Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց Արարատի եւ Կոտայքի մարզպետարաններում

Հունվար 31,2014 19:28

Արարատի եւ Կոտայքի մարզպետարաններում այսօր կայացած խորհրդակցությունների ընթացքում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին ներկայացվեցին  2014թ. ծրագրերն ու անելիքները, ինչպես նաեւ 2013թ. իրականացված աշխատանքները:

Արարատի մարզպետարանում կայացած խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին մարզային զարգացման ծրագրով 2013թ. իրականացված աշխատանքները: Նշվեց, որ 2013թ. մարզում ընդհանուր  առմամբ  կատարվել է  շուրջ 24 մլրդ  դրամի ներդրում, որից  10,6 մլրդ դրամը` արդյունաբերության,  2,1 մլրդ դրամը`  սոցիալական,  3,9 մլրդ դրամը`  գյուղատնտեսության, 6,7 մլրդ դրամը` ենթակառուցվածքների ոլորտներում:

Մարզի համայնքների բյուջեների 2013թ.ընդամենը եկամուտների կատարողականը կազմել  է 100.8%:  2012 թ. համեմատությամբ ընդամենը եկամուտների  ցուցանիշն աճել է 14.8 %-ով  կամ 681,7 մլն  դրամով: Սեփական եկամուտների կատարողականը (5 հարկատեսակների գծով) կազմել է  102.9 %:  2012թ. համեմատությամբ սեփական եկամուտներն աճել են 10.3 %-ով:  Հողի հարկի հավաքագրումը կատարվել է  101.6 %-ով, գույքահարկինը` 103.9 %-ով:

Փոխվարչապետը դրական գնահատելով հավաքագրումների ցուցանիշները` ներկաներին հորդորեց  շարունակել մշտական հետեւողական աշխատանքները: Նշվեց, որ չնայած կատարողականի բարձր ցուցանիշներին, այս մարզում նույնպես կան  համայնքների նկատմամբ դեռեւս պարտավորությունները  չկատարած խոշոր հարկատուներ:  Հունվարի 10-ի դրությամբ հողի հարկի եւ գույքահարկի մասով խոշոր հարկատուների ունեցած պարտավորությունը կազմում է  85,8 մլն դրամ:

Զեկուցվեց, որ մարզի համայնքներում ակտիվորեն շարունակվում են էլեկտրոնային  համակարգերի ներդրման աշխատանքները: Ներկայումս մարզի 97 համայնքից Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ (ՀԿՏՀ) է ներդրված  արդեն 84 համայնքում, որից 82-ը նաեւ կարող է էլեկտրոնային փաստաթղթաշարժ իրականացնել եւ փոխգործակցվել «Mulberry»  համակարգի հետ:

Քննարկվեցին նաեւ  գյուղատնտեսության աջակցության պետական  ծրագրերի իրականացմանն  ու գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր:  Խորհրդակցության մասնակիցները  մտահոգություն հայտնեցին մարզում  «կարտոֆիլի  ցեց»  կոչվող  վնասատուի  տարածման վերաբերյալ` նշելով, որ  անհրաժեշտ պայքար չիրականացնելու դեպքում այն կարող է  լուրջ վնաս հասցնել մարզի գյուղատնտեսությանը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հարցը կքննարկվի կառավարությունում` շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Տեղեկություններ  ներկայացվեցին նաեւ մարզի մի շարք համայնքներում  խորքային հորերի կոնսերվացման աշխատանքների մասին: Փոխվարչապետը պատասխանատուներին հորդորեց այդ աշխատանքներում սերտորեն համագործակցել Բնապահպանության  եւ Տարածքային կառավարման նախարարությունների հետ:

Կոտայքի մարզպետարանում անցկացված խորհրդակցության ընթացքում զեկուցվեց , որ մարզային զարգացման ծրագրով 2013թ.  իրականացվել է 130 միջոցառում: Ընդհանուր առմամբ 2013թ. մարզում կատարվել է  41,7 մլրդ դրամի ներդրում,  որից  35,3  մլրդ դրամը` ՓՄՁ եւ մասնավոր հատվածում,  2,6 մլրդ դրամը`  սոցիալական, 3,4 մլրդ դրամը` ենթակառուցվածքների ոլորտներում:

Մարզի համայնքների բյուջեների 2013թ.ընդամենը եկամուտների կատարողականը կազմել է 99.1 %: 2012 թ.  համեմատությամբ ընդամենը եկամուտների  ցուցանիշն աճել է  9.1 %-ով:  Սեփական եկամուտների կատարողականը (5 հարկատեսակների գծով) կազմել է 100.1%:  2012թ. համեմատությամբ սեփական եկամուտները  5 հարկատեսակների գծով  նվազել  են  1.4 %-ով :  Հողի հարկի հավաքագրումը կատարվել է  100.8 %-ով, գույքահարկի հավաքագրումը` 101.1 %-ով: Կոտայքի մարզում եւս կան համայնքների նկատմամբ  իրենց ֆինանսական պարտավորություններն ամբողջությամբ չկատարած խոշոր հարկատուներ. հողի հարկի եւ գույքահարկի մասով մարզի համայնքներին նրանց պարտավորությունների ընդհանուր ծավալը կազմում է 192,3 մլն դրամ: Փոխվարչապետը պատասխանատուների ուշադրությունը հրավիրեց այդ տվյալների վրա` ընդգծելով բոլոր պարտավորությունների ժամանակին իրականացման անհրաժեշտությունը:

Զեկուցվեց, որ մարզի գրեթե բոլոր համայնքներում արդեն ներդրված են էլեկտրոնային համակարգեր. ՀԿՏՀ  է ներդրված մարզի 67 համայնքից  65-ում, որից 63-ը նաեւ էլեկտրոնային փաստաթղթաշարժ  իրականացնելու հնարավորություն ունի: Փոխվարչապետը դրական գնահատեց այդ ուղղությամբ կատարված աշխատանքները` նկատելով, որ  տեղեկատվական համակարգերի ներդրումն առաջին հերթին  բարձրացնում է հենց ՏԻՄ-երի աշխատանքների արդյունավետությունը, ինչպես նաեւ նպաստում է բնակիչներին ավելի որակյալ ծառայություններ  մատուցելուն:

Մարզպետարաններում անցկացված խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին նաեւ մարզի համայնքների բյուջեների կատարմանը,  մարզպետարանների եւ համայնքային ենթակայության հիմնարկներում աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը,  մարզի համայնքներում 2013թ. կատարված վարչական հսկողության արդյունքներին,  համայնքային ծառայության ոլորտին վերաբերող եւ ընթացիկ մի շարք այլ հարցեր:

 

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031