Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռ. Քոչարյանի կողմից ՀՀ նախագահի պաշտոնին անցնելու հավանականությունը պիտի համարել ՀՀ անվտանգության լրջագույն սպառնալիք»

Փետրվար 01,2014 15:10

Հարցազրույց «Ժողովրդավարության, անվտանգության եւ զարգացման հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, պահեստազորի գնդապետ Աշոտ Զաքարյանի հետ

– Պարոն Զաքարյան, վերջին շրջանում, կապված սահմանների վրա անընդհատ լարվածության հետ, խոսակցություններն այն մասին, որ մոտալուտ պատերազմի վտանգ կա, շատացել են: Ձեր տպավորությամբ՝ կա՞ նման վտանգ:

– Պատերազմի վտանգ միշտ էլ կա, վերջին 20 տարիների «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը ցանկացած պահի կարող է վերածվել եթե նույնիսկ՝ ոչ պատերազմի, ապա լայնամասշտաբ մարտական գործողությունների: Իհարկե, այս տարիներին բազմիցս ունեցել ենք սահմանների վրա լարվածություն, որոնք, ցավոք սրտի, ուղեկցվել են մարդկային զոհերով: Եվ քանի դեռ վերջնական խաղաղության պայմանագիր չունենք, նման իրավիճակներն անընդհատ կրկնվելու են: Մի կողմից՝ լարվածությունները պայմանավորված են Ադրբեջանի դիրքորոշմամբ՝ իր ներքին խնդիրներով պայմանավորված, մյուս կողմից՝ չպետք է բացառել, որ երբեմն լարվածությունները թելադրվում են խոշոր աշխարհաքաղաքական կենտրոններից, որոնք տարածաշրջանում, մասնավորապես՝ Հարավային Կովկասում ունեն սեփական շահերը: Կարծում եմ, որ պատերազմի սկսումը կամ դրանից խուսափելը միմիայն Հայաստանի եւ Ադրբեջանի ցանկություններով կամ հնարավորություններով պայմանավորված չէ: Այն կախված է նրանից, թե գերտերությունների շահերի ինչպիսի բախումներ տեղի կունենան: Ցավոք սրտի, մենք վաղուց ենք արդեն դադարել տարածաշրջանում գործոն լինելուց, հետեւաբար՝ դեպքերի զարգացման վրա էական ազդեցություն ունենալ չենք կարող: Իհարկե, սա մեկ օրում չէ, որ տեղի է ունեցել: Վերջին երկու տասնամյակների ընթացքում պարբերաբար կեղծված բոլոր մակարդակների ընտրությունները, որոնց, ի դեպ, միջազգային կառույցները միշտ էլ կասկածելի եւ լղոզված գնահատականներ են տվել, երկրի բավականին բարձր կոռուպցիոն վիճակը, մենաշնորհների առկայությունը, կլանային-կրիմինալ-օլիգարխիկ համակարգը, տնտեսության կատաստրոֆիկ իրավիճակը, ինչի արդյունքում այսօր ունենք աննախադեպ արտագաղթ եւ աղքատության սարսափելի մակարդակ, շատ ավելի խոցելի են դարձրել թե՛ իշխանություններին, թե՛ առհասարակ Հայաստանի Հանրապետությունը:
Այդուհանդերձ, այնպես չէ, որ անելանելի իրավիճակ է ստեղծված, ցանկացած իրավիճակում էլ հնարավոր է գտնել ելքեր: Դրա համար անհրաժեշտ է երկրում իրականացնել իրական բարեփոխումներ: Ամբողջապես բոլոր ոլորտներում՝ ընտրական մեխանիզմներ, տնտեսական, դատաիրավական եւ այլն… Հակառակ պարագայում՝ այսպես շարունակվելու դեպքում մոտ ապագայում մենք կունենանք շատ ավելի տխուր պատկեր, ինչն իր բացասական ազդեցությունը կունենա ոչ միայն վերը նշված խնդիրներում, այլեւ կհայտնվենք ազգային անվտանգության լրջագույն սպառնալիքի տակ:

– Որքանո՞վ ենք մենք պատրաստ պատերազմի՝ հաշվի առնելով ինչպես ժողովրդագրական խնդիրները, այնպես էլ բարոյահոգեբանական վիճակը: Իսկ որքանո՞վ է Ադրբեջանը պատրաստ պատերազմի:

