թե ժամանակակից տարբերակն են ստեղծել: Մեծահասակները մուլտֆիլմը դիտում են ծիծաղով, երեխան տեսնելով, որ նրանց համար Մաշայի չարաճճիությունները զվարճալի են, կրկնօրինակում է դրանք»: Հոգեբանի խոսքով՝ «Մաշան եւ արջը» մուլտֆիլմը նախատեսված է 8, 9 տարեկան երեխաների համար, ում համար այն զվարճալի է, ոչ թե օրինակելի: «Վինքս» մուլտը կարող է դրական համարվել այն առումով, որ մանկուց աղջիկ երեխաները սկսեն հետեւել իրենց եւ թափթփված չլինեն: Ինչ վերաբերում է շպարին եւ մնացած պարագաներին, ապա այդ առումով մուլտը բացասական ազդեցություն է թողնում: Աղջիկներն ուզում են ավելի շուտ մեծանալ, կոսմետիկա օգտագործել, նաեւ նիհար լինել, ինչպես մուլտի հերոսուհիները: Գեր աղջիկների շրջանում կարող է անլիարժեքության զգացողություն առաջանալ, եւ նրանք բարդույթավորվեն:

Այս առումով հոգեբանը հիշում է բարբի տիկնիկների արտադրության հետ կապված մի դեպք: «Կար ժամանակ, երբ բարբիների երեւույթը աղջիկ երեխաների վրա վատ էր անդրադառնում, նրանք ընկնում էին դեպրեսիայի մեջ: Այդ իսկ պատճառով բարբի արտադրողները մի փոքր գիրացրին տիկնիկներին, որպեսզի դրանք իրական չափանիշներին մոտ լինեն»,- ժպիտով ասում է հոգեբանը: Մեր դիտարկմանը, որ տարածված կարծիքի համաձայն՝ «Ջրահարս Արիելը» մուլտֆիլմը բացասաբար է ազդում տղա երեխաների վրա այն առումով, որ հերոսուհու կիսամերկ վիճակը սեռական ցանկություն է առաջացնում, հոգեբանը պատասխանում է. «Կարծում եմ, որ հերոսուհին ցանկություն կարող է առաջացնել դեռահաս տղաների շրջանում, ոչ թե ավելի փոքր տարիքի, հակառակ դեպքում՝ այդ կարծիքը չափազանցություն է»:

Շարունակելի

ՆԱԶԵՆԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728