Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսակետի քրեականացումը

Փետրվար 03,2014 11:01

Ռուսաստանյան «Դոժդ» հեռուստաալիքը Լենինգրադի շրջափակումը վերացելու 70-ամյակի առթիվ խնդրել էր հեռուստադիտողներին պատասխանել հետեւյալ հարցին՝ արժե՞ր արդյոք հանձնել քաղաքը՝ բնակիչներին փրկելու համար: Հարցն, իհարկե, վիրավորական է ոչ միայն այդ շրջափակման մեջ կյանքի-մահու կռիվ մղող բնակիչների եւ նրանց հետնորդների, այլեւ միլիոնավոր այլ մարդկանց համար:

Ինձ էլ, օրինակ, այդ հարցը դուր չի գալիս, որովհետեւ պապս խորհրդային բանակի սպա էր, եւ պատերազմի ժամանակ հասել էր մինչեւ Ռայխսթագ: Ի՞նչ է նշանակում՝ հանձնվել ֆաշիստներին՝ իբր փրկվելու համար: Նույնն է՝ հարցնել՝ արժե՞ր արդյոք Ղարաբաղը թողնել Ադրբեջանի տիրապետության տակ, որպեսզի այդ երկրի ղեկավարությունը հայերի նկատմամբ կազմակերպեր նույնը, ինչ արել էր Սումգայիթում եւ Բաքվում:

Բայց մի բան է՝  համաձայն չլինել, քննադատել, վիճել, դատապարտել լրատվամիջոցի որեւէ հրապարակում, մեկ այլ բան է՝ քրեականացնել այն, դարձնել պետության կողմից հետապնդման առարկա: Հենց այդ՝ խորհրդային վատագույն ավանդույթներով է առաջնորդվում Ռուսաստանի իշխանությունը՝ ստալինյան ագիտպրոպի ոճով պայքար ծավալելով հեռուստաընկերության դեմ: Ավելին, այս առիթով Դումայում քննարկվում է օրինագիծ՝ նացիզմի արդարացման դեմ: Իշխող կուսակցության անդամներն առաջարկում են հոդված մտցնել Քրեական օրենսգրքի մեջ, որը կնախատեսի տարբեր տեսակի պատիժներ, ընդհուպ մինչեւ 5 տարի ազատազրկում:

Սկզբունքորեն նացիզմի «ռեաբիլիտացիան» դատապարտելի երեւույթ է, եւ եթե որեւէ ժողովրդավարական երկիր նման օրենք ընդուներ, ոչ մի խնդիր չէր առաջանա: Սակայն Ռուսաստանում մեծ վտանգ կա, որ նման օրենքները ընդունում են հատուկ նպատակներով եւ դրանց իմաստը խեղաթյուրվելու է:

Ինչո՞վ են «մեր մաքսային շեֆերի» նման նախաձեռնությունները վտանգավոր: Նախ՝ «նացիզմի արդարացման» տակ կարելի է հասկանալ ցանկացած երեւույթ, որը իշխանություններին դուր չի գալիս: «Դոժդի», կրկնեմ,  վիրավորական հարցը նացիզմի հետ կապելու համար շատ մեծ երեւակայություն է պետք: Մտքի նման «ճկունություն» ունեցողներ, բնականաբար, կգտնվեն թե իրավական համակարգում եւ թե պաշտոնական քարոզիչների շրջանում: Ի հայտ կգան նաեւ մատնագրերի վարպետներ՝ 1930-ական թվականներին այդ գործով զբաղվող իրենց պապերի «արժանի» թոռներն ու ծոռները: Երբ որեւէ տեսակետ քրեականացվում է, այդ «ցեղի» ներկայացուցիչները անսահման ոգեւորություն են ապրում:

