Միշտ նախանձել եմ լուր գրողներին: Կարող են ծնկների վրա գրել, ու նյութը պատրաստ է: Ահա, աշակերտի պես նստել եմ ճերմակ թղթի առաջ, հեշտի բնազդով շարում եմ բառերը ու էլի ջնջում՝ պաղ ու գորշ չերեւալու համար: Ուզում եմ շարադրանքս լինի նույնքան ջերմ ու մտերմիկ, ինչպես Չեխիայում Հայաստանի դեսպանատան հյուրասրահում, Պարույր Սեւակի ծննդյան 90-ամյակին նվիրված երեկոն էր:
Տարիներ առաջ էր. Հայաստանի պետական արխիվի լեփ-լեցուն դահլիճում, բանաստեղծի մահառիթով կազմակերպված երեկոյի ողջ ծանրությունը իրենց ուսերին տարան նրբին բանաստեղծ Վահագն Դավթյանը եւ ասմունքի անզուգական վարպետ Սիլվա Յուզբաշյանը: Ո՞վ կհամարձակվեր Մեծի մասին խոսք ասել, բացի Մեծերից: Մինչդեռ այսօր, խոսք ասողն էլ, ասմունքողն էլ, երգող, նվագողն էլ, մենք ենք՝ Հայրենիքից ու մեծերից հեռու՝ բանաստեղծի վսեմ ներշնչանքով վարակված մահկանացուներս: Հավատաքննության խոնարհումով փորձում ենք սրտեր միավորող նրա ոգու հրդեհներից գոնե մի ջահ վառել այստեղ: Փորձում ենք կյանքի այս բնազդական քաոսի եւ անգութ մսաղացի մեջ, զանգակի բարակ մի ձայն արձակել՝ մշակութային հոգեվարքի ղողանջները խլացնելու համար:
Պարույր Սեւակի գրականության հրաշեկ ճառագայթը ջերմացրել է նաեւ տարբեր ազգերի, այդ թվում՝ չեխ մտավորականության սրտերը: Երեկոյին ներկա են բանաստեղծի վաստակին ու ճակատագրին քաջ ծանոթ չեխեր: Ինչպես նաեւ Չեխիայի ԱԳՆ Հայաստանի հարցերի պատասխանատու Մարի Օպելովան: Իր ժամանակին բանաստեղծի բարեկամ, հայ մշակույթի նվիրյալ Լյուդմիլա Մոտալովան թարգմանել է նրա տարբեր տարիների գործերը, որոնցից մի քանի բանաստեղծություն կարդաց Անդրան Աբրահամյանը: Մոտալովայի եւ հայ ու վրաց գրականության մեծ գիտակ Բոհումիլ Պալեկի հոգեւոր ժառանգորդն է այսօր այստեղ, Միլադա Կիլիանովան, ով տրտնջում է, թե կրկին ու հիմնավոր է պետք թարգմանել Սեւակ: Հայ մշակույթի հանդեպ անսահման սերը հաճախ է նրան տանում Հայաստան: Հրճվանքից շողացող նրա դեմքը տեսա՝ կես ակնարկ եղավ՝ ժամանակակից հայ գրողների գործերը թարգմանելու մասին: Եվ անկեղծ զարմանքով շռայլ ժպիտը. դեսպանատան խորհրդական Նունե Զաստուխովան Կարլովի համալսարանում վերաբացվող հայկական ամբիոնում դասավանդելու առաջարկ արեց.
-Ինչու փողով, ես դա կանեմ անվճար:
Դժվար է պատկերացնել, որ հետխորհրդային սփյուռքի որեւէ գաղթօջախում դեսպանատունը կարող է միջոցառում կազմակերպել՝ հաշվեմատյանում գրանցում կատարելու համար: Չի ստացվի: Թարմ է հիշողությունը Խորհրդային Հայաստանից, երբ պետության բարձր հովանավորությամբ, Օպերայի մեծ դահլիճում էին անցկացվում մեծերի հոբելյանները: Ես լսել եմ Կարեն Դեմիրճյանի ելույթները՝ Թումանյանի, Չարենցի, Իսահակյանի օրերին, ՀԿԿ քարտուղար Կառլեն Դալլաքյանի գրականագիտական խորը վերլուծությունները՝ որպես գլխավոր զեկուցողի: Դեռ մեկ տարի առաջ էր պլանավորվում միջոցառումը, իսկ գրական թերթերն ու ամսագրերը լայնորեն տպագրում էին գրողի գործերը: Հատկապես, երբ ՀԳՄ-ն նախագահում էր պայծառ գրող ու հրապարակախոս Վարդգես Պետրոսյանը: Հոբելյանները նշվում էին նաեւ Սփյուռքի ու Մոսկվայի հեղինակավոր դահլիճներում՝ գրավելով մեծ թվով թարգմանիչների: Մոսկվան մի պատուհան էր դեպի աշխարհ, որտեղից մեր գրականության հրեղեն շիթերը գնում էին խառնվելու համաշխարհային մշակույթի ջրվեժներին: Մինչդեռ, Պարույր Սեւակի 90-ամյա հոբելյանը սահուն կերպով գրեթե լռության մատնվեց անկախ Հայրենիքում:
Այլ է Սփյուռքի պարագան: Սփյուռքը չի կարող դիմադրել, գոյի կռիվ մղել՝ առանց իր երակները սնուցող արյուն ավիշի, առանց մշակութային ցողունը զգաստ պահող կենսավետ լույսի: Աշխարհի այս փոքրիկ, բայց մեր անկյունում, այդ օրը Պարույր Սեւակի հանճարեղ ոգու ոսկեկրակ լույսն էր շողարձակել, իմաստավորել մեր գոյությունը մոլորակի վրա: Դասական հայերենի ողջ ազնվոթյամբ հնչող Պրահայի շաբաթօրյա հայկական դպրոցի ուսուցչուհի Լարիսա Գրիգորյանի խոսքը «Երգ երգոցի» մասին, հյուրերի համար թարգմանեց թոռնուհին՝ Նարեն, իսկ ինքը սքանչելի կտորներ կարդաց պոեմից: Պարույր Սեւակին իր հոգեւոր ուսուցիչը համարող Աննա Կարապետյանի ասելիքը հորդում ու չէր վերջանում: Կոմիտաս ու Բաբաջանյան կատարող ջահել երաժիշտները՝ Վարինեն ու Մանեն, երեկոն վարող Հակոբ Ասատրյանը, բոլորս: «Էրեբունի- Երեւան» երգին միացած ողջ դահլիճն էր, ասես, օրհնում լույսի ծնունդը: Երեկոյից հետո տրված թեթեւ ու բարձրաճաշակ հյուրասիրությունն այս սքանչելի երեկոյի ավարտը չէր: Պարույր Սեւակ հանճարեղ բանաստեղծը պատվիրանի պես անընդհատ վերադառնում է: Եվ «աշխարհի բոլոր լուսանիշներում, կանչելու նման կրկին» ասում է.
-Բարի լույս, իմ լու՜յս, կանա՜չ ու…. կարմի՜ր:
-Բարեւ բանաստեղծ, լույսդ բարի է…
ՇՈՒՇԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ
Պրահա
Լուսանկարում՝ հայկական դպրոցի ուսուցչուհի Լարիսա Գրիգորյանը խոսում է Սևակի մասին: Լուսանկարը վերցված է Հայաստանում Չեխիայի դեսպանատան կայքից
«Առավոտ» օրաթերթ