Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Զաքարյան. «Համահայկական ձմեռային 1-ին խաղերի անցկացման վերջնական որոշումը կայացվել է Ստեփանակերտում»

Փետրվար 03,2014 15:29

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի բացառիկ հարցազրույցը «Առավոտ»-ին:

Փետրվարի 24-ից մարտի 2-ը Ծաղկաձորում անցկացվելու են Համահայկական ձմեռային 1-ին խաղերը:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը բացառիկ հարցազրույց է տվել «Առավոտ»-ին:

– Պարոն Զաքարյան: Ամառային մարզաձեւերից հինգ Համահայկական համաշխարհային խաղեր են անցկացվել: Ձմեռային առաջին անգամ է կազմակերպվում: Ինչպե՞ս կայացվեց այդ որոշումը:

– Նախ, ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը ձմեռային մարզաձեւերի շատ լավ ավանդույթներ եւ բարձր արդյունքներ չունի: Հայ մարզիկները մրցումների մասնակցել են «կարեւորը մասնակցությունն է» օլիմպիական նշանաբանով: Այնպես որ, Համահայկական ձմեռային 1-ին խաղերում էլ շատ բարձր արդյունքներ չեմ ակնկալում:

Համահայկական խաղերի գաղափարը Սփյուռքի երիտասարդությանը Հայաստան բերելն է, Հայաստանի մարզական կազմակերպությունների եւ ընդհանրապես Հայաստանի հետ կապելն է սպորտի միջոցով: Դրա համար էլ մեր կարգախոսն է. «Միասնություն` սպորտով»:

Ինչ վերաբերում է որոշում կայացնելուն, Համաշխարհային կոմիտեի անդամները պարբերաբար խոսում էին նաեւ Ձմեռային խաղեր կազմակերպելու մասին: Որպես գաղտնիք` ասեմ, որ այն ժամանակ այս մտքի ամենամեծ ընդդիմադիրը, թերեւս, ես եմ եղել, ասելով, որ հարկավոր է, որպեսզի առնվազն 10 պետությունից լինեն շուրջ 100 մասնակիցներ, որպեսզի կարողանանք այդ խաղերը կազմակերպել: Այս թեմայով ամենալուրջ խոսակցությունը եղավ երկու տարի առաջ` Կիպրոսի համաժողովում: Բոլորն էլ տպավորված էին ամառային 5-րդ խաղերի անցկացման մակարդակով ու այդ տրամադրության առկայության պայմաններում խոսվեց Համահայկական խաղերի շրջանակներում ձմեռային մարզաձեւերից էլ մրցումներ անցկացնելու շուրջ: Եվ, ի զարմանս ինձ,  մոտ 17-18 պետությունների մեր ներկայացուցիչները հայտարարեցին, թե կան հայազգի մարզիկներ, որոնք կարող են մասնակցություն ունենալ ձմեռային մարզաձեւերի մրցումներին: Կիպրոսում վերջնական վճիռ չկայացվեց: Որոշեցինք, որ խնդիրը պահում ենք օրակարգում, աշխարհի տարբեր ծայրերում աշխատող մեր ներկայացուցիչներից հավաքում ենք տվյալները, մշակում, տեսնում, թե ինչ է ստացվում եւ հաջորդ խորհրդակցությունում վերջնական որոշում կայացնում: Եվ անցած տարի Ստեփանակերտում հրավիրված համաժողովը որոշեց 2014 թվականի փետրվարի երկրորդ կեսից մարտի սկիզբն ընկած ժամանակահատվածում (ժամկետներն արդեն հստակ են. փետրվարի 24-ից մարտի 2-ը) Ծաղկաձորում կազմակերպել Համահայկական համաշխարհային 1-ին ձմեռային խաղերը:

  Իշխան Զաքարյանի հետ բացառիկ հարցազրույցն ամբողջությամբ կտպագրվի «Առավոտ» օրաթերթի առաջիկա համարներից մեկում:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728