– Խաղաղության հասնելու համար թիվ մեկ խնդիրը պիտի լինի այն, որ կանգնեցվի Հայաստանի ու Արցախի արտագաղթը: Անհրաժեշտ է առաջին հերթին բնակեցնել ինչպես ՀՀ սահմանամերձ բնակավայրերը, այնպես էլ ԼՂՀ տարածքները, ոչ թե միայն Երեւանը: Բնակեցված տարածքների վրա կրակելը շատ ավելի բարդ խնդիր է: Այդ խնդիրը կարծես թե ոչ մեկը չի դնում: Դրա համար պետք է նախ հաստատել իրական ժողովրդավարություն եւ ներդնել համապատասխան միջոցներ: Իսկ որ ՀՀ-ում միջոցներ կան՝ բոլորս գիտենք: Այդ միջոցները պիտի փնտրել առաջին հերթին ծնունդով Արցախից դուրս եկած բազմաթիվ գործարարների, ինչպես նաեւ տարբեր տրամաչափի քաղաքական ու ռազմական գործիչների մոտ: Սա բարդ խնդիր չէ, պարզապես պիտի կարողանալ, վերջին 20 տարիներին պետությունից եւ ժողովրդից թալանված միջոցների գոնե մի մասը վերադարձնել, եւ այսօր ժամանակն է, որպեսզի իրենք էլ գիտակցեն, որ այդ միջոցները պետք է ծառայեցնել ՀՀ եւ ԼՂՀ անվտանգության նպատակների համար: Հարկավոր է Հայաստանում հաստատել իրական ժողովրդավարություն, մարդու, քաղաքացու արժանապատիվ կյանքի անհրաժեշտ պայմաններ, եւ այս դեպքում կունենանք տնտեսական, քաղաքական, քաղաքացիական եւ մշակութային կյանքի համար անվտանգ երկիր: Սա խաղաղության հասնելու կարեւորագույն նախապայմաններից մեկն է: Ես արդեն նշեցի, որ տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության տեսանկյունից կարեւոր ազդեցություն են թողնում գերտերությունները: Անհրաժեշտ է վերջիններիս ազդեցությունը հնարավորինս նվազեցնել այս տարածաշրջանից: Սա, իհարկե, շատ բարդ խնդիր է, բայց պիտի հասնել դրան, թեկուզ եւ դանդաղ, բայց չձգտել դրան, նշանակում է` անընդհատ ունենալ լարված, պատերազմական իրավիճակներ սահմանային գծում: Այս ամենով հանդերձ՝ չպետք է մոռանալ, որ պատերազմից խուսափելու համար պետք է միշտ պատրաստ լինել պատերազմի: Այստեղ շատ կարեւոր է Զինված ուժերի, մասնավորապես՝ բանակի գործոնը: Բանակը մեր անկախ հանրապետության ամենակարեւոր ձեռքբերումն է, մի բան, որը մինչ օրս համարվում է եւ հետագայում էլ համարվելու է մեր պետության ու ժողովրդի անվտանգության կարեւորագույն գրավական: Բանակը ստեղծվել եւ կայացել է մեր ժողովրդի մաքառումների գնով: Մենք պիտի հպարտանանք նրանով՝ անկախ եղած խնդիրներից, մինչ օրս էլ բանակը իր վրա դրված խնդիրները կատարել եւ շարունակում է կատարել:

Այլ բան է, որ մեր Զինված ուժերում դեռեւս կան բազմաթիվ խնդիրներ, որոնք օր առաջ լուծումներ են պահանջում: Ես հատկապես կուզենայի նշել իրավախախտումներն ու ոչ կանոնադրական հարաբերությունները, որոնք բավականին լուրջ ազդեցություն են թողնում բանակի մարտունակության եւ մարտական պատրաստվածության վրա: Զինված ուժերում եղել են, կան ու դեռ կլինեն իրավախախտումներ, հանցագործություններ, ի վերջո՝ դա կենդանի օրգանիզմ է, որտեղ ներգրավված են հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ: Բայց բանակի ղեկավարության, հրամանատարական կազմի խնդիրը դրանց դեմ անհաշտ պայքար ծավալելն է, հանցագործությունների կանխումն ու նախականխումը, կատարվածների բացահայտումն ու մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելը: Ինչքան էլ որ վիճակագրական տվյալները խոսում են բանակում ծանր հանցագործությունների (հատկապես մահվան ելքերով) նվազման մասին, միեւնույն է՝ դեռեւս քիչ չեն մահվան ելքերով հանցագործությունները: Նույնիսկ դժբախտ պատահարների դեպքում էլ, ըստ իս, մեծ մասամբ ակնհայտ են հանցագործության այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են հանցավոր անփութությունը կամ անգործությունը, կամ պաշտոնեական լիազորությունների կատարման թերացումը, ինչու չէ՝ երբեմն էլ դրանց սահմաններն անցնելը: Ու այստեղ ոչ միշտ են տրվում իսկապես օբյեկտիվ գնահատականներ: Պետք է գիտակցել, որ պաշտոնական վիճակագրական տվյալները խոսում են ուղղակի թվերի մասին, բայց այստեղ մենք գործ ունենք մարդկային կյանքի ու ճակատագրերի հետ: Ես հասկանում եմ, որ երբեք հնարավոր չէ 100%-ով բացառել նման դեպքերը, բայց կարծում եմ՝ պետք է անել ամեն ինչ դրանք նվազագույնի հասցնելու համար: Ես չեմ ցանկանում ամեն ինչ ներկայացնել սեւ գույնով, իհարկե՝ բավականին աշխատանքներ իրականացվել են այս ուղղությամբ, կարելի է արձանագրել դրական տեղաշարժ, բայց պիտի արձանագրել, որ կատարված քայլերը դեռեւս բավարար չեն:

