Այսօր Կապանում ստորագրահավաք է մեկնարկել ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի եւ մյուս քաղբանտարկյալների ազատության: Վաղ առավոտից մեկնարկած ստորագրահավաքը նախաձեռնել էր կապանցիներից բաղկացած «Նախաձեռնող խումբը», որն անտարբեր չի երկրում ստեղծված ներկայիս իրավիճակի հանդեպ եւ արձագանքում է բնակիչներին մտահոգող խնդիրներին` ստորագրահավաքի կազմակերպման, ցույցերի անցկացման եւ այլ նախաձեռնությունների տեսքով: Ըստ «Նախաձեռնող խմբի» ներկայացուցիչ Գեւորգ Գասպարյանի` կապանցիները շատ ակտիվ էին եւ մինչեւ այս պահը 250 հոգի արդեն մասնակցել են ստորագրահավաքին:
«Այսօր բանտերում են նրանք, ովքեր ելել են յուրաքանչյուրիս ազատության, մարդկային արժանապատվության, երկրի անկախության համար: Մենք չենք կարող անտարբեր հանդիսատես լինել ու հաշտվել այս աղաղակող անարդարության հետ, ուստի մեր ստորագրությամբ պահանջում ենք դադարեցնել 21-րդ դարի մեր հայրենիքի ու քաղաքացիների համար ամոթալի քաղաքական հետապնդումը և ազատ արձակել քաղբանտարկյալներին; Ակնկալում ենք, որ կապանցիները կշարունակեն ակտիվ մասնակցել», – նշեց Գեւորգ Գասպարյանը:
Փետրվարի 3-ին մեկնարկած ստորագրահավաքը, ըստ կազմակերպիչների, կշարունակվի նաեւ առաջիկա օրերին:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