Քրեական օրենսգրքի «գաղափարախոսական հոդվածները» վկայակոչելով կարելի է հետապնդել ցանկացած ոչ իշխանահաճո մարդու կամ լրատվամիջոցի: Կոնկրետ «Դոժդի» դեպքումհիմնավոր կասկածներ կան, որ Կրեմլին դուր չի գալիս ոչ թե վիճահարույց հարցը, այլ այն, թե ինչպես է այդ լրատվամիջոցը լուսաբանում Ուկրաինայի իրադարձությունները:

Նման օրինագծերի դեմ սկզբունքային առարկություն է ներկայացրել նաեւ Ռուսաստանի Մարդու իրավունքների գծով հանձնակատար Վլադիմիր Լուկինը: Նա կեսկատակ նշել է, որ այդ դեպքում մենք պետք է Քրեական օրենսգրքով որոշենք Չինգիզխանի կամ Նապոլեոնի արշավանքները լուսաբանելու չափանիշները:

Պարզ է, որ այդ չափանիշները փոփոխական են: Օրինակ, Ռուսաստանի ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինը, ամենայն հավանականությամբ, Ստալինի երկրպագուն է. ամբողջ ռուսաստանյան «էլիտան», պետական կառավարումը, պաշտոնական քարոզչությունը «դիզայն է արված» հենց այդ ոճի մեջ: Ենթադրենք, օրենսդրորեն կսահմանվի, որ Ստալինին պետք է միայն գովել: Դրանից հետո Պուտինին կփոխարինի մեկ այլ ղեկավար, որը,  հավանական է, կգտնի, որ համակենտրոնացման ճամբարներում միլիոնավոր մարդկանց սպանելը լավ բան չէր, եւ այդ՝ հաջորդ նախագահի օրոք օրենք կընդունվի, որ Ստալինին պետք է միայն փնովել: Երկուսն էլ հավասարապես սխալ է:

Իհարկե, բազմաթիվ երկրների, այդ թվում նաեւ՝ Ռուսաստանի եւ Հայաստանի սահմանադրություններում կա եւ պետք է լինի նորմ, որն արգելում է բռնության կամ ռասիզմի քարոզչությունը: Դա տեսակետ արտահայտելու հետ կապ չունի:

Իսկ լրատվամիջոցների համար լավագույն լուծումը տրված է ԱՄՆ սահմանադրության առաջին ուղղման մեջ: ԱՄՆ կոնգրեսը իրավունք չունի օրենքներ սահմանել, որոնք սահմանափակում են մամուլի եւ խոսքի ազատությունը: Կարճ եւ հասկանալի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Վասիլի Գևորգյան says:

    Անկեղծ ասած «Դոժդ» հեռուստաալիքի անցկացրած հարցման մեջ ես նախ տեսնում եմ խորհրդային կարծրատիպերից մեկից ազատվելու փորձ: Նախ նշեմ, որ իմ պապն էլ եղել է խորհրդային բանակում, ավելին, մասնակցել է Լենինգրադի պաշտպանությանը սկզբից մինչև վերջ, մի քանի անգամ այնտեղ վիրավորվել է, ցրտահարել ոտքերը և այնուամենայնիվ նրա պատմածներն ինձ հուշում էին, որ այն ժամանակվա կառավարության հիմնական նպատակը որ թե բնակչությունն ու քաղաքը փրկելն էր, այլ (արդի խոսքով ասեմ) իմիջային խնդիր լուծելը: Ամբողջ Հայրենական պատերազմը կառուցված էր այդ սկզբունքի վրա` ստրատեգիայի փոխարեն գաղափարախոսություն: Ֆրանսիան նույն պատերազմում պարտվեց 40 օրում, բայց պահպանեց մարդկային ռեսուրսներ հետագայում պայքարելու և պատերազմից հետո կյանքը բնականոն հունին վերադարձնելուն; Իսկ Ստալինը հարցին մոտենում էր ճապոնական սամուրայի հոգեբանությամբ, միայն թե սամուրայը զոհում է իրեն, իսկ Ստալինը` այլոց: Բազմաթիվ անիմաստ զոհեր են տրվել այնպիսի վայրերի պաշտպանության համար, որոնք որևէ ստրատեգիական նշանակություն չունեին, իսկ հետո, կարևոր խնդիրներ լուծելու համար ուժերը չէին բավարարում: Համաձայնեք, որ եթե Կուտուզովը լիներ խորհրդային բանակի հրամանատարը, ոչ ոք նրան թույլ չէր տա հանձնել Մոսկվան, մինչդեռ դա Նապոլեոնին հաղթելուն ուղղված ամենաարդյունավետ քայլերից մեկն էր: Որոշ առումով Խորհրդային Միության հաղթանակը նացիստական Գերմանիայի վրա Պիրոսյան հաղթանակ էր:
    Հ.Գ. Ինձ թվում է հոդվածում բերված զուգահեռը Ղարաբաղի հետ կոռեկտ չէ:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Շնորհակալություն նամակի համար: Սովորաբար ինձ քննադատում են հակառակ կողմից, եւ ես այստեղ էլ ակնկալում էի նման տեսակի մեկնաբանություն կարդալ՝ որ ես ամերիկյան իմպերիալիզմի պատվերով փորձում եմ արդարացնել նացիստական «Դոժդին»: Որախ եմ, որ սխալվեցի:

