Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային անվտանգության խորհուրդը 2014թ. համար ամբիցիոզ ծրագրեր է իր առջեւ դրել, մնում է դրանք կատարվեն

Փետրվար 01,2014 18:08

2014 թվականը Ազգային անվտանգության խորհրդի համար բազմաթիվ պլաններով եւ ծրագրերով լեցուն տարի է: Այսօր հրավիրած ասուլիսում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նախ ներկայացրեց, թե ինչեր է իր գլխավորած մարմինն արել նախորդ տարի, ապա ներկայացրեց անելիքները:

Դրանցից ամենաուշագրավները, թերեւս հետեւյալն են: ԱԱԽ-ում մշակվելու է պրոբացիոն պատիժների համակարգը, որը թույլ կտա ոչ ծանր հանցագործությունների պարագայում այլընտրանքային պատժամիջոց գործածել՝ ազատազրկման փոխարեն: ԱԱԽ-ն նախաձեռնել է երկրի բնական պաշարների կառավարման ազգային ռազմավարության մշակումը, որի համար կուսումնասիրվեն, կբացահայտվեն եւ կհաշվարկվեն մեր ողջ բնական պաշարները ու կնախանշվեն դրանց կառավարման ուղիները: Կմշակվի ժողովրդագրական անվտանգության ռազմավարություն, որը հիմք կծառայի արտագաղթի կասեցման համար:

ԱԱԽ-ն նախաձեռնելու է նաեւ հոգեւոր անվտանգության հայեցակարգի պատրաստում, որով նախատեսվում է «աղանդավորական-կրոնական շարժումների հետ կապված» ծրագրեր իրականացնել, հոգեւոր անվտանգության համար ձեռնարկել պետության կողմից որոշակի միջոցառումներ: Կմշակվի նաեւ կենսաբանական անվտանգությանը վերաբերող մի այլ հայեցակարգ, որի մեջ ներառված կլինեն տարբեր կենսաբանական վտանգներ ներկայացնող գոյացությունների ուտիլիզացիայի կամ արդյունավետ օգտագործման ուղիներ, ատոմակայանի գործունեությանը վերաբերող խնդիրների լուծման առաջարկներ եւ այլն:

Պարոն Բաղդասարյանը, բազմաթիվ ռազմավարությունների եւ հայեցակարգերի մշակումը արդյունավետ ուղի է համարում, որովհետեւ, ըստ նրա՝ ԱԱԽ-ի կողմից մշակված ռազմավարության ընդունումից հետո կառավարությունն ընդունում է այդ ռազմավարությունների իրականացման գործողությունների ծրագիր, եւ ապա իշխանությունը հետամուտ է լինում դրանց իրականացմանը:

Որպես ասվածի ապացույց ԱԱԽ քարտուղարը հիշեցրեց սահմանակետերի արդիականացման հայեցակարգը, ինչի արդյունքում բավականին արդիականացվել է Վրաստանի հետ սահմանը, Մեղրիի սահմանը եւ այդ ծրագիրը դեռ շարունակվելու է: 2014-ին Բագրատաշենի, Բավրայի եւ Այրումի  սահմանակետերը արդիականացնելու համար 20մլն եվրոյի ներդրում կլինի ԵՄ կողմից՝ գրանտի տեսքով: Նաեւ պետք է սահմանակետերին լինի «զրո բյուրոկրատական քաշքշուկ», քանի որ, ըստ Արթուր Բաղդասարյանի, պետք է լինի հստակ ժամանակացույց, թե քանի րոպե սահմանի վրա պետք է կանգնի մարդատարը, քանի րոպե՝ դատարկ բեռնատարը, որքան՝ բեռնված բեռնատարը եւ այլն: Ժամկետային սահմանափակումներից բացի ներդրվելու է կենտրոնակայանի հետ միացված համակարգ, ինչը թույլ կտա սահմանի վրա բացառել հնարավոր չարաշահումները եւ կոռուպցիոն ռիսկերը: 500 հազար եվրոյի գրանտ էլ կստացվի հայ-իրանական պետական սահմանի արդիականացման համար հարկավոր հաշվարկների եւ նախագծերի կազմման համար: Արդիականացումն, ըստ Ա. Բաղդասարյանի կարժենա մոտ 25մլն եվրո: Սակայն, չնայած թանկ հաճույք լինելուն, արդիականացումն իրեն արդարացնում է, քանի որ նման արդիական եւ թանկարժեք սարքավորումներով հնարավոր եղավ հայտնաբերել 1 տոննա հերոինը, որը մաքսանենգ ճանապարհով մտել էր երկիր:

Բացի այդ, նախատեսվում է Հայաստանում բացել «Թմրամոլության եւ թմրամիջոցների դեմ պայքարի ազգային կենտրոն», թմրամոլների վերականգնողական կենտրոն, կիբերանվտանգության եւ կիբեր հանցագործությունների դեմ պայքարի կենտրոն, Բալահովիտում կկառուցվի հայ-ռուսական խոշոր հումանիտար կենտրոն՝ 60մլն դոլար արժողությամբ, որը արտակարգ իրավիճակների ժամանակ օպերատիվ աջակցություն կցուցաբերի՝ տեխնածին երեւույթների եւ աղետների դեմ պայքարում: Սեպտեմբերին կբացվի ՀԱՊԿ ակադեմիան: Գեղարքունիքի մարզի Գագարին համայնքում կստեղծվի «Հայռուսպետռեզերվ» խոշոր ենթակառուցվածք, որը կլինի պետական ռեզերվի պահպանության տարածաշրջանային կենտրոն, որտեղ կպահպանվի ամեն ինչ՝ տեխնիկայից մինչեւ սնունդ:

Բացի այդ, նախատեսվում է վերականգնել եւ վերազինել Ստեփանավանի օդանավակայանը, կշարունակվի  Բյուրականի աստաղադիտարանի արդիականացումը: Աստղադիտարանը, ըստ Արթուր Բաղդասարյանի, նախորդ տարի 5մլն եվրոյի աջակցություն ստացավ, այս տարի նոր խոշոր դիտակներ կտեղավորվեն այնտեղ, ինչը կօգնի վերադարձնել Բյուրականի աստղադիտարանի երբեմնի համբավը: Նախատեսվում է նաեւ այնտեղ բացել աստղագիտության միջազգային կենտրոն:

Կավարտվի Գառնու երկրաֆիզիկական կայանի դիտարանի կառուցումը: Հայաստանում կստեղծվի «Կամազ-Հայաստան», «ՈՒազ-Հայաստան» եւ «Միգ-Հայաստան» կենտրոններ, որտեղ այդ մեքենաների հավաքման եւ նորոգման աշխատանքներ կտարվեն:

Մնում է միայն հուսալ, որ մեկ տարի հետո, Արթուր Բաղդասարյանի 2014թ. ամփոփիչ ասուլիսի ժամանակ կլսենք այս բոլոր ծրագրերի իրականացումը հավաստող հաշվետվություն:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728