Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոչ են անում ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի գազային պայմանագրի մութ կետերը

Փետրվար 03,2014 16:59

Ազգային ժողովի չորս խմբակցություններ՝ բացի ՕԵԿ-ից եւ ՀՀԿ-ից, այսօր Ազգային ժողովի նիստում հանդես եկան օրենսդրական նախաձեռնությամբ՝ Հայաստանի Հանրապետության գազամատակարարման ոլորտում 2011 թվականից պետական պարտքի եւ գազի գների ձեւավորման ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին:

Հարցը ներկայացրեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, որն ասաց, թե 49 պատգամավորների ստորագրությամբ ԱԺ նախագահին հանձնված նախագծով նախատեսվում է ստեղծել հանձնաժողով, որը կպատասխանի «մեր հանրապետության ամենամութ, ամենախորհրդավոր պայմանագրի»՝ դեկտեմբերի 23-ին արտառոց ձեւով ընդունված գազային պայմանագրի վերաբերյալ մի շարք հարցերի, այդ թվում՝ ինչո՞ւ, ինչպե՞ս եւ ինչի՞ հաշվին ստեղծվեց այն 300 մլն դոլարի պարտքը, որը փակելու համար «Հայռուսգազարդի»՝ ՀՀ կառավարությանը պատկանող 20% բաժնեմասն օտարվեց «Գազպրոմին»: Բացի այդ, լուրջ հարց է՝ այդ ինչպե՞ս է սահմանի վրա 189 դոլար արժողությամբ գազը սպառողներին հասնում եւս 204 դոլարով ավելի թանկ՝ յուրաքանչյուր խորանարդ մետրի համար:

Արամ Մանուկյանին հարցեր տալով՝ պատգամավորները այլ շեշտադրումներ էլ էին անում, մասնավորապես՝ պայմանագրի 30 տարով կնքման սահմանադրականության հարցը եւ այլն, ինչին ի պատասխան ՀԱԿ խմբակցության քարտուղարը նկատեց, որ իրենք միայն իրավական խնդիրներ են ներառել այս ժամանակավոր հանձնաժողովի քննարկելիք խնդիրների շրջանակում, որպեսզի ՀՀԿ-ն քաղաքական երանգ տալով՝ «չբոյկոտի, չտորպեդահարի» հանձնաժողովի ստեղծումը:

Ի պատասխան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց՝ բա ինչո՞ւ ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հետ չէիք քննարկում հանձնաժողովի ստեղծման հարցը, իսկ հիմա ակնկալում եք մեր աջակցությունը: Արամ Մանուկյանն ասաց, որ չէին նկատել ՀՀԿ-ական պատգամավորների կողմից պատրաստակամություն՝ այս հարցերին անդրադառնալու, բայց հիմա կոչ են անում՝ ընդառաջել եւ ստեղծել հանձնաժողով, քանի որ հենց ՀՀԿ-ականներին էլ պետք է հետաքրքրեն այն բոլոր հարցերը, որոնք դրված են հանձնաժողովի առջեւ:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728