Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրավական թույլտվություն՝ օլիգարխիկ տնտեսության համար». Հրանուշ Խառատյանը` «Մարդու իրավունքները Հայաստանում 2013» զեկույցի մասին

Փետրվար 03,2014 18:43
Hranush kharatyan

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից հրապարակվել է «Մարդու իրավունքները Հայաստանում 2013» թվականի զեկույցը: Զեկույցում անդրադարձ կա մարդու իրավունքներին, ընտրություններին, դատական համակարգին, խոսքի ազատությանը, բռնություններին եւ անպատժելիությանը, քաղաքական հետապնդումներին եւ այլն:

Ըստ զեկույցի` մարդու իրավունքների ասպարեզում, 2013 թվականին Հայաստանը առաջընթաց չի ունեցել: Ընտրություններում եւս առաջընթաց չի եղել, խաղաղ հավաքների բնագավառում հետընթաց է արձանագրվել, 2013 թվականը աչքի է ընկել քաղաքական մի շարք հետապնդումներով եւ այլն: Նշվում է նաեւ, որ այս գնահատականը կրկնվում է ոչ միայն տեղական, այլեւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում:

Զեկույցում խոսվում է նաեւ այն մասին, թե մարդու իրավունքների վիճակի բարելավման համար, արդյոք պե՞տք է բարեփոխումներ անել Հայաստանի քաղաքական համակարգում:

Aravot.am-ը վերոնշյալ հարցն ուղղեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանին, որն էլ գտնում է․ «Սկզբունքորեն մեզ մոտ կաղում են գործողությունները եւ դրանց նկատմամբ վարքը: Իհարկե, ամբողջ ընտրությունների ժամանակ իրավունքների խախտումներ են եղել, բայց մեզ ասում էին բռնեք բերեք ցույց տվեք, իսկ, երբ մենք ցույց ենք տալիս կոնկրետ նկարահանումները, դրանք հաշվի չեն առնվում: Ես կարծում եմ, որ ամենալուրջ խնդիրը մնում է դատաիրավական համակարգը: Մարդու իրավունքների խախտման ամենամեծ տեղը դատարանն է եւ քննչական մարմինները»:

Զեկույցում անդրադարձ կա նաեւ հետեւյալին.  Մարդու իրավունքների ոլորտում առաջընթացի բացակայության հինական պատճառն արդյոք այն չէ, որ իշխանությունների տարանջատում գոյություն չունի, դե յուրե Հայաստանի դատական համակարգը կախված է ՀՀ նախագահից եւ սահմանադրորեն նշված է, որ նախագահը հետեւում է սահմանադրության պահպանմանն ու ապահովում օրենսդիր, գործադիր եւ  դատական իշխանությունների բնականոն աշխատանքը:

«Այո, անշուշտ: Ես միշտ կարծել եմ, որ վատ բան է, երբ մեր դատավորների նշանակումը կախված է նախագահից, բայց մյուս կողմից` խորապես նաեւ վստահ եմ, որ սահմանադրական դատարանը նախագահի կամքից կախված չէ, սակայն այն մեծ հաշվով սկզբունքային չէ եւ չի կարողանում անկախ որոշումներ կայացնել, կամ` նրա անկախ որոշումները վեր են ածվում քաղաքական սպասարկման»,- վերլուծելով վերոշարադրյալը, գտնում է Հրանուշ Խառատյանը:

Պատասխանելով` համաձա՞յն եք, որ ՀՀ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում բարելավում ունենալու համար անհրաժեշտ է սահմանադրական եւ օրենսդրական բարեփոխումներ, հարցին Հրանուշ Խառատյանը շեշտեց. «Որքան գիտեմ, օրենքներում իրավունքի պահպանության եւ իրավունքի տրամադրման խնդիրները կան, լուծված են, եթե իրենք դրանց մասին չեն խոսում, ուրեմն` բարդ է: Սակայն կարծում եմ, որ սահմանադրությունում մեր երկրի տնտեսության մոնոպոլիզացիան փաստացի կարելի է, այս կետն իմ խորին համոզմամբ իրավական թույլտվություն է օլիգարխիկ տնտեսության համար: Շատ բաներում Հայաստանի իրական կյանքում խանգարում է Հայաստանի փոքր լինելը եւ պատրաստ չլինելը իրավունք կիրառելու: Մեզ մոտ, հասարակության մեծ մասը պատրաստ չէ իրավունք կիրառել ու սա, ցավոք, գնալով խորանում է»:

 

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728