Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը առավել հաճախ ներկայանում է որպես հանցագործների հովանավոր. Փորձագետ

Փետրվար 01,2014 17:15

«Ալբերտ  Ադիբեկյանին, ըստ պաշտոնական վարկածի, սպանել են 2012 թվականի փետրվարի 23-ին Մեհրաբներ զորամասում: Պաշտոնական լուր հայտնվեց, որ Ալբերտ Ադիբեկյանին սպանել է հակառակորդի դիպուկահարը: Անմիջապես ստեղծվեց երգիչ-սազանդարների մի խուլ խումբ՝ մեծ հայրենասեր Շուշան Պետրոսյանի գլխավորությամբ, որոնք վայնասուն բարձրացրեցին ամբողջ աշխարհով մեկ, որ ազերիները հայ են սպանել եւ այդ իսկ պատճառով նրանք հրաժարվում են մասնակցել Եվրատեսիլ մրցույթին, որը պետք է տեղի ունենար Բաքվում»,- այսօր՝ փետրվարի 1-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ այնուհետեւ զինդատախազությունն ընդունեց, որ այդ ադրբեջանցի դիպուկահարն ազգությամբ հայ է, սակայն այդ մասին պաշտոնական հայտարարություն չի եղել.

«Ոչ ոք այդպես էլ չիմացավ, որ Ալբերտ Ադիբեկյանին սպանել են հայերը: Նաեւ ոչ ոք չիմացավ, որ Ալբերտ Ադիբեկյանի սպանության գործով կատարվեց հանցագործ քննություն, մարդասպաններն իրենց պատիժը չկրեցին, իսկ սպանության մեջ մեղադրվեց եւ տասը տարի ազատազրկման դատապարտվեց Իգնատ Ենգիբարյան անունով մի անմեղ, ուղղակի նաեւ անտեր երիտասարդ»:

Ռուբեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ Մեհրաբներ զորամասում տեղի է ունեցել զինվորի սպանության, որում մեղադրվում էր ադրբեջանցի դիվերսանտը, ում ոչ ոք չէր տեսել, եւ նրա ազգային պատկանելիությունը պատճառ է հանդիսացել, որ գործը կասեցվի : Պարոն Մարտիրոսյանը, հանդիսանալով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, պահանջել էր իրեն ներկայացնել գործի կասեցման որոշում, որը ստացել է շուրջ 6 ամիս հետո: Այնուհետեւ, պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել քննիչին, նա ստացել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պատասխանը. «քննիչի բոլոր գործողություններն օրինական են».

«Այսինքն՝ այսօր Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը առավել հաճախ ներկայանում է որպես հանցագործների, այդ թվում նաեւ հանցավոր դատախազության , հանցավոր ռազմական ոստիկանության, հանցավոր ՀՀ ՊՆ քննչական ծառայության հովանավորը: Սա արդեն սարսափելի է, եթե նախարարը փորձում է կոծկել իր ենթակաների հանցագործությունները, ուրեմն՝ մեր բանակը կանգնած է մեծ աղետի առջեւ, ինչո՞ւ ոչ, մեր բանակը աղետի մեջ է, աղետյալ վիճակում է»:

Ամի Չիչակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728