Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես պետք է վարվեն գործատուները, որոնց աշխատակիցները հիմք ընդունելով ՍԴ աշխատակարգային որոշումը առայժմ չեն ցանկանում կատարել պարտադիր կուտակային վճարումները

Փետրվար 03,2014 18:17

Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին Սահմանադրական դատարանի հայտնի աշխատակարգային որոշումը բազմաթիվ գործատուների, հաշվապահների ու պարզապես քաղաքացիների (հատկապես պարտադիր բաղադրիչին դեմ արտահայտվող քաղաքացիների) մոտ մի շարք հարցեր առաջացրեց:

Մասնավորապես, այդուամենայնիվ պե՞տք է արդյոք աշխատավարձների հաշվարկման փուլում հաշվարկել պարտադիր կուտակային վճարը, հաշվարկելու դեպքում պե՞տք է արդյոք կատարվի պահում, ինչպե՞ս ՊԵԿ ներկայացնել համապատասխան հաշվետվությունը` պարտադիր վճարը հաշվարկվա՞ծ, թե՝ ոչ, եթե պահել` ապա ի՞նչ իրավունքով և այլն:

Արդեն այսօր, ՊԵԿ կայքում տեղադրվել է պարտադիր կուտակային վճարների հետ կապված ՊԵԿ ներկայացման ենթակա հաշվետվությունը: Հաշվետվությունն ինչպես և սպասվում էր կազմված է և աշխատում է այսպես ասած “ինքնուրույն հաշվիչով”, որը հնարավորություն չի տալիս գործատուներին ինքնուրույն լրացնել պարտադիր կուտակային վճարի համապատասխան տողը:

Ոչ մասնագետ ընթերցողների համար նկարագրենք ավելի պարզ.  երբ գործատուն հաշվետվության մեջ նշում է ԱՎՈՒՄ գումարը, էլեկտրոնային հաշվետվության ձևում ավտոմատ կերպով հաշվարկվում և լրացվում է պարտադիր կուտակային վճարը և այն ձեռքով` մեխանիկական եղանակով փոփոխել հնարավոր չէ:

Ստացվում է մի իրավիճակ, որով փաստացի ՊԵԿ-ն անտեսում է ՍԴ համապատասխան որոշումը և պարտադրում գործատուներին այնուամենայնիվ կատարել պարտադիր կուտակային վճարի հաշվարկ: Այս գործողությանն, ով գիտի, կարող է հետևել նաև պահում կամ նույնիսկ վճարում պարտադրող գործողություններ: Չէ՞ որ հաշվարկում ներկայացնել գումարը նշանակում է ձևավորել պարտավորություն:

Եվ սա կատարվում է այն դեպքում, երբ ՍԴ համապատասխան որոշմամբ իրականում որևէ անհասկանալի իրավիճակ չի ստեղծվում: Ամեն ինչ ըստ էության պարզ է:

Այսպես, ՍԴ-ն իր որոշմամբ կասեցրել է Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ Օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:

Նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-3-րդ կետերի համաձայն “ 1. Վարձու աշխատող և պայմանագրային եկամուտ ստացող մասնակիցների համար (անունից) կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականությունը կրում են գործատուները` որպես հարկային գործակալ:

2. Գործատուները օրենքով սահմանված ժամկետներում և կարգով էլեկտրոնային եղանակով հարկային մարմնում գրանցում են իրենց հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող վարձու աշխատողներին և պայմանագրային եկամուտ ստացողներին, ինչպես նաև, որպես հարկային գործակալ, «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եկամտային հարկը հաշվարկելու և վճարելու համար սահմանված ժամկետներում, սույն օրենքով սահմանված դրույքաչափով հաշվարկում և փոխանցում են մասնակից հանդիսացող վարձու աշխատողների և պայմանագրային եկամուտ ստացողների կուտակային վճարները:

«Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարկային գործակալ հանդիսացող` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհամարվող կազմակերպությունները գործատուի համար սույն կետով սահմանված ժամկետում սույն օրենքով սահմանված դրույքաչափով հաշվարկում և փոխանցում են մասնակից հանդիսացող վարձու աշխատողների և պայմանագրային եկամուտ ստացողների կուտակային վճարները: Այս դեպքում հարկային գործակալը «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում էլեկտրոնային եղանակով հարկային մարմին է ներկայացնում պարտադիր կուտակային վճարի տարեկան անձնավորված հաշվարկ:

3. Գործատուները «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում անձնավորված հաշվարկ:”

