«Կառավարությունը հերթական անգամ ռազմավարական նշանակություն ունեցող հերթական «օբյեկտը» վաճառեց, որը Հայաստանի տնտեսության մեջ որոշակի ներդրում ուներ»,- փետրվարի մեկին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը: Նրա նկատառմամբ` «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիրում» տարեկան մոտավորապես 90-95 միլիոն ԱՄՆ դոլարի շրջանառություն կա, իսկ այսօր, վաճառելով այդ համալիրը, Հայաստանն ընդամենը ստանալու է ինչ-որ տոկոսներ:
Պարոն Դովլաթյանը իր անհանգստությունը հայտնեց, որ շուտով ջրի խնդիր կարող է առաջանալ, քանի որ համալիրի մեջ մտնում են նաեւ 4 ջրամբարներ եւ կարգավորող ջրավազան: Իսկ իրավաբան Խաչատուր Միրզոյանը «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիրի» վաճառքը համարում է անտնտեսվարություն եւ կարծում է՝ այդպիսի անտնտեսվար քայլերի պատճառով է ՀՀ տնտեսությունը հայտնվել անհուսալի եւ ծանր վիճակում. «Մեր պետությունը իրեն սպառել է նաեւ բարոյապես՝ անհեռանկար այսպիսի քաղաքականությամբ: Ակտիվը տալ օտարին, որպեսզի օտարը ունենա այսպիսի շահութաբեր «օբյեկտ», եկամուտներ, իսկ մերոնք հերթական անգամ զրկվեն, ո՞րն է սրա հեռանկարը: Մի խոսքով կարելի է ասել ոչ թե պետական մտածելակերպ, այլ՝ հանուն սեփական գրպանի»:
Իսկ այն հարցին, թե այս գործարքում վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը, որքանո՞վ է շահարկելի, պարոն Միրզոյանը հայտարարեց՝ սա հոգեվարքի քաղաքականություն է.
«Այլեւս մարդը չի տեսնում, չեմ ասում մարդը վարագույրից այն կողմ պետք է տեսնի եւ հեռանկար քայլեր կատարի:
Նա նույնիսկ քթի տակը չի տեսնում»:
Ամի Չիչակյան