Լրահոս
Օրվա լրահոսը

Տյառնընդառաջ տոնին ընդառաջ միջոցառումների շարք է կազմակերպվելու

Փետրվար 03,2014 15:02

«Ներկա քրիստոնյաներս կոչված ենք Քրիստոսին ընդառաջ գնալու, եւ Աստծուն ընդառաջ գնալ նշանակում է ընդառաջ գնալ եկեղեցուն, ընդառաջ գնալ մեր նմանին, ընդառաջ գնալ այն ժառանգությանը, որը մենք ենք ժառանգել»,- փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Հավատամք» հոգեւոր կենտրոնի հոգեւոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը:

«Հավատամք» հոգեւոր կենտրոնի նախաձեռնությամբ, փետրվարի 4-ից սկսված՝ Տյառնընդառաջ տոնին ընդառաջ, կազմակերպվելու է միջոցառումների շարք: Այդ միջոցառումների շարքի շրջանակներում տեղի կունենա «Հավատամք» հոգեւոր կենտրոնի եւ նրա կայքի բացման արարողությունը, «Նորից այնտեղ՝ մեր տուն» ֆիլմի ցուցադրությունը, համերգային ծրագիր, որի ընթացքում ելույթ կունենան Ալլա Լեւոնյանը, Արսեն Գրիգորյանը, Սոֆի Մխեյանն եւ այլք:

Տասնօրյակի ընթացքում տեղի կունենա նաեւ «Խոկման» արարողություն, «Հավատամք» երգչախմբի եւ պարախմբի բեմելը, նաեւ այցելություն տեսողության խնդիրներ եւ արյան համակարգի հիվանդություններ ունեցող երեխաներին, զորամաս եւ ծերանոց: Միջոցառումների շարքն ունենալու է «Ընդառաջ Աստծո, ընդառաջ սիրո» խորագիրը:

Այն հարցին, թե Տյառնընդառաջ տոնի ընթացքում արդյոք կա՞ն սովորություններ, որ պետք է բացառել, Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը պատասխանեց, որ եկեղեցին ժողովրդական արարողություններին դեմ չէ.

«Հնարավոր է եկեղեցիների բակում խարույկ վառել, մարդը կարող է իր բնակարանի առջեւ խարույկ վառել: Անշուշտ, ուրիշ մի բան է, որ խարույկավառության նկատմամբ ժամանակին հեթանոսական զգացումների արտահայտման առումով պաշտամունք է եղել, ինքը ընդամենը ժողովրդական սովորություն է: Եթե հոգեւոր բովանդակությունը ճիշտ է շեշտադրված, դա մի գեղեցիկ ավանդություն է. խարույկ վառել, ջերմանալ, լուսավորվել»:

Տյառնընդառաջը Հայ Առաքելական եկեղեցու անշարժ տոներից մեկն է: Տյառնընդառաջը բացատրվում է՝ «Ընդառաջ գնալ Տիրոջը»: Փետրվարի 13-ի երեկոյան կատարվում է ժամերգություն, որից հետո եկեղեցիներում վառված մոմերից հավատացյալները վառում են իրենց ճրագները եւ տուն տանում: Փետրվարի 14-ին՝ առավոտյան, մատուցվում է Սուրբ եւ Անմահ Պատարագ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728