Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Շահգելդյանը նեղսրտեց. «Հարցը կոռեկտ չեք ձեւակերպում»

Փետրվար 03,2014 13:19

ԱԺ հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի աշխատանքները խորհրդարանում մեկնարկեցին քաղաքական մեծամասնության`ՀՀԿ-ի հավակնությունների դրսեւորմամբ: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն առաջարկեց ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի կազմում փոփոխություններ կատարել: Ըստ այդմ, հաշվիչ հանձնաժողովը պետք է ունենա 11 անդամ, որի 5-ը ՀՀԿ, 2-ը՝ ԲՀԿ և մեկական մյուս խմբակցություններից: Գալուստ Սահակյանն ասաց, որ նման փոփոխություն հնարավոր է կատարել՝ հիմք ընդունելով ԱԺ կանոնակարգ օրենքի 25 հոդվածը:

Հիշեցնենք, որ Հաշվիչ հանձնաժողովի կազմը ներկայումս 7-ն է, որից ՀՀԿ անդամները երկուսն են: ԱԺ մեծամասնությունը Հաշվիչ հանձնաժողովի աշխատանքների հետ խնդիրներ ունեցավ նախորդ տարեվերջի արտահերթ նիստում, երբ գազային համաձայնագրերի քվեարկությունը կազմակերպվեց ձեռքով, իսկ հաշվիչ հանձնաժողովի ոչ իշխանական ներկայացուցիչները չմասնակցեցին հաշվարկման գործընթացին: ԱԺ չորս ոչ իշխանական խմբակցություններն այդ ժամանակ նիստ հրավիրեցին և որոշում ընդունեցին, որ Հաշվիչ հանձնաժողովը չի վավերացրել գազային համաձայնագրերը:

ԱԺ ընդդիմադիր ուժերը, բնականաբար, դեմ էին Գալուստ Սահակյանի առաջարկին, իսկ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն առաջարկեց 20 րոպե ընդմիջում, որպեսզի, իր խոսքով, բոլորը հասկանան, թե ի՞նչ է կատարվում:

Ընդմիջման ընթացքում, երբ կոալիցիոն ուժերը ԱԺ նախագահի մոտ քննարկում էին անցկացնում`հասկանալու համար, թե ի՞նչ է կատարվում, Aravot.am-ը ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանից, ով ճեմում էր խմբակցության սենյակում, հետաքրքրվեց`այդ առաջարկում կամ ընդդիմության դեմ լինելու մեջ, ՕԵԿ-ականների համար ի՞նչն էր անհասկանալի:

«Խնդիրը նա է, որ եղավ քննարկում: Մենք վերցրեցինք ընդմիջում`տեսակետները քննարկելու տեսանկյունից»,- ասաց Մհեր Շահգելդյանը: Հարցին`ՕԵԿ-ում արդեն հասկացա՞ն, ի՞նչ է կատարվում, Մհեր Շահգելդյանը նեղսրտած հակադարձեց. «Ձեր հարցը կոռեկտ չեք ձեւակերպում»:

Ի դեպ, ընդմիջումից հետո ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարեցին, թե Գալուստ Սահակյանի առաջարկն ընդունվելու դեպքում՝ իրենց անդամներին չեն գործուղի հաշվիչ հանձնաժողով: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը սա բնորոշեց իբրեւ ԱԺ բնականոն աշխատանքներին խոչընդոտելու փորձ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728