Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն չկարողացավ «կուլ տալ», որ չորս հոգով 70 հոգանոց խմբակցությանը «ֆռռացրեցին»

Փետրվար 03,2014 14:57

«ԱԺ կառուցվածքը այնպիսին է,որ քաղաքական մեծամասնությունը պատասխանատու է ամեն ինչի համար»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը`անդրադառնալով ԱԺ կանոնակարգ օրենքում իր առաջարկած փոփոխություններին, որոնք վերաբերում են ԱԺ հաշվիչ հանձնաժողովի կազմին:

Ընդդիմության հետ նախկին համաձայնությունը, որի ընթացքում այդ հանձնաժողովում ընդդիմադիրները մեծամասնություն էին կազմում, Գալուստ Սահակյանը  բացատրեց այսպես. «Մենք համաձայնեցինք ընդդիմության մեր ընկերների հետ, որպեսզի տարաձայնություններ չլինեն ու մեծամասամբ իրենք հանձնաժողովի անդամ լինեն»:

Քաղաքական մեծամասնության դիրքորոշման փոփոխությունը ՀՀԿ խմբակցության ղեկավարն այսպես բացատրեց. «Իսկ ամեն ինչը ծագեց նրանից` ոչ թե այդ դժգոհությունը քվեարկության քարտերի, ոչ թե ձեռքով քվեարկելը, այլ դրանից հետո մարդիկ փորձեցին 70 հոգանոց խմբակցությանը թելադրել, որ չորս հոգով կարող են հավաքվել՝ հանձնաժողովի նախագահ ընտրել և հասարակությանն էլ ներկայացնել, որ իրենք գործ են անում»:

Aravot.am-ի հարցին`փաստորեն ընդդիմությանն այդ ֆորմալ լծակից էլ զրկեցինք, Գալուստ Սահակյանն ասաց. «Հանձնաժողովը, փաստորեն, որոշելու խնդիր չունի. որոշում է նախագահ-քարտուղարի խնդիրը և այն բյուլետենները, որոնք կասկածելի է` անվավ են ճանաչում:Ստացվում է՝ նախադեպ ենք ստեղծում, որ մարդիկ կարող են գալ քվեարկել, ձայներ ստանան ու եթե հանձնաժողովը չորոշի, ապա ասենք նախագահ չի ընտրվի, տեղակալները չեն ընտրվի:Այնպես է արված, որ ժամանակավոր հանձնաժողովը պարզապես ֆիքսում է եղելությունը, ոչ թե որոշումը»:

Գալուստ Սահակյանն ասաց, որ ԱԺ կանոնակարգ-օրենքը հնարավորություն է ընձեռում, որպեսզի միայն կոալիցիոն ուժերից կազմվի Հաշվիչ հանձնաժողովը: Հետաքրքրվեցինք`հնարավո՞ր է ընդդիմադիրների տեղերը լրացվեն կոալիցիոն ուժերի ներկայացուցիչներով, քանի որ առաջարկի ընդունումից հետո ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները հայտարարեցին, որ Հաշվիչ հանձնաժողովում անդամներ չեն ներկայացնելու, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ դա քննարկելու խնդիր է: Բայց նման անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ հանձնաժողովում քվորում ապահովվում է ու խնդիր չի առաջանում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ինչ սարսափելի մարդ է։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728