Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին կնոջն այրել է վրեժխնդրության պատճառով

Փետրվար 01,2014 15:00

«Ոչ ինքն ինձ ծնող եղավ, ոչ էլ թողեց մորս քաղցրությունը զգամ: Մորս օր ու արեւ չի տվել: Սաղ կյանքը բերդերն ա եղել: Փոքր երեխա էի, հիշում եմ, որ մերս գաղութ պերեդաչի էր տանում հորս, իրա՝ ղումարով կրված պարտքերն էր փակում»,- այսպես է հիշում Լուսինեն հարազատ հորը, որը վերջերս հրկիզելով սպանել է նախկին կնոջը՝ Լուսինեի մորը:
Հունվարի 20-ին, ժամը 06.00-ի սահմաններում, Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում Լուսինեի հայրը՝ Լեւոն Հ.-ն, բենզինը լցրել ու հրկիզել է նախկին կնոջը` Օֆելյա Մովսիսյանին: Կինն այն աստիճանի այրվածքներ է ստացել, որ չի կարողացել դիմադրել եւ այրվելու 3-րդ օրը մահացել է հիվանդանոցում: Այս պահին ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում ծանր վիճակում է տիկին Օֆելյայի ներկայիս ամուսինը՝ Ռոլանդ Բաբայանը, որը կնոջը այրվելուց փրկելու փորձ է արել, բայց, ցավոք, ինքն էլ բավականին լուրջ այրվածքներ է ստացել:

Հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հովհաննես Ասլանյանը մեզ հետ զրույցում ասում է, որ 72-ամյա Ռոլանդ Բաբայանը մարմնի 35 տոկոս մակերեսի ու շնչուղիների այրվածքներ ունի. «Հիվանդանոց ընդունվելուց ծանր էր, հիմա բավականին կարողացել ենք կայունացնել վիճակը, բայց կա ծերունական տարիք, որը միշտ խանգարում է մեզ, դեռ հայտնի չէ՝ նա կապրի՞, թե՞ ոչ: Այրվածքները խորն են, վիրահատության կարիք կա, երբ վիճակը մի քիչ բարելավվի, նոր կդիմենք վիրահատության»:

Չնայած Ռոլանդի գիտակցությունը պարզ է ու անընդհատ հարցնում է կնոջ մասին, բայց նրա հարազատներն ու բժիշկներն իրականությունը թաքցնում են նրանից. գուցե սիրտը չդիմանա: «Ասում ենք՝ Օֆելյային տարել են ուրիշ հիվանդանոց»,- մեզ հետ զրույցում ասում է Ռոլանդի թոռնուհին: Իսկ տիկին Օֆելյայի մարմնի 90%-ն էր այրվել. դա, ինչպես վստահեցնում է բժիշկը, կյանքի հետ անհամատեղելի էր, ուստի կինը չդիմացավ:
Ռոլանդն ու Օֆելյան մի քանի տարի է՝ բնակվում էին Առատաշեն գյուղում. գյուղապետն ասում է՝ Ռոլանդը 10-12 տարի առաջ տնամերձ էր ձեռք բերել, հետո տնակ էր տեղադրել, ու կնոջ հետ վերջին 5 տարում իրենց կյանքով հաշտ ու խաղաղ ապրում էին այդ տնակում, երկուսն էլ Երեւանից էին տեղափոխվել գյուղ: «Գյուղի էն չոլի հատվածում իրենք մի ուրիշ կյանքով, մի ուրիշ աշխարհով էին ապրում»,- պատմում է Առատաշենի գյուղապետ Վահրամ Հարությունյանը:

Գյուղացիները մեզ հետ զրույցում որոշ ենթադրություններով ասում են, թե նախկին ամուսինը երեւի նախանձելով ու խանդից դրդված է լուսաբացին վեր կացել, Երեւանից եկել գյուղ ու վառել նախկին կնոջը: Իսկ գյուղապետն ասում է. «Եթե խանդի թեմա լիներ, էդ վառողին կտեսնեինք ստեղ, կգար-կգնար, փոքր գյուղ ա, բոլորս իրար ճանաչում ենք, նա էլ մեր գյուղից չի ու ոչ էլ էս կողմերը մինչեւ դեպքի օրը երեւացել է»:

«Ոչ խանդ է, ոչ էլ նախանձ: Էդ ամենը բամբասանք է: Ծնողներս շատ վաղուց բաժանված են: Հայրս ամուսնացած է ուրիշ կնոջ հետ, 6 տարեկան տղա ունի: Եթե ուզում եք ճիշտն իմանալ` տան կռիվ էր: Եղբորս օրենքով պատկանող տունն է ուզում խլել: Հերիք չէ՝ ամբողջ կյանքում հայրություն չարեց, հարազատ երեխային էլ ուզում է անտուն թողնել»,- պատմում է Լուսինեն: Բնակարանային վեճը նախկին ամուսինների միջեւ նոր չի ծագել. արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ նախկին կնոջը հրկիզող Լեւոն Հ.-ն տարբեր միջոցների է դիմում բնակարանին տիրելու համար: Լուսինեն պատմում է, որ մոր վերջին խոսքն է եղել՝ «Էդ տանը տիրություն կանեք, էդ ձեր տունն ա: Ջահել, 53 տարեկան մորս տարա հողին հանձնեցի, ես հորս երբեք չեմ ների: Նա տենց էլ մեզ հեր չեղավ, սաղ կյանքը մեզ վատություն արեց, եսիմ քանի հատ դատվածություն ունի, տարիներով նստած ա եղել: Եկավ բենզինը լցրեց մորս ու դոմիկի վրա, բա չէ՞ր մտածում՝ աղջիկն ու թոռներն էլ են մեջը եղել, բա որ էրեխեքին մի բան լիներ: Բա ես ո՞նց ներեմ նրան»:

Դեպքի օրը Լեւոն Հ.-ն տնակն ու նախկին կնոջը հրկիզելուց հետո ինքն է զանգահարել ոստիկանություն ու շտապօգնություն, գյուղացիներից մեկին էլ ասել է. «Այ մարդ, էս «սկոռին» ու միլիցիան խի՞ են ուշանում, կնկաս ու դոմիկն եմ վառել»:

Լեւոնը հիմա ձերբակալված է, ամբողջությամբ ընդունել է իր մեղքը եւ ինքնախոստովանական ցուցմունք տվել: «Բնակարանային խնդիր է, բնակարանից վտարելու հարցի շուրջ վրեժխնդիր լինելու շարժառիթով է Լեւոնն այդ արարքը կատարել: Ամողջը պատմել է: Գործը դեռ նախաքննության փուլում է, փորձաքննություններ եւ այլ գործընթացներ պետք է իրականացվեն: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի եւ 185 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` սպանության փորձ եւ դիտավորությամբ գույքի վնասում»,- վստահեցնում է ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժնի պետի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Մամանդյանը:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

Հ.Գ. Նյութը պատրաստվել է «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության աջակցությամբ: Եթե դուք ականատես եք եղել ընտանեկան բռնության դեպքի, ահազանգեք Արագ արձագանքման խմբին:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728