Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ճանապարհային քարտեզը» «խփում է» քաղաքացու գրպանին

Փետրվար 03,2014 17:43

«Այս ճանապարհային քարտեզ կոչվածը ուղղակի Հայաստանի ինքնուրույնության և ինքնիշխանության կորստի ճանապարհային քարտեզ է»,-Aravot.am-ի խնդրանքով գնահատելով Մաքսային միությանը (ՄՄ) Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը»՝ այսպես պատասխանեց «Քաղաքական միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Նա, հղում կատարելով ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարին, ասաց, թե «ինքը խոստովանել է, որ այլևս առևտրային հարաբերություններ Եվրամիության հետ Մաքսային միություն կոչվածը պիտի վարի»:

Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով` «այս փաստաթղթով կետ առ կետ խախտված են բոլոր անթույլատրելի կարմիր գծերը, և դա լրացուցիչ բեռ է Հայաստանի համար, «խփում է» ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու գրպանին»:

Նկատելով, որ ՌԴ-ն հիմա բավականին ծանր տնտեսական վիճակում է գտնվում, փորձագետն ասաց. «Եթե ՌԴ-ն իր վարած քաղաքականությամբ ինքն իրեն դեպի գերեզման է տանում, մենք էլ հետևից չպետք է գնանք»: Ակնառու է փաստաթղթի 20-րդ կետը, որով սահմանվում է, որ ՄՄ անդամ չհանդիսացող պետությունների հետ ՀՀ-ի կողմից կնքված համաձայնագրերը պետք է համապատասխանեցվեն ՄՄ իրավապայմանագրային բազայի հետ:

Այս առիթով պարոն Մեհրաբյանն ասաց. «Մենք հանձնվել ենք այդ միջպետական կոչված կառույցին, որը ինքը Ռուսաստանն է, այստեղ միջպետականի մասին խոսք լինել էլ չի կարող»:

Ամփոփելով՝ Ռուբեն Մեհրաբյանն ասաց. «Ուղղակի հրապարակվեց այսպես ասած ապացույցը, թե մենք ինչ խայտառակ քայլի ենք դիմել ու ինչ խայտառակ գործընթացի մեջ ենք մտել սկսած սեպտեմբերի 3-ից»:

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը կարծում է, որ ՀՀ ինքնիշխանության հարցը «ճանապարհային քարտեզի» հրապարակմամբ չէր որոշվելու ու շեշտում է. «Դա բխում է այն քաղաքականությունից, որը վարվում է Սերժ Սարգսյանի կողմից: Դա նախաձեռնողական քաղաքականությունն էր, որի շնորհիվ ՀՀ-ն մաս-մաս կորցնում է ինքնիշխանությունը: Սկզբում ֆուտբոլային դիվանագիտությունը, հետո եվրաասոցացումը, հիմա էլ արդեն Գյուլիստանի պայմանագրին հավատարմություն տալը: Մաքսային միությունը հետևանքն էր արևմտամետ ավանտյուրայի, դա հետևանքն էր ներքին այն քաղաքականության, որը վարում են Սերժ ու Տիգրան Սարգսյանները: Փաստաթղթով Հայաստանը ինքնիշխանություն չի կորցնում, Հայաստանը ինքնիշխանություն է կորցնում, երբ ստեղծում են մեկ օլիգարխի տնտեսություն, երբ հարկերով ճնշում են բիզնեսին, կուտակայինով ուզում փայ մտել բոլորի աշխատավարձերի մեջ»:

Անդրադառնալով «Ճանապարհային քարտեզի» վերոնշյալ 20-րդ կետին` պարոն Թևանյանն ասաց. «Տնտեսական առումով նույն եվրոպական և այլ երկրների հետ հարաբերությունները պետք է կանոնակարգվեն Մաքսային միության հետ: Ի դեպ, նույնը լինելու էր նաև եվրաասոցացման պայմանագրի դեպքում, ուղղակի այդ դեպքում պատերազմի և ղարաբաղյան գործընթացները կարագանային, իսկ հիմա դանդաղ կերպով են լինելու: ՀՀ-ն արձանագրել է, որ այնքան է թուլացել, որ այլևս վերպետական մարմնի միջոցով պետք է հարաբերվի այլ երկրների հետ: Սա ամրագրված էր նաև Բաղրամյան 26-ի քարոզչամեքենա Զորի Բալայանի տխրահռչակ նամակում: Դրանով իսկ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե տրվում եմ Կրեմլին, եւ սա «անկախ» լրատվամիջոցների արևմտամետ հռչակված Սերժ Սարգսյանը»:

Մեր ամփոփիչ հարցին` ի վերջո «ճանապարհային քարտեզը» բխո՞ւմ է, թե՞ ոչ` ՀՀ-ի շահերից, Անդրանիկ Թևանյանը պատասխանեց այսպես. «ՀՀ շահերից չի բխում այն քաղաքականությունը, որը վարում են Սերժ ու Տիգրան Սարգսյանները: Մնացածը հետևանքներ են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728