Ս.թ. հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվսին և ռազմական կցորդ, փոխգնդապետ Նիք Վիլքսին /նստավայրը` ք. Թբիլիսի/:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև իրականացվող մի շարք երկարատև ծրագրերին, մասնավորապես` ՄԹ խորհրդատվական աջակցությանը 2013 թվականի դեկտեմբերից Հայաստանում մեկնարկած Պաշտպանության ռազմավարական երկրորդ շրջափուլին և ՀՀ զինված ուժերի պրոֆեսիոնալ սերժանտական համակարգի ներդրման գործընթացներին, Բրիտանական ուսումնական հաստատություններում և վարժական կենտրոններում հայ զինծառայողների կրթությանն ու վերապատրաստմանը:
Դ. Տոնոյանը նշեց, որ բրիտանացի գործընկերների հետ ՀՀ պաշտպանության նախարարությունը երկարամյա համագործակցության փորձ ունի և պատրաստվում է էլ ավելի խորացնել այդ համագործակցությունը, ինչին ի պատասխան բրիտանական կողմը հաստատեց Հայաստանի հետ համագործակցության զարգացման պատրաստակամությունը: Կողմերը պայմանավորվեցին մոտ ապագայում նախաձեռնել համագործակցության նոր ծրագրեր:
ՀՀ ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն