«Ոստիկանների գործողություններն առ այսօր եղել են, կան ու կլինեն օրինաչափ»,- Aravot.am-ին ասաց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ չցանկացավ պատասխանել Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի գործով դատարանի այսօրվա որոշման վերաբերյալ հարցերին: Ասաց` ինքը տեղյակ չէ, որ դատարանի նման որոշում կա, հետեւաբար չի ցանկանում խոսել:
Հիշեցնենք, որ դատարանն այսօր որոշեց բավարարել Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի դիմումը` պարտավորեցնել ՀՔԾ-ին հարուցել քրեական գործ օգոստոսի 2-ին քաղաքապետարանի դիմաց Կիվիրյանի նկատմամբ ոստիկանների ապօրինի գործողությունների փաստի առթիվ:
Վերջում փոխոստիկանապետը իր կարծիքը հայտնեց Արգիշտի Կիվիրյանի մասին. «Չեմ ճանաչում Արգիշտի Կիվիրյանին: Նա երեւի ոչնչով աչքի չընկնող ակտիվիստ է, որը պարզապես միշտ կարգ է խախտում: Ես այդպես եմ ճանաչում Արգիշտի Կիվիրյանին, որը աչքի է ընկել զազրախոսելով ոստիկանների հետ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը`civilnet.am-ից