Սցենարիստ Աննա Խաչատուրովայի դիտարկումները
Հեքիաթների հերոսների իր յուրատեսակ աշխարհն է ստեղծել սցենարիստ Աննա Խաչատուրովան, ում ստեղծագործական կարիերան ընտանեկան հանգամանքների բերումով սկսվել է Ռուսաստանում՝ Մոսկվայում, Վորոնեժում եւ այլ քաղաքներում: Շուրջ 3 տարի է՝ արվեստագետը ընդմիշտ տեղափոխվել է հայրենիք: Սկզբնական շրջանում, քանի որ նրա սցենարները ռուսերեն էին, հանդիպել է խոչընդոտների՝ դրանք իրականացնելու ճանապարհին: Հավանաբար դա է պատճառը, որ Աննան մի կողմ դնելով իր սիրած գործը, Երեւանում հիմնել է հագուստի սրահ, ստանձնելով բիզնես-լեդիի դերը: Սակայն երեխաների հանդեպ սերը ստիպել է նրան դարձյալ վերադառնալ արվեստ: Առաջին մանկական ներկայացումը՝ «Աշնանային իրարանցում», տեղի է ունենում 2013-ի աշնանը, իսկ երկրորդը՝ «Քաջ Նազարն ու ընկերները»՝ դեկտեմբերի վերջերին: Սցենարիստը երկու բեմադրություններն իրականացնելու համար համագործակցել է ռեժիսոր Հակոբ Միրզախանյանի հետ, իսկ պատանի դերասաններին ընտրել երեւանյան թատերական ու պարային ստուդիաներից: Ներկայացումները բարեգործական են եղել:
«Հեղինակածս սցենարների հերոսները հանրահայտ հեքիաթներից են («Կարմիր գլխարկը», «Կոշկավոր կատուն», «Անգետիկը», «Քաջ Նազարը» եւ այլն), այդպես է եղել նաեւ ռուսաստանյան իմ ստեղծագործական գործունեության ընթացքում: Հերոսներին ես կապում եմ ներկայիս, ասենք, հայտնի մարդկանց հետ, օրինակ՝ «Քաջ Նազարն ու ընկերները» ուրախ ներկայացման մեջ մեր Նազարի ընկերներն են հայտնի ֆուտբոլիստներ Ռոնալդոն, Մեսսին եւ այլն: Ավելի քան 15 տարվա աշխատանքս ցույց տվեց, որ նման թեմաներն ավելի են հետաքրքրում երեխաներին: Փաստորեն «աշնանային» ու «ձմեռային» թեմաներով գործերս ներկայացրել եմ, այս պահին աշխատում եմ «գարնանայինի» վրա: Ուզում եմ տարվա չորս եղանակներին մշակութային օջախ հրավիրել երեխաներին»,- ասաց Աննան:
Մեր զրուցակիցը Հայաստանում է իմացել, որ ի տարբերություն Ռուսաստանի, այստեղ արգելված է դպրոցներում տոմսեր իրացնելը, վաղուց չի գործում աբոնեմենտային սիստեմը: «Ռուսաստանում ծնողները ավելի հետեւողական են երեխաների մշակութային դաստիարակության հարցում, մինչդեռ Հայաստանում, կարծում եմ ոչ ոք չի առարկի, երեխաների մի մեծ խումբ ամանորից-ամանոր է հաճախում մշակութային օջախ»,- մտահոգված է Աննան:
Արվեստագետի մոտ սա միակ մտահոգությունը չէ: «Մեր երկիրը համաձայնություն է հայտնել անդամագրվել Մաքսային Միությանը, ինչը ենթադրում է ռուսերենի պարտադիր իմացություն: Իհարկե, երեւանյան որոշ դպրոցներում կան ռուսերենի խորացված ուսուցմամբ դասարաններ: Իմ կարծիքով՝ անհրաժեշտ են նաեւ ռուսերենով մանկական ներկայացումներ, ինչը միայն Ստանիսլավսկու անվան թատրոնում է արվում: Անհրաժեշտ եմ համարում կապը մշակութային օջախների ու դպրոցների միջեւ: Ի վերջո, երբ աշակերտը ձեռք է բերում աբոնեմենտ, դա առուծախ չէ: Աշխարհի հայտնի մշակութային օջախներում գործում է աբոնեմենտային համակարգը՝ նախատեսված ե՛ւ մեծերի, եւ երեխաների համար»,- ասաց Աննա Խաչատուրավան:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