Մի հանգամանք եւս. մենք սովորաբար խոսում ենք հետեւանքների մասին, եւ որպեսզի կարողանանք վերացնել հետեւանքները, պիտի հասկանանք դրանք ծնող պատճառները՝ լինի դա սպանություն, թե մեկ այլ հանցագործություն: Պատճառները շատ բազմազան են եւ բազմատեսակ, եւ դրանց մասին հանգամանալից խոսելը, կարծում եմ, այլ հարցազրույցի թեմա է: Պետք է հիմնահատակ ոչնչացնել բանակ մուտք գործած «չաստ նայողի» ինստիտուտը: Դա արդեն կայացած «համակարգ» է, որտեղ տիրում են հանցավոր աշխարհի «վարքերն ու բարքերը», որտեղ զինծառայողների հարաբերությունները կարգավորվում են ոչ թե զինվորական կանոնագրքի պահանջներով, այլ փողոցում տիրող «գողական օրենքներով»: Շատ դեպքերում, այսպես կոչված, «չաստ նայողները» «ընտրվում» կամ «նշանակվում» են հենց նույն զորամասի հրամանատարների կողմից՝ իբր զինծառայողների շրջանում կարգուկանոն հաստատելու նպատակով: Այստեղ լուրջ անելիքներ ունեն ռազմական ոստիկանությունը, ՊՆ քննչական վարչությունն ու զինդատախազությունը, ինչպես նաեւ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումը: Իմ կարծիքով՝ վերը նշված ծառայությունները իրենց տեղում չեն գտնվում: Առկա խնդիրներով հանդերձ՝ գտնում եմ, որ հնարավոր պատերազմի դեպքում մեր բանակն ի վիճակի է լուծել իր վրա դրված խնդիրները: Սակայն պատկան մարմինները պետք է լրջագույնս զբաղվեն բոլոր այն խնդիրներով, ինչի մասին ասացի, այլապես ապագայում շատ ավելի ողբերգական իրավիճակում կհայտնվենք: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե Ադրբեջանն ինչքանով է պատրաստ պատերազմի, դժվարանում եմ հստակ գնահատական տալ, բայց դատելով թեկուզ այն կցկտուր ինֆորմացիայից, ինչ հայտնվում է մամուլում, առանձնապես չեն փայլում թե մարտունակությամբ եւ թե կարգապահությամբ: Հետեւաբար, կարծում եմ, ադրբեջանական կողմի՝ պատերազմը վերսկսելու մասին խոսակցությունները, թերեւս, ներքին լսարանի համար են:
Վերջին շրջանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ակտիվություն է ցուցաբերում, ինչը շատերը կապում են մեծ քաղաքականություն վերադառնալու, իսկ ավելի կոնկրետ՝ 2018-ի նախագահական ընտրություններին առաջադրվելու նրա հավակնությունների հետ: Ինչպե՞ս եք գնահատում նրա ակտիվությունը, որքանո՞վ եք հավանական համարում, որ նա ուզում է առաջադրվել որպես նախագահի թեկնածու, եւ ի՞նչ եք կարծում՝ ո՞ր քաղաքական ուժերի վրա է նա դնում իր «ստավկան»:
– Անկեղծ ասած, նույնիսկ շատ վառ երեւակայություն ունենալու պայմաններում էլ ես դժվարանում եմ պատկերացնել, որ Քոչարյան Ռոբերտը երբեւէ կարող է ունենալ հասարակական-քաղաքական աջակցություն եւ հնարավորություն, ինչպես Դուք եք ասում՝ մեծ քաղաքականություն վերադառնալու համար: Չնայած այն բանին, որ նա տիրապետում է հսկայական ֆինանսական ռեսուրսի, այնուամենայնիվ, դեռ ոչ ոք չի մոռացել նրա պաշտոնավարման տարիներին տեղի ունեցած այնպիսի հանցագործություններ, որոնց թվում են Հոկտեմբերի 27-ն ու Մարտի 1-ը: Ես ավելի քան համոզված եմ, որ նրա մարդկային տեսակը հավատ չի ներշնչում, եւ նրա կեղծ ժպիտներին ու խոսքերին այս երկրում իրեն հարգող, պատվախնդիր, առաքինի, արժանապատիվ ու նորմալ մտածող ոչ մի մարդ չի հավատում: Դա այնքան ակնհայտ է, որ նույնիսկ Ռ. Քոչարյանի քաղաքական հենարանը համարվող քաղաքական ուժերը, գոնե այսօր, չեն համարձակվում բացահայտ հանդես գալ Քոչարյանի պաշտպանության դիրքերից: Չեմ կարծում, որ նրա կողմից ակտիվություն ցուցաբերելը պետք է դիտարկել որպես 2018թ. նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ, կարծում եմ՝ դեռ վաղ է նման հայտ ներկայացնել: Բնականաբար, նա կուզենա առաջադրվել, ես չեմ բացառում: Ի վերջո, նա կուլիսային խարդավանքների մեծ վարպետ է, դրա վառ ապացույցն այն է, որ չունենալով ոչ մի աջակցություն՝ նա կարողացավ զբաղեցնել ինչպես ԼՂՀ-ի, այնպես էլ երկու անգամ ՀՀ նախագահի պաշտոնները: Ամենայն հավանականությամբ՝ նա հույսը դնելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանի կողմից էստաֆետի կարգով իշխանությունն իրեն վերադարձնելու վրա: Ամեն դեպքում, եթե Հայաստանում ֆորս-մաժորային իրավիճակ չի ստեղծվում, դեռեւս վաղ է խոսել 2018թ. նախագահական ընտրությունների մասին: Ցանկացած դեպքում ՀՀ քաղաքացիները պետք է ամեն ինչ անեն՝ բացառելու Ռ. Քոչարյանի կողմից ՀՀ նախագահի պաշտոնին անցնելու հավանականությունը: Դա պիտի համարել Հայաստանի Հանրապետության անվտանգության լրջագույն սպառնալիք:

