Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանը սեւ ցուցակում է

Փետրվար 04,2014 13:35

Իր ոլորտի արատները «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահը ներկայացնում է փաստերով

Գրքի ոլորտում խորհրդային ժամանակներից մինչ օրս մեզ ժառանգություն է հասել առնվազն երկու արատ, առաջինը՝ օտարալեզու գրականությունը թարգմանվում է հայերեն միջնորդ լեզվի օգնությամբ եւ երկրորդ՝ թարգմանաբար հրատարակվում են գրքեր, որոնց հեղինակային իրավունքի համար չեն վճարում, այսինքն՝ գողանում են: Այս մասին «Առավոտին» հայտնեց «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը, որին խնդրեցինք բացել փակագծերը: «Հայաստանը 2000թ. միացել է Բեռնի կոնվենցիային, որն ավելի բարձր իրավական ուժ ունի, քան Հայաստանի ցանկացած օրենք: Այդտեղ սեւով սպիտակի վրա գրված է՝ հեղինակային իրավունքի խախտում, որից հետո փակագծում՝ գողություն: Ընդ որում, նման գողությունն ամենավտանգավորն է, քանի որ գողոնը մտավոր է եւ հոգեւոր արժեք»,- ասաց պարոն Մարտիրոսյանը, հավելելով, թե շատ ավելի ծանրանում է վիճակը, երբ գրագողերը մեղքը գործելիս օգտվում են պետական միջոցներից, այսինքն՝ գողացված գիրքը հրատարակվում է պետպատվերի, պետական աջակցության եւ այլ պետական ծրագրերի շրջանակներում: Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ նման գործունեությունը միանշանակ պախարակում է պետության անունը ու գողոնի վրա էլ վատնվում են պետության միջոցները:

Պարոն Մարտիրոսյանին խնդրեցինք ասածը փաստարկել: «Օրինակ, Մարկեսի «Հարյուր տարվա մենություն», «Նահապետի աշունը» թարգմանվել են ռուսերենից, որոնց համար Մարկեսից ձեռք բերված չեն հեղինակային իրավունքները կամ՝ Տինո Բուցատտիի «Թաթարական անապատը»: Ընդ որում, նշված գրքերը հրատարակվել են պետպատվերով: Ցանկը կարող եմ շարունակել: Նշեմ նաեւ, որ 1951թ. սկսած՝ մինչեւ 2012թ. հայաստանյան մի շարք հրատարակիչներ հրատարակել են Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը», Պաուլու Կոելյուի «Ալքիմիկոսը» եւ այլն: Ի վերջո, հեղինակային իրավունքն ունի ժամկետ, տարածք, տպաքանակ, լեզու եւ այլ հասկացություններ: Ձեռք բերելով այն, հստակ նշված է, թե քանի տարով ես գնում, ինչ տպաքանակով ես իրացնելու, ինչ լեզվով ես թարգմանելու եւ որ երկրի կամ երկրների տարածքում ես վաճառելու»,- մանրամասնեց Արմեն Մարտիրոսյանը: Ռեպլիկին՝ նշված գրականությունը միանշանակ պահանջ ունի հայ ընթերցողների շրջանում, հրատարակիչը հակադարձեց. «Գողացած համակարգիչներն էլ են ավելի էժան վաճառում եւ անձը, ով գնում է դրանք, դառնում է հանցակից, ինչն ամրագրված է մեր քրեական օրենսգրքում»:

Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ ամենամեծ վնասը, բացի բարոյական չափանիշներից, այն է, որ երբ դիմում ես արտերկրյա հեղինակավոր հրատարակություններին՝ հեղինակային իրավունք գնելու խնդրանքով, նրանք հաճախ հրաժարվում են, ուղիղ ասելով՝ «ձեր երկիրը սեւ ցուցակում է»: Դարձյալ խնդրեցինք այս առիթով էլ բերել 1-2 օրինակ: «Բանկերի միության համար շուրջ 1 տարի առաջ թարգմանում էինք բանկային գրականություն եւ երբ դիմեցինք իրավատիրոջը՝ ամերիկյան եւ մեծբրիտանական հայտնի հրատարակչությանը կամ Ուոլթեր Այզեքսոնի «Սթիվ Ջոբս» մեծ աղմուկ հանած գրքի իրավատիրոջը, միանգամից չստացանք թույլտվություն: «Սթիվ Ջոբս» գրքի իրավատերը միայն երկու տարվա բանակցություններից հետո, այն էլ արտերկրյա մի քանի հրատարակիչների երաշխավորագրերի հիման վրա համաձայնեց: Նրանց հիմնական արգումենտը հետեւյալն էր. ձեր երկրում ինտելեկտուալ արժեքների շուրջ 90 %-ը պլագիատ է (գողացված): Սրա հետ է կապվում նաեւ այն իրողությունը, որ մեր գրողների հեղինակային իրավունքները այլ երկրներում շատ քիչ են վաճառվում»,- հայտնեց պարոն Մարտիրոսյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728