Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը որոշեց, որ «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած երեխայի գործով վարույթ իրականացնող մարմնի կողմից թույլ են տրվել խախտումներ

Փետրվար 01,2014 18:56

«Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ». Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են դատարանները, և մեկ անգամ չէ, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իր անվստահությունն է հայտնել ՀՀ դատական համակարգի անկախության, անկողմնակալության և արդարության վերաբերյալ: Չնայած արձանագրում ենք, որ մեր երկրում էլ երբեմն կայացվում են արդարացի դատական ակտեր՝ գործելով բացառապես ՀՀ օրենսդրությամբ ամրագրված սկզբունքներին և դրույթներին համապատասխան: Նման որոշում կայացվեց նաև «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած Էլեն Փարսադանյանի գործով վարույթն իրականացնող մարմնի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունը վիճարկելիս:

2014 թվականի հունվարի 31-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  կայացավ բժշկական կենտրոնում մահացած մանկահասակ Էլեն Փարսադանյանի գործով հերթական դատական նիստ:

Սույն գործով նախորդ դատական նիստը հետաձգվել էր դիմումատու Է. Փարսադանյանի մորը՝ Լուսինե Փարսադանյանին և նրա ներկայացուցիչներին գործի բոլոր նյութերին ծանոթանալու հնարավորություն տալու պատճառով:

Դատական նիստի ընթացքում ներկայացուցիչ Արթուր Սաքունցը, հայտնեց, որ գործի բոլոր նյութերին ծանոթանալուց հետո պարզվել է, որ Է. Փարսադանյանի բժշկական քարտը /բաղկացած 75 թերթից/ կցված չէ գործի նյութերին, ինչը հնարավորություն չի տալիս հաստատել դատաբժշկական եզրակացության մեջ նշված բժշկական պատմության փաստերի իսկությունը:

Լ. Փարսադանյանի ներկայացուցիչներ Ա. Սաքունցը և Ա. Չատինյանը պնդեցին իրենց ներկայացրած բողոքը, որին հակառակ գործով վերահսկող դատախազը և վարույթն իրականացրած քննիչը առարկեցին ներկայացված դիմումի դեմ՝ գտնելով, որ նախաքննությունը կատարվել է օրենքին համապատասխան և քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացվել է հիմքերի բացակայության պատճառով:

Դատավոր Ա. Մկրտչյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու և մի քանի րոպե անց հրապարակեց որոշումը, որով  բավարարեց Լուսինե Փարսադանյանի, ինչպես նաև նրա ներկայացուցիչներ Ա.Սաքունցի, Ա. Չատինյանի և Ա. Զալյանի՝ ՀՀ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Գ. Ռ. Ագաջանյանի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու պահանջով ներկայացված դիմումը: Չբողոքարկելու դեպքում՝ սույն որոշումն ուժի մեջ կմտնի հրապարակման պահից 15-օրյա ժամկետում, որից հետո գործը կուղարկվի լրացուցիչ նախաքննության:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728