Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշտանգված հարսը սկեսուրից մոտ 13 միլիոն դրամի փոխհատուցում է պահանջում

Հունվար 31,2014 21:52

Սկեսուրի կողմից դաժան ծեծի ենթարկված, խոշտանգված, պատառաքաղով մարմինը ծակծկած ու արդուկով այրած Մարիամ Գեւորգյանը դիմել է դատարան եւ պահանջում է վնասի փոխհատուցում:

Aravot.am-ի հետ զրույցում Մարիամ Գեւորգյանի փաստաբան Տիգրան Մուրադյանն ասաց, որ այսօր Արարատի եւ Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանում նիստն էր`«Հայցադիմում ենք ներկայացել, խնդրել, որպեսզի քաղաքացիական հայցի մասով փոխհատուցում տրվի Մարիամ Գեւորգյանին: Հայցը 2 մասից է, պահանջը` նյութական վնասի համար 2 միլիոն 620 հազար դրամ, եւ բարոյական վնասի փոխհատուցում՝ 10 միլիոն դրամ փոխհատուցում»:

Մարիամը պահանջում է, որպեսզի  առողջությանը պատճառված վնասը վերականգնվի, այսինքն` բուժման, գուցեեւ` վիրահատության ծախսեր:

Մեր այն հարցին, թե ինչպե՞ս են որոշել փոխհատուցման գումարի չափը, փաստաբանն ասաց. «Այսօր դատական նիստում մեր միջնորդությամբ նշանակվեցին դատագեղագիտական, դատաբժշկական, ապրանքագիտական համալիր փորձաքննություններ, որպեսզի որոշվի, թե ինչ հետազոտություններ պետք է կատարվեն, ինչ բուժումներ են պահանջվում, արդյոք վիրահատության կարիք կա, այդ ամենը ինչ արժեք կունենա»:

Գործի վարույթը, ըստ փաստաբանի, կասեցվել է` մինչեւ փորձագիտական եզրակացությունը: Իսկ թե ինչպիսն էր Մարիամի նախկին ամուսնու եւ սկեսուրի` Հայկանուշ Միքայելյանի` դատարանում ներկայացուցչի դիրքորոշումը, արդյոք միջնորդությանն առարկեց, մեր այս հարցին էլ, պարոն Մուրադյանն ասաց. «Ըստ էության, չառարկեց,  փորձագետին առաջարկվող հարցերի մեջ հարց ավելացրեց, թե դեպքից հետո այս ժամանակահատվածում արդյոք առանց բժշկական օգնության դիմելու, վերականգնվե՞լ է Մարիամի առողջական վիճակը, որքանո՞վ է վերականգնվել»:

Մեր այն հարցին էլ արդյոք հնարավոր համարո՞ւմ են բարոյական վնասի փոխհատուցում ստանալ, քանի որ Հայաստանում այդ պրակտիկան, կարծես թե, չկա, պարոն Մուրադյանն ասաց, որ Հայաստանում ընդհանրապես չի կիրառվում բարոյական վնասի փոխհատուցումը, բայց հաշվի առնելով Սահմանադրական դատարանի որոշումը, փաստաբանն ակնկալում է, որ դատարանը ՍԴ-ի որոշումը հաշվի կառնի. «Մենք փորձել ենք հիմք ընդունել Սահմանադրական դատարանի վերջերս կայացրած որոշումը, որով ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել բարոյական վնասի հատուցման  ինստիտուտի բացակայությունը, եւ մեկնաբանել է, որ դա չի համապատասխանում Սահմանադրական դատարանին: Այս պահին ՍԴ-ն ժամկետ է տվել, որ նման ինստիտուտ նախատեսվի, մենք հիմնվել ենք այն մեկնաբանության վրա, որ Հայաստանն արդեն պետք է ունենար այդ ինստիտուտը եւ դրա բացակայությունն ինքն իրենով արդեն խախտում է: Հենց սրա վրա հիմնվելով, մենք ակնկալում ենք, որ, եթե Հայաստանի Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարաններն էլ մերժեն, մենք հարցը կբարձրացնենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Հիմա բոլոր դատարաները բարոյական վնասի հատուցման պահանջով վարույթ վերցնում են, բայց շաբլոնային որոշում են կայացնում, ասելով` քանի որ այդ ոլորտը կարգավորող ինստիտուտ չունենք, կարճում ենք գործը»:

Հիշեցնենք, որ Մարիամի Գեւորգյանի սկեսուրը` Հայկանուշ Միքայելյանը անցյալ տարի դատապարտվել էր 4 տարվա ազատազրկմամբ, բայց համաներմամբ պատժի կրման ժամկետի 1/3-ը հանվել է: Հայկանուշ Միքայելյանն այժմ ազատության մեջ է: Իսկ Մարիամ Գեւորգյանն անցյալ տարի դիմել էր Վերաքննիչ, հետո վճռաբեկ դատարաններ, սկեսուրի պատժի չափը խստացնելու պահանջով. հայցադիմումը մերժվել էր:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031