«Աստված իբրեւ հայր եւ ծնող, մարդուն որոշակի առաքելություն, ուղի է տվել»,- ասում է Մայր Աթոռի Պաշտոնական մամուլի եւ հրատարակչական բաժնի տնօրեն տեր Շահե վարդապետ Անանյանը:
Այս խոսքերը լսում ենք աթեիստական միջավայրում մեծացած հոգեւորականից, ում ի սկզբանե կրոնն ընդհանրապես չէր հետաքրքրում, իսկ նպատակն իրավաբան դառնալն էր: Սակայն, ինչպես ասում են` մենք որոշում ենք, Աստված` տնօրինում…
«Ամեն ինչ սկսվեց Գեւորգյան ճեմարանում հայոց պատմության օլիմպիադային մասնակցությունից»,- պատմում է հայր սուրբը: Մինչ այդ անծանոթ ճեմարանը, դեռեւս ոչ հոգեւոր, սակայն կրթական, ազգային ժառանգության փոխանցման իմաստով սկսում է հետարքրել նրան: Վարդապետը, սակայն, մինչեւ այժմ էլ բացատրություն չունի ճեմարանում սովորելու որոշման համար. «Դա եղել է զուտ ցանկություն`առանց ապագայի մասին մտածելու: Երեւի Տիրոջ նախախանամությունն էր, սակայն երբեք չեմ զղջացել հոգեւոր ասպարեզն ընտրելու համար»: Այստեղ ապագա հոգեւորականի առաջին բացահայտումը մինչ այդ աներեւույթ, «վերացական» Աստծո ներկայությունն էր, Նրա հանդեպ արթնացած սերը, Աստծո գաղափարն իբրև անձ, «որ ինձ համար կենսական անհրաժեշտություն պիտի դառնար»-նշում է մեր զրուցակիցը:
Այնուհետեւ հայր Շահեն մեկնել է Փարիզ՝ գիտելիքները խորացնելու Կաթոլիկ համալսարանի աստվածաշնչագիտության ֆակուլտետում եւ Սորբոնի համալսարանի Արեւելյան լեզուների դպրոցում:
Բայց, ինչպես նա է նկատում, սոսկ գիտական տեսանկյունից Աստվածաշունչն ուսումնասիրելը, վերլուծելը միայն փոքրիկ հատիկն է աստվածային անսահման ճշմարտությունից: «Իրական քրիստոնյայի կյանքը Քրիստոսին նմանվելու ճանապարհն է, քրիստոնեությունն ինձ տվեց կարեւորագույն զենք` հնարավորություն` Հիսուս Քրիստոսի անձի լույսի ներքո տարբերակել օգտակարն անօգտակարից եւ բարին` չարից»,- ասում է հայր սուրբը: Վարդապետի մտահոգության առարկան մեր դարաշրջանին բնորոշ վտանգավոր երեւույթն է` անտարբերությունը՝ ցանկացած երեւույթի, մարդու հանդեպ, մարդ անհատն իբրեւ Աստծո պատկեր, իբրեւ անհատականություն մահանում է: «Հոգեւոր կյանքում եւս զարգացում է անհրաժեշտ. եթե մարդուն շարունակաբար երկու հազար տարվա սկուտեղի մեջ մատուցես ամենահամեղ խորտիկն անգամ, նա չի ընդունի: Եվ մեր եկեղեցին այս իմաստով անելիք ունի,-համոզված է մեր զրուցակիցը:- Եկեղեցին ժողովարան է, իսկ ժողովուրդն էլ պետք է գիտակցի, որ ինքն այդ ժողովարանի մի մասն է եւ այնտեղ իր դերն ու անելիքն ունի»: Հայր սուրբի խոսքով՝ «Ինչպես մանուկն է զգում ծնողի ներկայությունը, այդպես էլ մարդ պետք է զգա Աստծո ներկայությունը»: Իսկ ինչպե՞ս զգալ. հայր Շահեն այս հարցին պատասխանում է վանականներից մեկի օրինակով. «ինչ-որ ես անում եմ, մտածում եմ, որ կողքիս կանգնած է Աստված եւ նայում է ինձ…»:
Մարիամ ԱՎԵՏԻՍՅԱՆ