Միաժամանակ Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ Օրենքով մասնակիցների (նրանց փոխարեն կուտակային վճարի հաշվարկման և փոխանցման պարտականություն ունեցող անձանց` հարկային գործակալների) համար պատասխանատվության միջոցները սահմանված են բացառապես 76-րդ հոդվածով, որը փաստացի կասեցված է:

Օրենքի 14-րդ` պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար գլխի մյուս` 77-85 –րդ հոդվածներով սահմանվում են պատասխանատվության և պատժի միջոցներ կուտակային համակարգի այլ մասնակիցների` կառավարիչների, պահառուների նկատմամբ:

Այսինքն գործատուները, որպես հարկային գործակալ, ներկայումս չունեն որևէ պարտավորություն պարտադիր կուտակային վճարներ հաշվարկելու և առավել ևս պահելու իրենց աշխատակցներն վճարվող ԱՎՈՒՄ գումարներից:

Ավելին` Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ Օրենքի վերը գրված դրույթների համաձայն գործատուները կրում են կուտակային համակարգի մասնակիցների համար կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականություն:

Միաժամանակ Իրավական ակտերի մասին ՀՀ Օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն “3. Նորմատիվ իրավական ակտերում չպետք է կիրառվեն նորմեր, որոնց կատարումն անհնար է կամ անընդունելի, կամ որոնց չկատարման համար իրավական հետևանքներ նախատեսված չեն:” , իսկ 10-րդ կետի առաջին պարբերության համաձայն “10. Այն պայմանների թվարկման ժամանակ, երբ բոլոր թվարկված պայմանների առկայությունը պարտադիր է, չի կարող կիրառվել «կամ» շաղկապը: Այս դեպքում պետք է կիրառվեն «և» կամ «ու» շաղկապները:”: Նույն հոդվածի նույն կետի երրորդ պարբերության համաձայն “Եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «և» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է:”:

Ինչպես տեսնում ենք Կուտակային կենսաթոշակների Մասին ՀՀ Օրենքի վերը թվարկված դրույթի համաձայն գործատուն կրում է հաշվարկելու և փոխանցելու պարտականություն միաժամանակ և ոչ թե առանձին առանձին: Տվյալ պարագայում Օրենքի այդ նորմի կիրառումը կարող է և պետք է տեղի ունենալ միայն և միայն միաժամանակ:

Թվարկված իրավական ակտերի վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ ՍԴ համապատասխան որոշման առկայության պարագայում, երբ պարտադիր կուտակային համակարգի “մասնակիցները” և որպես հարկային գործակալ` գործատուները պատասխանատվություն չեն կրում կուտակային վճարների` կամուրջ հաշիվների փոխանցման համար ` պարտադիր կուտակային վճարների հաշվարկման պարտականությունն ինքնին վերանում է:

Ստացվում է, որ նման պարտականություն պարզապես գոյություն չունի, որքան էլ որ խնդրին առնչվող տարբեր կողմերը հայտարարեն այդպիսի պարտականության առկայության մասին:

Առավել ավելորդ են կուտակային վճարների աշխատողների աշխատավարձից այնուամենայնիվ պահելու, սակայն կամուրջ հաշիվներին չվճարելու անհրաժեշտության մասին պնդումները:

Միաժամանակ այն գործատուների գործողություններն ովքեր կհաշվարկեն, ԱՎՈՒՄ գումարներից կպահեն, սակայն կամուրջ հաշիվներին չեն փոխանցի պարտադիր կուտակային վճարները, ըստ էության ապօրինի են: Դրանով խախտվում է ՀՀ Սահմանադրությունը և ոտնահարվում իրենց աշխատակից հանդիսացող քաղաքացիների օրինական իրավունքները:

Նախ պետք է նշել, որ Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ Օրենքում բացակայում է գործատուների կողմից կուտակային վճարի ՊԱՀՈՒՄ  հասկացությունը: Միաժամանակ սահմանված վճարը աշխատակիցների սեփականությունն է և եթե գործատուն հաշվարկում, սակայն կամուրջ հաշվին չի փոխանցում նշված գումարը ստացվում է, որ փաստացի տնօրինում է ուրիշի սեփականություն հանդիսացող դրամական միջոցները` հնարավոր է նույնիսկ անհիմն հարստանում: Իսկ հաշվարկել և փոխանցել կուտակային վճարները տվյալ պարագայում գործատուն կարող է միայն և միայն իր աշխատակցի համաձայնությամբ:

Այս պարագայում, ՊԵԿ տարբեր պաշտոնյաների պնդումները պարտադիր կուտակային վճարների հաշվարկման և պահման, ինչպես նաև հաշվարկի ներկայացման ու հաշվարկված թվերի` դրանում արտացոլման անհրաժեշտության մասին փաստացի որևէ իրավական հիմնավորում չունեն:

Վերջիններիս պահանջները ճիշտ են միայն հաշվարկի ներկայացման անհրաժեշտության մասով, քանի որ կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ Օրենքն այս մասով հղում է կատարում Եկամտային հարկի մասին ՀՀ Օրենքին: Վերջինիս մասին ՍԴ որևէ որոշում չի ընդունել: Միաժամանակ Վարչական իրավախախտումների մասին ՀՀ Օրենսգրքով սահմանված է տուգանք Օրենքով նախատեսված հաշվարկ հաշվետվությունների չներկայացման համար:

Այս պարագայում գործատուները պարտավոր են ներկայացնել Եկամտային հարկի մասին ՀՀ Օրենքով սահմանված` ՊԵԿ կողմից ընդունված ձևով հաշվարկ հաշվետվությունները, սակայն նրանք կարող ներկայացնել պարտադիր կուտակային վճարների մասով զրոյական հաշվետվություններ, եթե իրենց աշխատակիցները կամ դրանց մի մասը չեն ցանկացել, այնուամենայնիվ, կատարել պարտադիր վճարումները:

Տվյալ իրավիճակում ՊԵԿ կողմից փաստացի սահմանափակվում է տնտեսվարողների իրավունքը` ներկայացնելու հաշվարկ հաշվետվություններն, քանի որ (ինչպես նշեցի վերևում) ՊԵԿ հաշվարկ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը հնարավորություն չի տալիս ներկայացնելու Եկամտային հարկի հաշվետվություն հաշվարկներն առանց պարտադիր կուտակային վճարների մասին և փաստորեն անկախ հաշվարկը ներկայացնողի ցանկությունից ինքնուրույն, ավտոմատ կերպով լրացնում` հետևաբար որպես պարտավորություն հաշվարկում է պարտադիր կուտակային վճարների գումարը:

Ստեղծված իրավիճակում գործատուները, որոնց աշխատակիցները հիմք ընդունելով ՍԴ աշխատակարգային որոշումը առայժմ չեն ցանկանում կատարել պարտադիր կուտակային վճարումները կարող են և պետք է կատարեն հետևյալ գործողությունները.

  • Աշխատողների համար հաշվարկվող ԱՎՈՒՄ գումարից չհաշվարկել, կամուրջ հաշիվներին չվճարել պարտադիր կուտակային վճարները: Աշխատողների աշխատավարձի գումարը հաշվարկել, հաշվապահորեն ձևակերպել և վճարել սահմանված կարգով (ինչպես եղել է մինչ այժմ)` պահելով միայն Եկամտային հարկի մասին ՀՀ Օրենքով սահմանված դրույքաչափերով հաշվարկված եկամտային հարկի գումարները:
  • Պաշտոնական գրությամբ դիմել ՊԵԿ, պահանջելով հնարավորություն ստեղծել ներկայացնելու Եկամտային հարկի մասին ՀՀ Օրենքով սահմանված ձևի հաշվարկ հաշվետվությունները (Այդ թվում անձնավորված) առանց պարտադիր կուտակային վճարների գումարների արտացոլման (կուտակային վճարների հաշվարկման բազան զրոյական նշելու կամ կուտակային վճարների գումարները զրոյական նշելու հնարավորությամբ):
  • Իսկ ՊԵԿ կողմից նախորդ կետում նշված հնարավորությունը չստեղծելու պարագայում չհանձնել հաշվետվությունը համապատասխան գրությամբ դիմելով ՊԵԿ-ին իրենց նկատմամբ չկիրառել վարչական տուգանք, քանի որ հաշվետվություն հաշվարկները չեն ներկայացել ոչ իրենց մեղքով, կամ ներկայացնել հաշվարկ հաշվետվություններն` լրացուցիչ պաշտոնական գրությամբ տեղեկացնելով, որ իրականում ՍԴ համապատասխան որոշման հիման վրա պարտադիր կուտակային վճարների հաշվարկ չի կատարվել և այն կկատարվի կախված ՍԴ կողմից վերջնական որոշումից:

 

Քաղաքացի-Հարկատու-Բիզնես

Իրավապաշտպան կազմակերպություն ՀԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728