Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ որոշումը, ըստ էության, չի նշանակում, որ փոխանցումներ չպետք է կատարվեն

Փետրվար 03,2014 18:23

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին  ՀՀ օրենքի նախագծի քննարկումը այսօր Ազգային ժողովի նիստում շատ արագ վերաճեց կուտակային կենսաթոշակների մասին քննարկման:

Օրենքի նախագծի քննարկման ժամանակ կառավարության ներկայացուցչին՝ սոցապ նախարար Արտեմ Ասատրյանին մի քանի պատգամավորներ տարբեր ձեւակերպումներով հերթով հարցնում էին՝ այն բանից հետո, ինչ ՍԴ-ն որոշեց մինչեւ սահմանադրականությունը ճշտելը՝ կասեցնել կուտակային կենսաթոշակներին վերաբերող օրենքի 76-րդ հոդվածը, արդյո՞ք այն մարդիկ, ովքեր չեն կատարի պարտադիր կուտակային վճարումները, կտուգանվե՞ն:

Նկատենք, որ 76-րդ հոդվածը  վերաբերում է պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով  կատարելու համար պատասխանատվությանը:

Արտեմ Ասատրյանը վարպետորեն խույս էր տալիս հարցին ուղիղ պատասխանելուց, ինչ-որ բաներ էր ասում, որն ավելի նման էր պատգամավորներին «ֆռացնելուն»: Օրինակ, երբ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հարցրեց՝ կարո՞ղ է մարդը դատական կարգով հետ պահանջել իր գումարները, եթե դրանք, առանց իր իմացության կամ համաձայնության, գործատուն փոխանցել է կուտակային ֆոնդին, պարոն Ասատրյանը պատասխանեց, որ մեր երկրում յուրաքանչյուր քաղաքացի ցանկացած հարցով դատարան դիմելու իրավունք ունի, ոչ ոք չի կարող սահմանափակել դատարան դիմելու քաղաքացու իրավունքը:

Ի վերջո, հաջողվեց քիչ թե շատ խելքին մոտ պատասխան ստանալ: Սոցապ նախարարի ասածից ստացվեց հետեւյալը՝ ՍԴ-ն կասեցրել է  76-րդ հոդվածը, որը սահմանում է տույժ-տուգանք այն գործատուների համար, որոնք չեն կատարի պարտադիր կուտակային փոխանցումները, ինչպես նաեւ 86-րդ հոդվածի երրորդ մասը, որում ասվում է «Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը պետք է սույն օրենքով նախատեսված կարգով կատարեն կենսաթոշակային ֆոնդի եւ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն, այլապես ընտրությունը կատարվում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին եւ  2-րդ մասերով եւ 39-րդ հոդվածով սահմանված կարգով» : Սակայն, ըստ սոցապ նախարարի, կասեցված չեն մնացած բոլոր հոդվածները, եւ օրենքի մյուս դրույթները գործում են, քանի որ գործում է նաեւ 86-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Սույն օրենքով սահմանված պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտավորությանը վերաբերող դրույթները ուժի մեջ են մտնում 2014 թվականի հունվարի 1-ից»: Հետեւաբար, ըստ նախարարի, ցանկացած պարտաճանաչ գործատու պետք է կատարի օրենքով սահմանված իր գործառույթները՝ թեեւ ՍԴ-ն կասեցրել է այն սանկցիաների կիրառումը, որոնք կարող են հետեւել չկատարելու դեպքում:

Այսպիսով, ստացվում է, որ ՍԴ-ի որոշումը ամենեւին չի նշանակում, որ փոխանցումները չպիտի կատարվեն: Ուղղակի կասեցված են չկատարողների հանդեպ պատժամիջոցների կիրառումը:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728