Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. «Յուրաքանչյուր երթուղի պետք է առանձին-առանձին ուսումնասիրել և վերացնել թերությունները

Փետրվար 03,2014 15:22

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մանկապարտեզներում մատակարարվող սննդի որակի ապահովման նպատակով նախորդ շաբաթ հանրակրթության և վերահսկողության վարչությունների աշխատակիցների կողմից շարունակվել են անակնկալ ստուգայցերը մանկապարտեզներ: Զեկուցվել է նաև, որ 25 մանկապարտեզում իրականացված ստուգայցերի արդյունքում պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող սննդամթերքի մատակարարման դեպքեր չեն արձանագրվել: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել խիստ վերահսկողությունը՝ բացառելով պայմանագրային պարտավորությունների խախտման որևէ դեպք:

«Այս հարցում պետք է ցուցաբերել սկզբունքային կոշտ մոտեցում և բացառել սահմանված նորմերին չհամապատասխանող սննդի մատակարարումը մանկապարտեզներ: Բազմիցս ասել եմ ու նորից կկրկնեմ, որ հատկապես երեխաներին մատակարարվող սննդի որակի ապահովման հարցում մեր դիրքորոշումն ու ձեռնարկվող քայլերը եղել ու լինելու են կոշտ, ընդհուպ մատակարարների հետ պայմանագրերը խզելով և տվյալ ընկերություններին օրենքով սահմանված կարգով «սև» ցուցակ գցելով: Այս հարցում որևէ մեկին ներում չի լինելու, ուստի, գնումների գործընթացում շահած հատկապես նոր ընկերություններին խստորեն նախազգուշացրեք կատարել ստանձնած պայմանագրային պարտավորություններն ու սահմանված նորմերից որևէ շեղում թույլ չտալ»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության՝ փետրվարի 14-ին հայտարարված մրցույթի հետ կապված զեկուցվել է, որ, չնայած հայտերի ընդունման վերջնաժամկետ սահմանված է փետրվարի 6-ը, մրցույթին մասնակցելու որևէ հայտ առայսօր չի ստացվել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մինչև վերջնաժամկետ շարունակել հանրային իրազեկման աշխատանքները:

Անդրադառնալով ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների կողմից սահմանված չվացուցակներով երթուղիների սպասարկման պայմանագրային պարտավորության ապահովման հարցին՝ քաղաքապետը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին խստորեն վերահսկել գործընթացը:

«Ավտոբուսային և միկրոավտոբուսային յուրաքանչյուր երթուղի պետք է առանձինառանձին ուսումնասիրել և վերացնել թերությունները: Տնտեսվարողների կողմից բերվող այս կամ այն պատճառաբանությունը մեզ համար չի կարող ընդունելի լինել: Դա պայմանագրային պարտավորություն է, և նրանք պետք է կատարեն այն: Մեզ համար առաջնահերթը եղել և մնում է մեր բնակիչների պատշաճ սպասարկումը: Ըստ այդմ, նախ խստորեն պահանջեք նրանցից պատշաճ կատարել ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև իրազեկեք, որ դրանք չկատարելու դեպքում, օրենքով սահմանված կարգով, քաղաքապետարանը կվերանայի տվյալ տնտեսվարողի հետ կնքված պայմանագրերը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Օբյեկտներին հարակից տարածքների պարտադիր բարեկարգման կարգը հաստատելու մասին Երևանի ավագանու համապատասխան որոշման պահանջների կատարման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասով հանձնարարվել է շարունակել պարտադիր բարեկարգման կանոնների մասին պատշաճ իրազեկումը՝ տնտեսվարողների կողմից տարընկալումները բացառելու նպատակով:

Հանձնարարվել է նաև համապատասխան աշխատանքներ տանել և աջակցել փետրվարի 24-ից Երևանում մեկնարկող համահայկական ձմեռային խաղերի կազմակերպման և անցկացման հարցերում:

Խորհրդակցության ավարտին, ըստ ոլորտների, ներկայացվել են քաղաքապետարանի կառուցվածքային որոշ ստորաբաժանումների 2013 թվականի տարեկան հաշվետվությունները՝ կատարված աշխատանքների և նախորդ տարիների հետ համեմատության կտրվածքով:

Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է հանրակրթության, մշակույթի և տուրիզմի, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության և սպորտի բնագավառում կատարված աշխատանքները:

Այնուհետ քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ներկայացրել է առողջապահության, առևտրի և սպասարկումների, արտաքին ձևավորման և գովազդի, ինչպես նաև «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի կողմից նախորդ տարվա շրջանակում կատարված աշխատանքների հաշվետվությունները:

Ի դեպ, առաջիկա չորեքշաբթի օրը Դավիթ Օհանյանը մամլո ասուլիսում նաև հանրությանը կներկայացնի կատարված աշխատանքների հաշվետվությունն ու 2014-ի անելիքները:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանն էլ ներկայացրել է 2013 թվականին քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերում իրականացված աշխատանքների հաշվետվությունները: Մասնավորապես, ներկայացվել է քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող «Մեկ պատուհան» համակարգում կատարված աշխատանքները, ինչպես նաև քաղաքացիների ընդունելությունների արդյունքները:

Ներկայացված հաշվետվությունները քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդունել է ի գիտություն և հանձնարարել է մյուս ոլորտների պատասխանատուներին ևս նախապատրաստվել` նույն սկզբունքով ներկայացնելու տարեկան հաշվետվությունները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Պե՛տք է, պե՛տք է, պե՛տք է՝
    Երբ գլուխն անպետք է…
    (առանց ընթերցելու)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728