Քննիչ Մելքոնյանն անակնկալի է եկել Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի քիչ առաջ հրապարակած որոշումից:
Հիշեցնենք, որ դատարանը բավարարեց Կիվիրյանի դիմումը` պարտավորեցնել ՀՔԾ-ին հարուցել քրեական գործ օգոստոսի 2-ին քաղաքապետարանի դիմաց Կիվիրյանի նկատմամբ ոստիկանների ապօրինի գործողությունների փաստի առթիվ:
Քննիչը դատական նիստից հետո պնդեց` որպես ապացույց Արգիշտի Կիվիրյանի ներկայացրած տեսագրություններն ու լուսանկարները դիրքորոշմանը չեն հակասել. «Ոչ մի հակառակ բան չեն ցույց տվել իմ որոշման հետ կապված», ապա ասաց, որ դատարանի որոշումն իր համար սպասելի չէր:
Նա դժվարացավ նշել, որ եթե հիմա գործը նորից քննի՝ ինչ որոշում կկայացնի, հետո ասաց, թե սա առաջին դեպքը չէր, երբ դատարանը իր որոշման հակառակ որոշումն է ընդունում. «Իմ պրակտիկայում ամեն ինչ էլ եղել է» :
Կարդացեք նաև
Արգիշտի Կիվիրյանն էլ ասաց, որ դատարանի որոշումը ցույց տվեց, որ համառ պայքարն արդյունք է տալիս. «Եթե համադրում ես տեսագրությունները, հստակ երեւում է, թե ինչ բռնություններ են գործադրել իմ դեմ ու ոստիկանական բաժանմունքում ինձ պահել են ավելի քան երեք ժամ: Իրենք հայտարարում էին, որ երեք ժամ են պահել, տեսագրություններով երեւում է երեք ժամ 20 րոպե»:
Պարոն Կիվիրյանը, սակայն, դատարանի որոշումը վերջնական չի համարում. «Այս որոշումը կարող է չհասնել արդյունքի, բայց մենք հետեւելու ենք, որ հասնի: Մենք ամեն միջոցներով պայքարելու ենք, որովհետեւ, եթե չպայքարենք, ոստիկանության, դատախազության եւ հատուկ քննչական ծառայության ապօրինություններն էլ ավելի կշատանան»:
Պարոն Կիվիրյանը մտավախություն ունի, որ ՀՔԾ-ն կարող է բողոքարկել այս որոշումը կամ հարուցել քրեական գործ` արդյունք չապահովելով. «Ինձ համար այս գործով որոշումը կլինի վերջնական, երբ որ իմ դեմ բռնություններ, ապօրինություններ իրականացրած ոստիկանների նկատմամբ լինի մեղադրական դատավճիռ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