ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանը երեկ «Առավոտի» միջոցով հայտարարությւոն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով այն փաստը, որ ԲՈՀ-ի շուրջ վերջին շրջանում ծավալվել է մեծ աղմուկ, եւ նաեւ օրեցօր դժվարանում է դիմակայելը լրագրողների անվերջանալի հետապնդումներին, հարկ եմ համարում ասել հետեւյալը. մեր երկրում այսօր ապրում ու գործում են բազմաթիվ լավ գիտնականներ, բազմաթիվ բարեխիղճ ու պատասխանատու մասնագետներ, որոնք նաեւ ներգրավված են ԲՈՀ-ի մասնագիտական խորհուրդներում, որոնք նաեւ սրտացավ են ու մտահոգ գիտության ապագայի հանդեպ: Բարձրագույն աստիճանաշնորհման համակարգում այսօր, իհարկե, առկա են բազմաթիվ նեգատիվ երեւույթներ, որոնք սակայն բնավ չեն կարող արժեզրկել ոչ գիտությունն ու գիտնականին, ոչ գիտական աստիճաններ եւ կոչումներ շնորհող պետական մարմնի գոյությունն ու նշանակությունը երկրում:
Ես ԲՈՀ-ում եմ 20 տարի, նախագահ եմ մի քանի ամիս: Գիտեմ բոլոր թերությունները, պատկերացնում եմ դժվարությունները: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ փորձելու եմ պայքարել գիտական աստիճանաշնորհման համակարգին անհարիր երեւույթների դեմ` բոլոր հնարավոր միջոցներով:
Այսօր խնդրում եմ լրագրողներին առժամանակ զերծ մնալ ԲՈՀ-ից տեղեկություններ կորզելու բազմապիսի փորձերից, նաեւ չստուգված լուրեր իրար փոխանցելուց ու տարածելուց, զանազան չհիմնավորված մեկնաբանություններից: Իրականում որեւէ երեւույթի շուրջ ծավալված աղմուկը, փաստերի` թեկուզ ոչ միտումնավոր խեղաթյուրումը, անժամանակ ու անպատասխանատու հայտարարությունները, բնավ էլ լուրջ մտահոգության նշան չեն եւ արդյունքում դառնում են եւս մի նեգատիվ ծանրություն բոլորիս ճկված ուսերին»:
«Առավոտ» օրաթերթ
Սիրելի Լիլիթ, դու էլ’ քաջ գիտակցում ես ու ներքին համոզմունք ունես գոնե, որ ,,…էս երկրում ,
մեկ ա` ոչինչ չի փոխվելու…,,
Հետաքրքիր է` ումով և ինչպես ես պայքարելու…
(համակուսեցի)
Հարգելի Լիլիթ Արզումանյան: ԲՈՀ-ի և լրագրողների հնարավորությունները Ձեր նշած` գիտական աստիճանաշնորհման համակարգին անհարիր երեւույթների դեմ պայքարելու հարցում տարբեր են: Օրինակ` ԲՈՀ-ը հիմնականում ստուգում է այն, ինչը գրված է ատենախոսության նյութում և որքանով է թեման համապատասխանում գիտական աստիճանի շնորհման: Իսկ այդ ատենախոսությունը գրել է այն պաշտպանողը, թե` նրա ղեկավարը (կամ էլ մեկ ուրիշը), դա Ձեզ դժվար է բացահայտել: Լրագրողներն էլ փորձառություն ունեն հենց նման բաները փորփրելու և բացահայտելու գործում: Եթե լրագրողին ատենախոսության դահլիճ չեն թողնում, ապա տրամաբանական է, որ գիտական թեզ պաշտպանողի մոտ և նրա թիմում հրապարակայնության առումով վստահության պակաս կա: Լրագրողի դիպուկ աչքը կարող է գոնե ընդհանուր գծերով տարբերել, թե ատենախոսության հեղինակը լիարժեք տիրապետում է արդյոք իր նյութին, կամ էլ ինչպիսի անաչառությամբ են նրան հարցեր ուղղում թեմայի ընդդիմախոսները կամ գիտական խորհրդի անդամները և ինչպիսի վստահությամբ է հերքվում կամ ընմդունվում հնչեցված դիտողությունները ատենախոսողի կողմից:
Հասկանալի է, որ հրապարակայնությունը կարող է Ձեր համար նաև լրացուցիչ խնդիրներ առաջացնել: Բայց եթե Դուք իրոք ուզում եք պայքարել հովանավորչության և աստիճանաշնորհման համակարգին անհարիր երևույթների դեմ, ապա կարծում եմ կհամաձայնվեք, որ հրապարակայնությունից ու լրագրողների ակտիվությունից ԲՈՀ-ը չի տուժի: