Քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը Շանթ Հարությունյանի ծննդյան օրվա առթիվ Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Շանթի հետ ես անազատության պայմաններում եմ հայտնվել՝ մարտի 1-ից հետո: Նույն տեղում գտնվեցի, նույն ժամանակամիջոցում, գտնվեցինք մոտ երկու տարի, մինչ նրա ազատ արձակումը:
Ես զարմացած էի, որ Շանթի նման պայծառ հայորդուն այդքան մոտիկից ծանոթացա: Բանտում չկա ավելորդ խաբկանք, սուտ, կա անկեղծություն, չորս պատի մեջ նույն բախտակցի կարգավիճակով:
Իրոք, Շանթը մեր ազգի երեւի ամենալավագույն դեմքերից է, սկսած իր հոր, հորեղբոր պայքարի իսկական շարունակողը: Բովանդակություն հաղորդող, այդ բովանդակությամբ ապրող հայորդի, որին ճանաչելն իմ համար պատիվ եմ համարում: Շանթին, որ ներկայացնում են հասարակությանը, թե հախուռն բնավորության տեր, մի քիչ «գժական», ոչ հավասարակշիռ մարդ է, ես կասեմ ուղիղ հակառակը: Շանթի չափ վերլուծական մտքի տեր, հայ քաղաքական մտքի գոհարը համարվելիք գաղափարներ արտահայտող մարդ, կրող մեկը, եթե ասեն թվիր, ես վերջին հարյուրամյակի մեջ չեմ կարող թվարկել: Նա ուղնուծուծով նվիրված է իր գաղափարներին, որոնք պետք է լինեն մեր բոլորի գաղափարները:
Իրոք, անհանդուրժելի վիճակում է գտնվում Հայաստանը, բոլորով պիտի ժամ առաջ այս մարդկանցից ազատվենք, եւ Շանթի ու նրա ընկերների ազատության համար յուրաքանչյուր քայլ մեզ կմոտեցնի հենց այն Հայաստանին, ինչի համար զոհվել են, ինչի համար հիմա եւ զոհաբերության են գնում՝ անազատության մեջ գտնվելով»:
Կարդացեք նաև
Երեկ , ի դեպ, Շանթի եւ նրա ընկերների տորթի հետ կապված կարճ անհամաձայնություն եղավ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եւ կազմակերպիչների միջեւ:
«Ձեր ակցիան արտոնված չէ, չի կրում օրինական բնույթ: Մենք բացատրել ենք, որ լիազոր մարմնի կողմից չունեք համապատասխան թույլտվություն»,- Վրեժ Զատիկյանին հանդիմանեց փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Վրեժ Զատիկյանը նրան առարկեց, ասելով. «Դա մեր հանդիպման ժամանակ հնչած՝ անհամաձայնությունն էր»: Եվ նկատել տվեց, որ հարյուր հոգի էլ չկային, եւ պարտադիր չէր թույլտվություն ստանալը:
Վ. Օսիպյանն ասաց. «Դուք լսեք: Սեղաններ եք դրել, ես խնդրում եմ սեղանները հանեք: Միջոցառում եք անում: Պատկերացնո՞ւմ եք, մեր մայրաքաղաքում ինչ-որ ակցիայի ժամանակ սեղաններ դրվեն, վրաններ»: Վրեժ Զատիկյանն ասաց՝ այո, պատկերացնում է:
Օսիպյանը հորդորեց՝ սեղանները հանեք. «Դուք գտնվում եք պատմամշակութային արժեք ունեցող հրապարակում, շինության հարակից տարածքում, որում նույնպես չի թույլատրվում»:
«Բա փակ շուկա՞ն»,-հարցրին փոխոստիկանապետին:
Վրեժ Զատիկյանը նշեց, որ ոստիկանությունում հայտնել է, որ անելու են միջոցառում, սակայն Օսիպյանն ասում է, որ նա սեղան դնելու մասին չի տեղեկացրել:
«Լավ չեմ ասել, չեմ ասել նաեւ, թե ինչ կոշիկ եմ հագնելու»,-հակադարձեց կազմակերպիչը: «Մենք ամեն օր տեսնում ենք, ով որտեղ ինչ ուզում անում է»,-ասաց Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը, ինչին Վ. Օսիպյանն ասում է՝ տարեք, ցույց տվեք:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Շնորհավոր ծնունդտ՝ ՇԱՆԹ։ Դու արդեն հաղթել ես, մնում է մենք միանանք քեզ։