Լրահոս
Օրվա լրահոսը

«Տնտեսական ազատությունների առումով մենք առաջ ենք անցել Մաքսային միության երկրներից». «Հայոց աշխարհ»

Փետրվար 01,2014 10:34

 «Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, բյուջետային, ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ

   –Վերջերս բավական ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոն՝ ասելով, որ շատ դեպքերում Հայաստանը իր որդեգրած օրենսդրական լուծումներով առաջ է անցել Մաքսային միության երկրներից։ Սա նշանակո՞ւմ է, որ ոչ միայն մենք, այլեւ իրենք խնդիր ունեն՝ համապատասխանեցնելու իրենց օրենսդրությունը մեր ստանդարտներին։
   -Այն, որ տնտեսական ազատությունների առումով մենք առաջ ենք անցել Մաքսային միության երկրներից, վաղուց արձանագրված փաստ է։ Ավելին՝ կա պայմանավորվածություն, որ եթե ՄՄ անդամ դարձող երկրում, տվյալ դեպքում՝ Հայաստանում, գործում են ավելի առաջանցիկ, արդյունավետ մեխանիզմներ, մյուսները պետք է արագացված ընթացակարգերով մոտեցնեն իրենց օրենսդրությունն այդ չափորոշիչներին, ոչ թե հակառակը։
Ակնհայտ է, որ ժամանակի ընթացքում Մաքսային միության երկրները իրենց ներքին ընթացակարգերը, տնտեսական օրենքները, գործառույթները համապատասխանեցնելու են եվրոպական լավագույն չափանիշներին։ Ուղղակի նրանց մոտ այդ գործընթացը դանդաղում է, որովհետեւ փորձում են ամեն կերպ պաշտպանել ներքին շուկան հնարավոր բացասական ազդեցություններից։
   –Նախագահ Պուտինը հայտարարեց, որ Մաքսային միությունը պատրաստ է քննարկել ԵՄ հետ ազատ առեւտրի գոտի ստեղծելու հնարավորությունը։ Այդ առաջարկը հեռանկար ունի՞։
   -Ըստ էության, ՄՄ երկրներն առաջին անգամ չէ, որ բարձրաձայնում են այդ գաղափարը։ Սա ՄՄ-ում ձեւավորված տեսակետ է, որին Եվրամիության մեր գործընկերները առայժմ դրական չեն արձագանքել։ Կարծում եմ, շատ օգտակար գաղափար է եւ ունի կյանքի կոչվելու լուրջ հնարավորություններ։ Գոնե ՄՄ երկրների կողմից այդ ընկալումը կա, եւ, կարծում եմ, պետք է լուրջ ջանքեր ներդնենք, որ այդ հնարավորությունը իրականություն դառնա։
Այդ պարագայում, առավել քան համոզված եմ՝ Հայաստանի շանսերը՝ կապող օղակ, կամուրջ դառնալու այդ երկու մեծ կառույցների միջեւ, շատ մեծ են, ոչ միայն այն առումով, որ շատ դեպքերում մենք առաջ ենք անցել ՄՄ երկրներից, այլեւ այն տեսակետից, որ ունենք GSP+ կարգավիճակ, որը տրվում է տնտեսական ազատությունների բնագավառում առաջանցիկ արդյունքներ արձանագրած երկրներին։
Մյուս կողմից՝ ՄՄ լայն շերտերում ներդնելուց առաջ, համագործակցության նոր մոդելները շատ ավելի հեշտ է փորձարկել փոքր տարածքում, ինչպիսին Հայաստանն է, որը անմիջական ցամաքային սահման չունի ՄՄ մյուս երկրների հետ։ Այսինքն՝ լոկալ տարածք է, որտեղ ինտեգրացիոն փորձարկումները շատ ավելի հեշտ է իրականացնել։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728