– ՀԱԿ-ԲՀԿ հարաբերությունների ջերմացումը որոշ վերլուծաբանների թույլ է տալիս կարծել, որ ԲՀԿ-ի աջակցությունը վայելող Քոչարյանին կսատարի նաեւ ՀԱԿ-ը: Հնարավոր համարո՞ւմ եք նման բան՝ 2008-ի Մարտի 1-ից հետո: Արդյոք ՀԱԿ-ը կարո՞ղ է քաղաքական շահի համար մոռանալ հինգ տարի առաջվա ողբերգությունը:

– Տեսականորեն ոչինչ բացառել պետք չէ: Հատկապես 2011թ. հայտնի քաղաքագիտական վերլուծությունից հետո ամեն ինչ էլ հնարավոր է: Ինչպես ասում են՝ «երբեք մի ասա երբեք»: Բայց ես հակված եմ մտածել, որ նման բան տեղի չի ունենա: Վստահ եմ՝ ՀԱԿ-ում կան գործիչներ, ովքեր առանցքային դերակատարում ունեն այդ կազմակերպությունում, եւ կանեն ամեն ինչ՝ նման զարգացումները կանխելու համար: Ի վերջո, քաղաքականությունը՝ քաղաքականություն, բայց ՀԱԿ-ը, լինելով Մարտի 1-ի դեպքերի լիարժեք բացահայտման պահանջատերերից մեկը, ըստ էության, չի կարող սատարել մեկին, ով համարվում է այդ հանցագործության թիվ մեկ պատասխանատուն: Ես այս խնդիրը դիտարկում եմ բարոյականության հարթության մեջ:

Առհասարակ, կարծում եմ, այդ մարդու մասին առայժմ բացարձակ խոսել պետք չէ: Պետք չէ նրան արհեստականորեն արժեւորել, նրան պետք է անդրադառնալ միայն այն ժամանակ, երբ կունենանք լիովին ազատ, անկաշկանդ եւ անկախ դատարաններ, եւ որտեղ նա ամբաստանյալի կարգավիճակում ցուցմունքներ կտա իր կատարած բոլոր հանցագործությունների մասին:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728