Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլորը մտածում են, որ իրենք տաղանդավոր են». գրականագետը «Արձակ 2013» մրցույթի մասին

Փետրվար 03,2014 18:29

«Անտարես» հրատարակչությունը և «Գրանիշ» գրական ակումբն այսօր ամփոփեցին «Արձակ 2013» մրցույթի արդյունքները, որոնցից մրցատյանի՝ ժյուրիի անդամներն այնքան էլ գոհ չեն: «Ցավոք, ես չեմ կարող ասել, որ շատ բավարարված եմ մրցույթից, որն արդեն երրորդ տարին է անցկացվում, իսկ նոր տաղանդներ չեն բացահայտվում կամ շատ հազվադեպ: Մենք հիմնականում գործ ունենք նույն հեղինակների հետ»,- ասում է մրցատյանի անդամ, գրականագետ Հայկ Համբարձումյանը:

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն էլ գտնում է, որ նախորդ տարվա հաղթող պատմվածքների մեջ շատ ավելի ուժեղները կային, քան այս տարվա:

Նշենք, որ տարվա լավագույն պատմվածքի «Արձակ» մրցույթին 2013 թվականին մասնակցել է 102 պատմվածք, որոնցից 21-ը ժյուրիի քվեարկության արդյունքում անցել է եզրափակիչ փուլ:

Հարցին, թե ինչ չափանիշներով են ընտրվում լավագույն պատմվածքները, Հայկ Համբարձումյանը պատասխանեց, որ մրցատյանի անդամներից (Հասմիկ Հակոբյան, Հայկ Համբարձումյան, Գոհար Աքելյան (գրականագետներ), Դավիթ Գյուրջինյան, Նարինե Վարդանյան (լեզվաբաններ), Զավեն Բոյաջյան (կինոգետ), Նունե Թորոսյան (մանկագիր) յուրաքանչյուրն իր գնահատման չափանիշներն ունի, որոնց ծանոթ են հայ գրականությամբ հետաքրքրվող մարդիկ, և լավագույններն ընտրվում են այդ չափանիշների համադրման արդյունքում. «Առանձնացվում են ժյուրիի կարծիքով ընթերցման արժանի պատմվածքները: Իսկ, ընդհանուր առմամբ, սա մրցույթ է, որը փորձում է խրախուսել ինչպես գրական դաշտում արդեն որոշակի տեղ ունեցող, այնպես էլ սկսնակ գրողներին»,- ասում է գրականագետը:

Նա բնական է համարում մրցույթի արդյունքների ամփոփմանը հաջորդող դժգոհությունները. «Մարդկանց և, հատկապես ստեղծագործող մարդկանց ամբիցիաները ավելի շատ են, քան այն, ինչ ստացվում է արդյունքում, ըստ այդմ էլ՝ նեղացողներ միշտ լինում են, բոլորը մտածում են, որ իրենք տաղանդավոր են, հանճարեղ են: Ընթերցողները, շատ հաճախ նաև գրողները գրականությունն ընկալում են դասական գրականության սահմաններում, այն գրականության, որն իրենց ծանոթ է և շատ դեպքերում տեղյակ չեն լինում արդի գրական տեղաշարժերին, ժամանակակից գրականությանը: Մինչդեռ, մրցատյանի անդամներն այլ չափանիշներով են քննում տվյալ ստեղծագործությունը՝ դիտելով այն գրական դաշտի համատեքստում»,- պարզաբանեց Հ. Համբարձումյանը:

Ի տարբերություն նախորդ տարիների՝ մրցատյանն այս տարի որոշել էր մրցանակային առաջին, երկրորդ, երրորդ տեղեր չսահմանել: Առանձնացրել էր երեք լավագույն պատմվածքները (Նարինե Կռոյանի «Ցեցի դեղը», Արփի Ոսկանյանի «Ողջերին թող թաղեն ողջերը» և Համբարձում Համբարձումյանի «Համլետի հոր ուրվականը»), որոնք ստացան գլխավոր մրցանակ (100.000-ական դրամ) և երկու պատմվածք (Մերրի Մկրտչյանի «Շպերունգ»-ը և Անրի Գրիգորյանի «Սիեստա»-ն), որոնք ստացան հատուկ մրցանակ (50.000-ական դրամ):

Պատվոգրերով և «Անտարես» հրատարակչության կողմից հրատարակված գրքերով պարգևատրվեցին բոլոր մրցանակակիրներն ու մրցատյանի անդամները:

Մրցույթի հովանավորների կողմից հատուկ մրցանակների արժանացան նաև Լևոն Շահնուրի, Նոնա Պողոսյանի, Նորայր Գրիգորյանի, Հովհ. Թեքգյոզյանի, Աշոտ Գաբրիելյանի, Անի Ասատրյանի, Հովիկ Աֆյանի, Գարիկ Հովհաննիսյանի պատմվածքները, որոնք ևս ընդգրկված էին մրցատյանի կողմից ընտրված 21 պատմվածքների շարքում:

Արմեն Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ ընտրված 21 պատմվածքները կհրատարակվեն առանձին գրքով, կթարգմանվեն անգլերեն, հնարավոր է նաև ռուսերեն:

Նա նաև ասաց, որ, բացի պատմվածքի մրցույթից, մտադիր են հաջորդ տարվանից անցկացնել ավելի մեծ կտավի ստեղծագործության՝ վեպի մրցույթ, ինչպես նաև պոեզիայի, որի հանդեպ հետաքրքրությունը, հրատարակչի դիտարկմամբ, գնալով մեծանում է:

Ըստ գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի՝  «Անտարես» հրատարակչության և «Գրանիշ» գրական ակումբի համատեղ ջանքերի շնորհիվ՝ վերջին երեք-չորս տարվա ընթացքում ժամանակակից հայ գրողն ավելի ճանաչելի է դարձել ընթերցողների և առհասարակ հանրության շրջանում: Այս առումով նա կարևորեց նաև «Արձակ» պատմվածքների ամենամյա մրցույթը, որը, նրա խոսքով, նպատակ ունի բացահայտելու նոր անուններ և ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրելու ժամանակակից հայ գրականության վրա:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728