Հունվարի 1-ից ուժի մեջ մտած «ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի մասին» և «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխությունները, ըստ վերլուծաբանների եւ տնտեսագետների ոչ միայն դժվարին կացության մեջ են դրել արտագնա աշխատանքի շնորհիվ գոյատեւող Հայաստանի բազմաթիվ ընտանիքների, այլեւ լուրջ ազդեցություն կունենան երկրի տնտեսության, հասարակության տրամադրությունների վրա:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանից մեկնողների հիմնական մասը` գրեթե 73,1 տոկոսը, նախընտրում է Ռուսաստանը: Մեկնողների գրեթե 90 տոկոսը գնում է աշխատելու նպատակով:
«Հազիվ, ծերը ծերին հասցնելով գոյատևում էինք, տղես ամեն ամիս փող էր ուղարկում, մենք ստեղ խնայելով, ինքը էնտեղ` մենակ օտար չոլերում, յոլա էինք գնում, – ասում է 62-ամյա Վարդուհի Խաչատրյանը, ում որդին արդեն տասը տարուց ավելի աշխատում է Մոսկվայում,- բա հիմա ինչ ենք անելու, յոթ հոգանոց ընտանիքը ոնց ա ստեղ պահելու»:
Ըստ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի (People in Need) Միգրացիոն ծրագրերի ղեկավար Տաթևիկ Բեժանյանի, Հայաստանից ՌԴ են մեկնում առաջինը վիզային ռեժիմի բացակայության եւ լեզվի իմացության, ծանոթ-բարեկամ ունենալու պատճառով:
2010 թվականին Ռուսաստանում անցկացված մարդահամարի տվյալների համաձայն` Ռուսաստանում 1 միլիոն 180 հազար ազգությամբ հայ քաղաքացի կա, իսկ ընդհանուր առմամբ`2.250.000 հայ:
Սակայն, օրենքի ուժի մեջ մտնելուն զուգահեռ, արդեն իսկ շատերի համար սկսվել են դժվարին ժամանակներ:
«Դեպքեր կան, երբ մարդիկ տոմսը գնել են, հասել են օդանավակայան, սակայն հանդիպել են արգելքի: Ասել են` դուք սև ցուցակում եք, չգիտենք ինչու և ինչքան ժամանակով, բայց դուք չեք կարող անցնել սահմանը,- «Մեդիալաբին» ասում է Բեժանյանը,- եթե անգամ մուծված են բոլոր տուգանքները, միևնույնն է, հաշվարկվում են բոլոր վարչական խախտումները, դրա համար սահմանված ժամանակով արգելվում է մարդու մուտքը ՌԴ»:
Օրենքի համաձայն, ՌԴ առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր` յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում: Սա նշանակում է, որ փաստացի, հազարավոր ընտանիքներ հայտնվել են դժվարին կացության մեջ:
«Յուրաքանչյուր երկիր իրավասու է սահմանել իր օրենքներն ու ռեժիմը,- «Մեդիալաբին» ասում է Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը,-և օտարերկրյա քաղաքացիները պետք է հարգեն ու պահպանեն դրանք»:
Անի Եղիազարյան
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Ոն կարար Գագիկ Եգանյանը խելամիտ ու մանավանդ ազգային, պետական գործչին հարիր բան ասեր….
Ոնց կարար