Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես ընկնել, որ լուրջ վնասվածք չստանալ (Տեսանյութ)

Փետրվար 03,2014 15:11

Կան կոտրվածքի տեսակներ` ազդոսկրի վզիկի եւ այլն, որոնց վիրահատությունը բավականին թանկ արժե՝ 3-4 հազար դոլար, ուստի, եթե անգամ փողոցում ընկնելու եւ վնասվածք ստանալու հետեւանքով շտապօգնությունով էլ մարդուն տեղափոխեն հիվանդանոց, միեւնույն է՝ վիրահատության համար քաղաքացին պետք է վճարի:

Այսօր «Հենարան» ակումբում Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնի փոխտնօրեն Ռուբեն Գալստյանն ասաց, որ կոնկրետ այդ հատվածի վիրահատությունը հոդի պրոթեզավորման միջոցով է լինելու, հատկապես, եթե տուժողը մեծահասակ է:

Բժշկի տվյալներով, ողջ աշխարհում կոտրվածքներից մահացությունը 10 % է կազմում, Հայաստանում` 8 %: Կենցաղային վնասվածքները, որոնք ընդհանուր կոտրվածքների թվի մեջ 69 % -ն են կազմում, ըստ Ռուբեն Գալստյանի, ավելի թեթեւ են ընթանում, քան` ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառով տեղի ունեցած կոտրվածքները:

Վիճակագրությամբ 2-րդ տեղում փողոցներում ընկնելու հետեւանքով վնասվածքներն են, որոնք այս տարի շատ էին, քանի որ, բժշկի խոսքերով, փողոցները վատ էին մաքրվում ձնից ու սառույցից: Բժիշկ Գալստյանը խորհուրդ է տալիս ընկնելիս ոչ թե փորձել ոտքերի վրա կանգնել, այլ կողքի ընկնել, որպեսզի լուրջ վնասվածք ավելի քիչ հասցվի: Իսկ կոշիկներ ընտրելիս ձմռանը պետք է առաջնորդվել ոչ թե «թիթիզությամբ», այլ` հարմարավետությամբ: Ըստ բժշկի, երիտասարդները հիմնականում կոտրվածքներ ստանում են շտապելու եւ ոչ ճիշտ կոշիկներ կրելու հետեւանքով: Նրա մեկնաբանությունները` տեսանյութում

 

Կան կոտրվածքներ, որոնք չվիրահատելու դեպքում, պարոն Գալստյանի հավաստմամբ, բերում են դանդաղ մահվան, հատկապես մեծահասակների պարագայում: Նրա տվյալներով, անցյալ տարի հանրապետությունում գրանցվել է 50-52 հազար կոտրվածք:

Խոշոր ոսկորների կոտրվածքների դեպքում կամ համավճար է գործում, կամ նայած թե ինչ աստիճանի է կոտրվածքը` պետպատվերի շրջանակներում է հիվանդը բուժվում:

 

Հարցին, թե ի՞նչ պետք է անել, երբ մարդն ընկած է եւ որ դեպքում ինչպիսի՞ բուժօգնություն պետք է ցուցաբերել, բժիշկ Գալստյանն ասաց, որ նախ պետք է ճշտել՝ մարդը գիտակցություն ունի՞ եւ կարո՞ղ է ադեկվատ պատասխանել հարցերին, ապա վնասված հատվածը պարզելուց հետո, պետք է նրան անշարժացնել, մինչեւ որ կժամանի շտապօգնությունը: Սակայն, եթե տուժածի կյանքին այդ պահին վտանգ է սպառնում, նրան պետք է տեղափոխել ավելի անվտանգ վայր, հետո միայն կատարել այդ գործողությունները:

Ռուբեն Գալստյանի մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում.

 

Ըստ բժշկի՝ մեծահասակների մոտ կոտրվածքները լինում են ոսկորների փխրունության հետեւանքով: Ոսկորներում կալցին վերականգնելու համար, նա խորհուրդ է տալիս ոչ թե ձվի կեղեւ ուտել, ինչի պարբերաբար օգտագործումը վնաս է հասցնում աղեստամոքսային տրակտին, այլ` բժշկի նշանակմամբ կալցիում խմել: Սննդի միջոցով կալցին վերականգնելու լավ եղանակ է քունջութի եւ կաթնամթերքի օգտագործումը:

Պարոն Գալստյանը նաեւ նշեց, որ մարզերում վնասվածքաբանի դեֆիցիտ կա եւ ոչ բոլոր մարզերը կամ բուժհիմնարկները ապահովված են մասնագետներով, ինչի առկայությունը հատկապես աղետների եւ պատերազմի ժամանակ խիստ անհրաժեշտ է:

Ժողովրդական մեթոդներով բուժումներին բժիշկը եւս դեմ է, չի կարելի կոտրված վերջույթին «աղով խառնած սոխ» դնել եւ այլն, քանի որ Ռուբեն Գալստյանի խոսքերով, վիճակն ավելի է բարդացնում. «Կամ էլ՝ վերքերին շատ հաճախ կարագ են քսում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728