Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ելենա Բաշկիրովա. «Հայկական երաժշտությունը համաշխարհային երաժշտարվեստի անբաժան մի մասն է»

Փետրվար 01,2014 17:43

«Ինձ համար մեծ պատիվ է լինել Հայաստանում, որտեղ, ինչպես ես եմ նկատում, վերջին տարիներին ավելի շատ մարդիկ են գալիս: Կարծես թե նորից բացվել է այդ ճանապարհը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց հայտնի դաշնակահարուհի Ելենա Բաշկիրովան, որի մենահամերգը կկայանա վաղը՝ փետրվարի 2-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում, «Երևանյան հեռանկարներ» 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում: Ծրագրում ներառված են Լիստի, Չայկովսկու, Ալբենիսի, Ուստվոլսկայայի ստեղծագործությունները:

Դաշնակահարուհին, որը երեք տարի առաջ է եղել Հայաստանում, մշակութային և մասնավորապես երաժշտական կյանքի վերելք է նկատում մեր երկրում. «Երաժշտական կյանքն այստեղ ծաղկում է ու ծաղկում: Դա շատ ուրախալի է, որովհետև հիանալի երկիր է Հայաստանը, հիանալի մարդիկ են այստեղ ապրում, որոնք հետաքրքրված են լավ երաժշտությամբ, այդպիսի հասարակություն քիչ է լինում»,- ասում է Ե. Բաշկիրովան:

Նկատենք, որ 1998 թվականից Ե. Բաշկիրովան իր հիմնադրած Երուսաղեմի միջազգային կամերային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավարն է: Իսկ փառատոնը տեղի է ունենում ամեն տարի սեպտեմբերին՝ միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների մասնակցությամբ:

Դաշնակահարուհին կարևորում է լավ երաժիշտների մասնակցությունը փառատոնին՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից. «Փառատոնին նաև հայ երաժիշտներ են մասնակցել: Հայաստանում շատ լավ երաժիշտներ կան, և ես կարծում եմ, որ հայկական երաժշտությունը համաշխարհային երաժշտարվեստի անբաժան մի մասն է»,- ասում է Ե. Բաշկիրովան:

Նա չի բացառում, որ իրենք կարող են նաև Հայաստան գալ և հայ հանդիսատեսին ներկայացնել իրենց փառատոնը, քանի որ այն հաճախ է տարբեր երկրներում կազմակերպվում:

Իսկ ինչ վերաբերում է Երուսաղեմի միջազգային կամերային երաժշտական փառատոնի այս տարվա ծրագրին, փառատոնի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն ասաց, որ այն նվիրված է լինելու Առաջին համաշխարհային պատերազմին, և որ ինքը մտադիր է ինչ-որ ձևով անդրադառնալու նաև 1915 թվականին. «Ցավալի է, բայց պատմությունը կրկնվելու հատկություն ունի, և մոռանալ այդ ամենը ոչ մի դեպքում չի կարելի»,- համոզված է դաշնակահարուհին:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728