Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ արդեն չի կարող «թաքցնել» ՄՄ Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը»

Փետրվար 03,2014 14:19

ՀՀ կառավարությունը հրապարակել է  Մաքսային միությանը (ՄՄ) Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը»։ Այն 262 կետից բաղկացած, 249 էջանոց ծավալուն փաստաթուղթ է: Բաղկացած է 2 հիմնական բաժիններից` «Մաքսային միություն» և «Միասնական տնտեսական տարածք», որոնք պարունակում են 10-ական ենթագլուխներ: Այդ ենթագլուխներով սահմանվում են կոնկրետ ոլորտներում կատարվելիք այն փոփոխությունները, որոնք բխում են ՀՀ-ի` Մաքսային միությանն անդամակցելու որոշումից: Փոփոխությունները կատարվելու են «Տեխնիկական կանոնակարգման», «Տրանսպորտի և ենթակառուցվածքների», «Առևտրային քաղաքականության», «Ֆինանսական քաղաքականության», «Բնական մենաշնորհների», «Էներգետիկայի», «Մրցակցային քաղաքականության և պետական (մունիցիպալ) գնումների», «Աշխատանքային միգրացիայի , «Արժութային քաղաքականության և ֆինանսական շուկաների» ու այլ ոլորտներում:

Փաստաթղթի առաջին կետով նախատեսվում է ՄՄ-ում մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այն միջազգային պայմանագրերի ցանկի արդիականացում, որոնց միանալը ՄՄ անդամակցելու հետ մեկտեղ ՀՀ-ի համար պարտադիր է:

«Ճանապարհային քարտեզի» 3-րդ կետով նախատեսվում է սահմանել ՀՀ այն նորմատիվ իրավական ակտերի ցանկը, որոնցում անհրաժեշտ է լինելու կատարել փոփոխություններ՝ դրանք ՄՄ օրենսդրությանը համապատասխանեցնելու համար: Կիրականացվի նաև ֆիզիկական անձանց կողմից ապրանքների եւ տրանսպորտային միջոցների տեղափոխման կարգի նախապատրաստում եւ կիրառում ու այս համատեքստում ՄՄ իրավական ակտերի ուսումնասիրություն եւ համապատասխան իրավական ակտի նախագծի մշակում:
ՄՄ մաքսային օրենսգրքին համապատասխան՝ կմշակվի արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը: Նախատեսվում է նաև մաքսային նույնականացման միջոցների փոխադարձ ճանաչմանն ուղղված միջոցների ձեռնարկում: Փաստաթղթում մատնանշվում է ՀՀ-ի և ՄՄ անդամ պետությունների հետ ընդհանուր սահմանի բացակայությունը և ըստ այդմ`սահմանվում է նույնականացման միջոցների շուրջ բանակցությունների վարում:

Փաստաթղթում ամրագրված է այն, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր է փոփոխության ենթարկվեն նաև մաքսային հսկողության իրականացման իրավական հիմքերն ու գործելակերպը, ինչի համար ՀՀ-ն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնագետների համար համապատասխան պայմաններ պետք է ապահովեն: Մշակվելու է նաև ՄՄ օրենսդրությանը համապատասխան մաքսային հսկողություն իրականացնելու կարգ: Հրապարակված փաստաթղթի 16-րդ կետից պարզ է դառնում, որ հնարավոր են փոփոխություններ նաև ՀՀ քրեական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությունում:

Ակնառու է նաև 20-րդ կետը, որով սահմանվում է, որ ՄՄ անդամ չհանդիսացող պետությունների հետ ՀՀ-ի կողմից կնքված համաձայնագրերը պետք է համապատասխանեցվեն ՄՄ իրավապայմանագրային բազայի հետ:

21-րդ կետի համաձայն`Միջազգային հաղորդակցությունների համար բաց օդանավակայաններում ՀՀ և ՄՄ մյուս անդամ պետությունների միջև տեղափոխվող այն ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության վերացում: Նաև սահմանվում է մաքսային ընթացակարգերով ձևակերպված օտարերկրյա ապրանքների մաքսային հսկողության վերացում՝ նման փոխադրման պայմաններին համապատասխան: Փաստաթղթի 104-րդ կետով նախատեսվում է այն ապրանքների և դրույքաչափերի ցանկի սահմանումը, որոնց նկատմամբ ՀՀ անցումային շրջանում անհրաժեշտ է ՄՄ կողմից սահմանված Միասնական մաքսային սակագների դրույքաչափերից տարբերվող` ներկրման մաքսատուրքերի դրույքաչափերի կիրառում: 119-րդ կետով ՀՀ-ից ակնկալվում է պարտադիր բնույթ կրող՝ ՄՄ և Մաքսային տնտեսական տարածքի մարմինների կողմից ապրանքների մաքսային արժեքի ոլորտում ընդունված որոշումների կատարում: 148-րդ կետով սահմանվում է «Կանխիկ գումարների և (կամ) դրամական գործիքների հայտարարագրում»`ֆիզիկական անձանց կողմից:

Փոփոխություններ են սպասվում նաև էլեկտրաէներգետիկայի ոլորտում: Ըստ 171-րդ կետի` հաշվի առնելով այլ անդամ պետությունների հետ ընդհանուր սահմանի բացակայությունը` կկատարվի էլեկտրաէներգետիկայի ոլորտում բնական մենաշնորհների ծառայությունների հասանելիության ապահովման պայմանների վերլուծություն: Նախատեսվում է էլեկտրաէներգետիկայի ոլորտը կարգավորող՝ ՀՀ օրենսդրության ներդաշնակեցում: Նախատեսվում է ՀՀ նորմատիվ իրավական ակտերի ցանկի սահմանում, որոնցում անհրաժեշտ կլինի փոփոխություններ կատարել՝ ՄՄ և Միասնական տնտեսական տարածքի նավթագազային ոլորտի նորմատիվ իրավական բազայի հետ համապատասխանեցնելու նպատակով: Ակնկալվում է նաև ՄՄ և Միասնական տնտեսական տարածքի (ըստ համաձայնեցված ցանկի) ընդհանուր առմամբ սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան կանխատեսումների մշակման համար օգտագործվող տնտեսական ցուցանիշների մասին տեղեկատվության ներկայացում Եվրասիական տնտեսական հանձնաժողով: Կսահմանվի բնական մենաշնորհ ունեցող սուբյեկտների գործունեության կարգավորման ոլորտում ՀՀ իրավական ակտերի ցանկ, որոնցում անհրաժեշտ կլինի փոփոխություններ կատարել՝ Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազային դրանք համապատասխանեցնելու նպատակով: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ նորմատիվ իրավական ակտերի ցանկի կազմումը ՀՀ-ի կողմից հիմնականում պետք է համաձայնեցվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728