  2. Mariam says:

    ԱՄՆ Սահմանադրության Ձեր մեջ բերումը իհարկե գովելի է յուրաքանչյուր զարգացած երկրի համար: Բայց նույն ԱՄՆ-ում ճարպկորեն շրջանցում եմ այդ հոդվածը, երբ խոսքը վերաբերում է Էդվարդ Սնոուդենին: Իրավաբանների մտքի թռիչքը սահմաններ չի ճանարչում, նույնիսկ սահմանադրական: Անշուշտ, նման հոդվածի բացակայությունն էլ ավելի հեշտ կդարձներ ազատ խոսքի սահմանափակումը:

    • Գալուստ Ենոքյան says:

      Հարգելի Մարիամ, ես ինքս էլ համաձայն չեմ Սնուդենին հետապնդելու առթիվ, այնուամենայնիվ նրա «խոսքի ազատությունը, բոլորովին այն չէ ինչ գրված է Ամերիկայի Սահմանադրության (հավելման) մեջ: Սնոուդենը գաղտնի Ծառայության աշխատակից է եղել եվ ըստ այդմ երդվել է չհրապարակել իր երկրի պետական գաղտնիքները…
      Ռուսաստանի նախագահը փաստորեն «ապանեց» Ալէքսանդր Լիտվինենկոին պետական գաղտնիքները բացահայտելու համար… Խոսքի ազատությունը նաեվ ունի իր սահմանները ոչ միայն ԱՄՆ ում նայեվ յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրում…նույնիսկ Հայաստանում…

      • Mariam says:

        Հարգելի Գալուստ, Դուք միայն հաստատեցիք իմ կատարած պնդումն այն մասին, որ յուրաքանչյուր օրենք իրավաբանների, առավել ևս ՛չինովնիկների՛ ձեռքի խաղալիքն է: Այս դեպքում ԱՄՆ կառավարությունը նպատահարմար է գտել գաղտնալսել սեփական ժողովրդին, գողանալ նրանց անձնական տվյալները և օրենքով ամրապնդել, որ դրա մասին բարձրաձայնողը դավաճան է:

        • Գալուստ Ենոքյան says:

          Հարգելի Մարիամ, ես որպես հարկ վճարող կարծում եմ որ ավելի կարեվոր է երկրի անվտանգությունը, որոնց նպատակով արվում են այդ գաղտնալսումները, քան թէ այն ինչ տեղի ունեցավ 2001 թվի Սեպտեմբերի 11 ին: Ինչքան էլ որ ես շատ բաների հետ համաձայն չեմ, սակայն ես ինքս ոչինչ չունեմ թաքցնելու, այնպես որ կարող են ստուգել ինչքան ուզում են: Ամեն մի երկիր ունի իր շահեր, եվ եթե մեկը վարձատրվել է իմ վճարած հարկերից եվ հանկարծ որոշել է իր երդմանը դավաճանել… Ես իմ կամքով գնում եմ ընտրությունների, առանց 5000 դոլլար (կներեք պիտի ասեի դրամ)սպասելու, եվ համաձայն եմ ում որ ընտրել է մեծամասնւոթյունը, առանց մի ետին մտքի: Մեծ հույս ունեմ որ մի օր մեր Հայրենիքում էլ նման ընտրություններ կլինեն:

          • Mariam says:

            Իհարկե մենք բոլորս առաջին հերթին ուզում ենք երաշխավորված անվտանգություն,այդ թվում նաև ևս, միանգամայն ճիշտ եք: Բայց շատ ԱՄՆ քաղաքացիներ ունեն հիմնավորված փաստեր, որոնք ապացուցում են, որ սեպտեմբերի 11-ի մասին նրանց իշխանությունները քաջատեղյակ էին /ինչպես ԽՍՀՄ-ում տասնյակ տարիներ մարդիկ հավատում էին, որ ստալինյան ռեժիմը չգիտեր Հիտլերի հարձակման մասին, այնինչ նրանց արխիվներն այլ բան են վկայում/, որին հետևեց վիճահարույց իրաքյան պատերազմը:
            Այդուհանդերձ Սնոուդենի դեպքը իրոք վիճարկելի է: Ես էլ որպես քաղաքացի պետությունից ոչինչ չունեմ թաքցնելու, եթե նույնիսկ ԱՄՆ քաղաքացի լինեի: Բայց որտեղ է այն երաշխիքը, որ մի օր չի հայտնվի մեկ այլ Սնոուդեն, որն իմ, ձեր, այլ քաղաքացիների տվյալներ չի վաճառի օրինակ, ահաբեկիչներին: Կամ արդյոք Օբամայի կառավարությունը տալիս է երաշխիքներ, որ այդ տվյալները, օրինակ, անդրազգային կորպորացիաներին չեն վաճառվում:
            Բայց ինչպես ասում են, это из другой оперы, և այդքան էլ շատ չի առնչվում հեղինակի կողմից բարձրացված խոսքի ազատության թեմային:

      • Գալուստ Ենոքյան says:

        Ես հանձնվում եմ…

  3. Mariam says:

    Հ.Գ. Նախորդ գրառումս չի ակնարկում, թե Դուք ՛անգլո-սաքսերին՛ պաշտպանում կամ մեծարում եք: Անշուշտ, նման գրառումներ դեռ կհետևեն :))))

  4. marine says:

    Ինֆորմացիոն պատերազմը հրետանային նախապատրաստություն է իրական պատերազմից
    առաջ:,,Դոժդ,,-ի կատարած քայլը ածանցված է ԵԽԽՎ-ի այն որոշումից,որով նացիստական
    Գերմանիան և ստալինյան Սովետական Միությունը հավասարապես մեղավոր են երկրորդ
    համաշխարհային պատերազմի սանձազերծման մեջ,հետևաբար հավասարապես պատաս-
    խանատու են հետևանքների համար:Հեռուն գնացող հետևանքներ ունի այս որոշումը՝ռազմա-
    տուգանքներ,սահմանների վերաճշտում և այլն:Փոխվում են աշխարհայացքային մոտեցում-
    ները,որը կարևոր է նոր աշխարհակարգի ձևավորման համար:Օրինակ Ռուսաստանը չհրա –
    վիրվեց երկրորդ համաշխհարային պատերազմում տարած հաղթանակի միջոցառմանը,որը կազմակերպել էին դաշնակիցները:Այստեղից հետևում են Դումայի քայլերը:Զուգահեռներ են
    առաջանում Եղեռնի ժխտման հետ կապված:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728