Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյանը` Մաքսային միության մասին. «Երկրների շահերը Լեռնային Ղարաբաղի հարցում չեն համընկնում»

Փետրվար 04,2014 12:41

«Սահմանադրության համաձայն` ցանկացած լուրջ միջազգային փաստաթուղթ, պայմանագիր, որ ստորագրվում է, ի վերջո պետք է անցնի ԱԺ, քննարկվի, ապա նոր ստորագրվի: Ինչքան հասկացա մեր կառավարությունն ուզում է արագացնել Մաքսային միությանը միանալու պրոցեսը, հետեւաբար պետք է այդ քննարկումներն էլ արագացվեն: Սահմանադրորեն նախատեսված է նաեւ հանրաքվե, ինչն այս պարագայում, կարծում եմ, ճիշտ կլինի: Ու ոչ միայն նրա համար, որ սահմանադրորեն է նախատեսված, այլ, որ մենք անպայման ունենալու ենք խնդիրներ` կապված Մաքսային միության հետ»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Քաղաքագետի ձեւակերպմամբ`Մաքսային միության հետ ունեցած մեր առաջին խնդիրն այն է, որ ապրանքների գները Հայաստանում կբարձրանան ու դա մեզ ասաց նաեւ ֆինանսների նախարարը:

Ստեփան Գրիգորյանի խոսքով`գների բարձրացումը գալիս է Մաքսային միության պայմաններից, քանի որ մտնելով այնտեղ` մենք դառնալու ենք երրորդ երկիր, իսկ երրորդ երկրի պարագայում ապրանքների գները նվազագույնը 15 տոկոսով կբարձրանան: «Սուվերենության կրճատում է լինելու, իսկ այս տիպի խնդիրները պետք է լուծել հասարակության հետ միասին»,- ասաց Ստեփան Գրիգորյանը՝ նշելով երրորդ խնդիրը. «Սերժ Սարգսյանն ասել էր, որ անդամ երկրները Լեռնային Ղարաբաղի հարցում անում են հակառակ հայտարարություններ, որոնք հակասում ու չեն համընկնում Հայաստանի շահերի հետ: Այսինքն` մենք գնում ենք մի համակարգ, որտեղ երկրների շահերը Լեռնային Ղարաբաղի հարցում չեն համընկնում»:

Ստեփան Գրիգորյանը հարցնում է`ո՞վ է ասում, որ արագացված կերպով պետք է գնանք Մաքսային միություն` «Օրինակ` Ղրղըզստանն ասաց, որ մենք որոշել ենք գնալ Մաքսային միություն, բայց հաշվարկեցինք, որ տնտեսությունը կթանկանա եւ այլն: Հասկանալի է, որ Հայաստանը` մենք, չենք ուզում նեղացնել մեր մեծ գործընկերոջը, բայց չպետք է շտապենք, որովհետեւ հաշվարկները ցույց են տալիս, որ թանկացումներն անխուսափելի են:

Սակայն ինչ-որ տեղ ես հասկանում եմ Հայաստանի իշխանության շտապողականությունը` ճնշում կար»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728