«Զարուհու ուղեւորությունների հարցով ես չեմ զբաղվում: Չգիտեմ»,- այսօր մամուլի ասուլիսում այսպես արձագանքեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը լրագրողներից մեկի այն հարցին, թե Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ անձնական հրավերով մասնակցելու է ԵԽԽՎ հերթական նստաշրջանի աշխատանքներին`ինչո՞ւ չեկավ:
Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը նշել էր, որ գնալու է Ստրասբուրգ և համոզելու է առնվազն տաս պատգամավորի` վիճարկել հայկական պատվիրակության կազմը:
Դավիթ Հարությունյանն ասաց, որ եթե անգամ Զարուհի Փոստանջյանը վիճարկեր հայկական պատվիրակության կազմը, ինքը ջանք չէր գործադրելու հակառակն ապացուցելու ուղղությամբ, որովհետև գիտեր, որ անգամ այդ վիճարկումը վատ ավարտ չէր ունենալու և որ ոչինչ չի փոխվելու: «Փոստանջյանը հասկացավ, որ ոչինչ չի փոխվելու և ձեռնպահ մնաց այդ հարցը բարձրաձայնելուց»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանի անդամությունը ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում դադարեցվեց այն բանից հետո, երբ նախորդ նստաշրջանում նա ԵԽԽՎ ամբիոնից հարց ուղղեց ՀՀ նախագահին`խաղատներում նրա վատնած գումարների մասին: Խորհրդարանում տարատեսակ խմորումների արդյունքում, ի վերջո ԱԺ նախագահը փոփոխություններ կատարեց պատվիրակությունների ձեւավորման կազմում, արդյունքում դուրս թողնելով Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից:
Կարդացեք նաև
Դավիթ Հարությունյանը նկատեց, որ կա պատվիրակության կազմը վիճարկելու երկու հիմք: Երկու դեպքերում էլ առնվազն տասը պատգամավոր պետք է հայտարարեն այդ մասին: «Եթե որեւէ մի պատգամավոր չի վերկացել եւ չի բարձրացրել այդ հարցը, ուրեմն պատվիրակության լիազորությունները հաստատվել են»,- հավելեց նա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