Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցով Չեխիայում գտնվելու ընթացքում մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկկողմ փաստաթղթեր են ստորագրվել։ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը և Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարար Սվատոպլուկ Նեմեչեկը ստորագրել են առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության համաձայնագիրը։ Համաձայն դրա փոխհամագործակցություն կընթանա բավական լայն շրջանակներում` համակարգի բարեփոխում, բժշկական տարբեր ծառայությունների զարգացում, հանրային առողջության պահպանում և զարգացում, բժշկագիտական հետազոտություն, դեղագիտություն, մասնագիտական ուսուցում և վերապատրաստում, փոխայցելություններ, աշխատանքային շփումներ, փորձի, տեղեկատվության, վիճակագրության, առողջապահական օրենսդրական փաստաթղթերի և լավագույն հմտությունների փոխանակում և այլն։
«Չեխիայի առողջապահական համակարգը Եվրոպայում լավագույններից մեկն է համարվում։ Այդ երկրում արձանագրվել են մակական և մայրական մահացության եվրոպական ամենացածր ցուցանիշները, բավական զարգացած են սրտանոթային, ուռուցքաբանության, օրգանների և հատկապես ոսկրածուծի փոխպատվաստման և բժշկական մի շարք այլ ծառայություններ։ Նրանց փորձն ու հետագա մասնագիտական համատեղ ծրագրերը խիստ օգտակար կլինեն նաև Պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական մեր կենտրոնում ոսկրածուծի փոխպատվաստման ծառայության կազմակերպման ու արդյունավետ գործունեության համար։
Ի դեպ, Պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական մեր կենտրոնը փոխհամագործակցության հուշագրեր է ստորագրել Պրահայի Արյունաբանության և արյան փոխներարկման ինստիտուտի և «Ֆուլ Մեդիքըլ Սերվիսես» չեխական նորարարական ընկերության հետ, որը տեխնոլոգիաներ է մշակում մարդկային ցողունային բջիջների երկարաժամկետ պահպանման և օգտագործման համար։ Դրանք ևս կնպաստեն Հայաստանում ոսկրածուծի փոխպատվաստման ծառայության կայացմանը և զարգացմանը, ինչպես նաև ցողունային բջիջների փոխպատվատման կիրառմամբ տարբեր հիվանդությունների բուժման նոր մեթոդների ներդրմանը։
Պրահայում ստորագրված համաձայնագրերը ոչ միայն կխթանեն երկու երկրների առողջապահության համակարգերի համագործակցության ամրապնդմանը, այլև դրանց հզորացմանն ու առաջընթացին։
ՀՀ առողջապահության նախարարություն