Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մերժում են, ասելով՝ «առկա են միջին ագրեսիվության ցուցանիշներ»

Փետրվար 01,2014 14:58

Երեկ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ռուբեն Ամատունու վաղաժամկետ պայմանական ազատելու դիմումի քննությունն էր: «Ես բազմիցս ձեր եւ այլ օրաթերթերի միջոցով դիմել եմ պաշտոնատար անձանց, կառավարությանը, սակայն բարձրացված հարցը առայսօր լուծում չի ստացել եւ անօրինական մերժումները շարունակվում են: Ինձ թվում է, որ կարիք չկա, որպեսզի կրկին նշեմ «Կոշ» ՔԿՀ-ում իմ պատիժը կրելու ընթացքում իմ վարքի, իմ աշխատանքի արդյունքների մասին»,- «Առավոտի» հեռակա զրույցի ժամանակ ասաց Ռուբեն Ամատունին: Ըստ նրա, 31.07.2013թ. «Կոշ» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովը նրան բնութագրելով որպես ուղղված, «դրական դատապարտյալ», մերժել է նրա վաղաժամկետ պայմանական ազատումը, պատճառաբանելով կատարած հանցանքի բնույթը, հոդվածի ծանրությունը: «Իմ հետ «տարվող հոգեբանական աշխատանքները դրական արդյունքներ չեն տալիս»՝ բնութագրել է վարչակազմը, նաեւ նկատել, թե ինձ մոտ առկա է միջին ագրեսիվության ցուցանիշներ: Ես հայտարարում եմ, որ իմ հետ որեւէ հոգեբանական աշխատանքներ չեն տարվել, քանի որ դրա կարիքը չի զգացվել, իսկ ես ագրեսիվություն ընդհանրապես չեմ դրսեւորել:

Իմ անձին վերաբերող տվյալները խեղաթյուրելով փորձում են արդարացնել իրենց մերժման ակտերը, միաժամանակ վիրավորելով ինձ»,- ասում է Ռ. Ամատունին: Նա խնդրել էր, որ ներկա գտնվենք նիստին, որպեսզի ինքը կարողանա ներկայացնել վարչակազմի կողմից իրեն տրված խրախուսանքները, մասնավորապես՝ սպորտային միջոցառումներին ակտիվ մասնակցելու, կրթական ինքնագործ միավորման նախագահ լինելու, ՔԿՀ-ի գրադարանում իր նախաձեռնությամբ բազմաթիվ գրքեր ձեռք բերելու եւ տրամադրելու համար: Նա ասում է, որ իր խնամքի տակ են գտնվում 2-րդ կարգի հաշմանդամ ծեր, միայնակ մայրը, ով գտնվում է ծանր առողջական վիճակում, ինքը չունի տույժ, իր դեմ չկա քաղաքացիկան հայց, բողոք, կրել է պատժի 1/2-ից ավելին, սակայն մերժում են վաղաժամկետ պայմանական ազատման դիմումները:

Դատապարտյալի կարծիքով՝ ԱԺ հայտարարած Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներումը ազդում է իր հոդվածների վրա: Նա դիմել է արդարադատության նախարարին, վերահսկող վարչությանը՝ դատախազությանը, խնդրելով անհատական ընդունելության կիրառման եղանակը պարզել, կիրառել եւ պատժի հետագա կրումից ազատել: Սակայն դատապարտյալ խնդրանքները չեն բավարարվել, իսկ գլխավոր դատախազության վերահսկող վարչությունից ստացված պատասխանում չկա կիրառման եղանակի մասին, այլ կար միայն «ընդհանրական ցուցում»: Դատապարտյալը դիմել է Ազգային ժողով, որտեղից նույնպես պատասխան չի ստացվել: Ուշագրավ է, որ «Կոշ» ՔԿՀ-ի որոշմամբ՝ Ամատունու նկատմամբ կիրառվում է համաներում, կիրառվում է պատժի չկրած մասի՝ 3 տարի 3 ամիս 24 օրվա 1/4 մասը: «Ի՞նչ եղանակով է կիրառվել համաներումը, փաստորեն 35-175/2 (6 ամիս) հոդվածիս վրա տարածված պատժի չկրած մասի 1/4-ի կրճատումը տարածել են ամբողջ դատավճռիս վրա, չհաշվելով, որ 175/1 եւ 34-176/1 (6 ամիս) հոդվածներիս վրա տարածվում է պատժից ազատում, հետեւաբար համաներման ակտը կիրառում են առավել նվազ, ոչ օգտակար եղանակով: Եվ սա կոչվում է մարդասիրական համաներում: Նախագծում 19-րդ կետի պահանջը մարդասիրական էր, իսկ հաստատելուց հետո այն մարդասիրական չէ, քանի որ փոխվել էր 19-րդ կետի սահմանումը՝ ի վնաս դատապարտյալի», ասում է դատապարտյալը: Նա գտնում է, որ գլխավոր օրենսդիր մարմինը այս բացթողումները պետք է տեսնի եւ ուղղի՝ թեկուզ հաջորդ համաներումի ժամանակ: Ռ. Ամատունուն երկու անգամ մերժել են, չեն տեղափոխել բաց տիպի հիմնարկ, այն դեպքում, երբ բաց տիպի հիմնարկ տեղափոխելու ժամկետը լրացել էր 2012թ. մայիսի 28-ին:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728