Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային կազմակերպություններին անձեռնմխելիությունից զրկելու առաջարկը ու Շանթ Հարությունյանը հարցը՝ Ստրասբուրգում

Հունվար 31,2014 20:22

Այսօր ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում քննարկվեց «Միջազգային կազմակերպությունների պատասխանատվությունը մարդու իրավունքների խախտումների համար» զեկույցը: ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը զեկույցը «հեղափոխական» անվանեց ու շեշտեց. «Միջազգային կազմակերպություններին բացարձակ անձեռնմխելիությամբ օժտելը նպատակ էր հետապնդում ապահովել նրանց կայացումը, նպատակների իրագործումը ու որոշումների կատարումը»:

Արփինե Հովհաննիսյանը փաստեց, որ միջազգային կազմակերպությունները ունեն ուժ, իրավունքներ և արտոնություններ, նրանց գործողություններն ու որոշումները ուղղակի ազդեցություն ունեն այլոց իրավունքների և ազատությունների վրա, անուղղակիորեն տնօրինում են իրենց անդամ պետությունների իշխանությունն ու զինված ուժերը, բայց միաժամանակ նրանք պատասխանատու, կամ, ավելի ճիշտ, հաշվետու չեն իրենց գործողությունների արդյունքում մարդու իրավունքների ոտնահարման համար:

Այնուհետև հղում կատարելով զեկույցին՝ շեշտեց. «Թեև, ինչպես նշված է զեկույցում, դատական պրակտիկան, որի հիմքում ընկած են Արդարադատության միջազգային դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Եվրոպական արդարադատության դատարանի որոշումները, դեմ է միջազգային կազմակերպություններին անձեռնմխելիությունից զրկելուն անգամ jus cogens նորմերի խախտման դեպքում, Միջազգային իրավունքի ասոցիացիայի և Միջազգային իրավունքի հանձնաժողովի կողմից կատարված տեսական աշխատանքը մեկ քայլ առաջ է միջազգային կազմակերպություններին բացարձակ անձեռնմխելիությունից զրկելու առումով»:

Արփինե Հովհաննիսյանը համաձայնեց զեկույցում ամրագրվածի հետ, որ գործառութային անձեռնմխելիության պատշաճ կիրառման դեպքում այն կարող է դառնալ միջոց անձեռնմխելիության չարաշահման դեմ՝ հնարավորություն ընձեռելով անհատներին պաշտպանել իրենց իրավունքներն ու ազատությունները:

Ու շարունակեց. «Միաժամանակ, անձեռնմխելիությունից զրկելու պայմանները պետք է լինեն հստակ ամրագրված և սահմանափակ, որպեսզի բացառեն միջազգային կազմակերպությունների վրա ճնշում գործադրելն և այլ չարաշահումները, որոնք կարող են խոչընդոտել իրենց նպատակների իրագործմանը»:

Այնուհետև ուշադրություն հրավիրեց զեկույցում տեղ գտած առաջարկին, ըստ որի՝ միջազգային կազմակերպությունները պետք է լինեն այն սուբյեկտների ցանկում, որոնց դեմ հնարավոր է բողոք ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ու հղում կատարելով Եվրոպական դատարանին՝ հայ պատվիրակը շեշտեց. «Ինչպես նշել է Եվրոպական դատարանը իր Beer, Regan, Waite և Kennedy-ին ընդդեմ Գերմանիայի գործում, ողջամիտ այլընտրանքային միջոցներ պետք է հասանելի լինեն Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների պաշտպանության համար: Եթե անգամ ոչ դատական պաշտպանությունը, ապա այլընտրանքային միջոցները, օրինակ` պարտադիր արբիտրաժը կամ մարդու իրավունքների խախտման դեպքում փոխհատուցում պահանջելու այլ մեխանիզմներ պետք է հասանելի լինեն ցանկացած իրավական համակարգում և ցանկացած սուբյեկտի դեմ:

Չպետք է մի ոլորտ լինի, որտեղ իրավունքը անզոր լինի, որտեղ մարդու արժանապատվությունը և այլ հիմնական իրավունքները կարող են անտեսվել»:

Նշենք, որ ելույթի համար հերթագրվել էր նաև Հայաստանի պատվիրակության անդամ Լևոն Զուրաբյանը, սակայն, հավանաբար, ժամանակի հետ կապված խնդիրների  պատճառներով նա ելույթ չունեցավ:

Տեղեկացնենք, որ երեկ  Լևոն Զուրաբյանը հանդիպել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին: iLur.am-ի հետ զրույցում պարոն Զուրաբյանը հայտնել է, որ հանձնակատարի հետ քննարկել է մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում: Պարոն  Զուրաբյանն առաջարկել է հանձնակատարին աջակցություն ցուցաբերել Հայաստանում եւ Ուկրաինայում ցուցարարների դեմ մահաբեր զենքի օգտագործման ու սպանությունների միջազգային անկախ հետաքննման եւ դրանց կազմակերպիչներին ու իրականացնողներին քրեական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաեւ նման դեպքերի կանխարգելմանն ուղղված օրենսդրական երաշխիքների մշակման վերաբերյալ զեկույցի նախապատրաստման գործում:

Զուրաբյանը նաեւ հանձնակատարին տեղյակ է պահել  Շանթ Հարությունյանի եւ նրա հետ 13 այլ ձերբակալվածների շուրջ ստեղծված վիճակի մասին, մասնավորապես, նրանց նկատմամբ բռնության կիրառման տեղեկությունների եւ տեսակցելու ապօրինի արգելքների մասին:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031