Այսօր «Զարկերակ» ակումբում արաբագետ Արմեն Պետրոսյանը եւ քաղաքական վերլուծաբան Արամ Մանուկյանը խոսեցին սիրիական հակամարտության կարգավորմանը նվիրված «Ժնեւ 2» համաժողովի արդյունքների մասին:
Արմեն Պետրոսյանի ձեւակերպմամբ` երեք տարվա ընթացքում սիրիական ճգնաժամում են ներգրավվել արտաքին երեք խոշոր խաղացողներ. «Հիմա ճգնաժամի կարգավորման ճանապարհը փոխվում է, մոտենում է բանակցային փուլը: Այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում եւ Ժնեւում, բովանդակային առումով հակասական է: Ժնեւում ձեռք բերված պայմանավորվածությունները փաստացի իրականացնել դժվար կլինի: Իսկ Սիրիայի ներսում շարունակվում է այն իրավիճակը, ինչը որ կար»:
Արմեն Պետրոսյանը գտնում է`այն, որ Սիրիայի համար ստեղծվել է ինչ- որ գործընթաց, դա առանձնապես նշանակություն չունի, քանի որ ձեռնտու չէ, որ այդ հակամարտությունը հանգուցալուծվի:
Արամ Մանուկյանի խոսքով էլ` Ռուսաստանի դերը միջազգային ասպարեզում բավականին աճել է: Միջազգային խնդիրների լուծման մեջ Ռուսաստանի դերը գնալով մեծանալու է:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է «Ժնեւ 2» համաժողովին, ապա ըստ Արամ Մանուկյանի`այստեղ ի սկզբանե արդյունքներ գրանցելու համար բավարար նախադրյալներ չկար, ինչն էլ պայմանավորված էր նրանով, որ կողմերը պատրաստ չէին գնալ զիջումների, բացի այդ, ընդդիմությունն ամբողջովին ներգրավված չէր այդ գործընթացում:
«Բանակցություններում չափազանց կարեւոր դեր կարող էր ունենալ Իրանը, որը մեծ դերակատարություն ունի Սիրիայի հարցում: Իսկ ընդհանուր առմամբ գործընթացը կարելի է գնահատել դրական»,- նշեց Արամ Մանուկյանը:
Ամփոփելով «Ժնեւ 2»-ի արդյունքները` Արամ Մանուկյանն ասաց, որ կողմերը ելքեր գտնելու պատրաստակամություն վերահաստատեցին, իսկ ինչ վերաբերում է բանակցային գործընթացի հաջորդ փուլին, որը սկսվելու է փետրվարի տասին` շոշափելի տեղաշարժ թույլ կտա կողմերի միջեւ հետագա համագործակցությունը շարունակելու համար:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