Տավուշի մարզի Վարագավան գյուղի բնակիչ, 1991թ. ծնված Արթուր Ալավերդյանը 2012թ. նոյեմբերի 17-ին փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ է մտել եւ սեռական հարաբերություն ունեցել համագյուղացի, 1998 թ. նոյեմբերին ծնված Ա. Մ.-ի հետ: Ա. Ալավերդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով («Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ»): Այդ ամուսնությունից 2013թ. օգոստոսի 31-ին ծնվել է աղջիկ երեխա: Երիտասարդի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Սույն քրեական գործով դատը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կայացել է հունվարի 21-ին: Արթուր Ալավերդյանը դատարանում հայտնել է, որ 2011-ի դեկտեմբերին ավարտել է զինվորական ծառայությունը, վերադարձել տուն: 2012թ. փետրվարին նա ծանոթացել է Ա. Մ.-ի հետ, սկսել են շփվել: 2012թ. մարտի 8-ին նրանք նշանվել են: Նույն թվի նոյեմբերի 16-ին նրանք նշել են աղջկա ծննդյան տարեդարձը եւ հաջորդն օրն ամուսնացել: Ա.Ալավերդյանը 2013թ. Ռուսաստան արտագնա աշխատանքի է մեկնել: Նա այնտեղ լսել է, որ իր նկատմամբ քրեական գործ են հարուցել եւ վերադարձել է գյուղ: Ներկայումս աղջկա հետ, որպես ամուսիններ, համատեղ բնակվում են: Արթուրը իր երեխայի հանդեպ դեռեւս հայրություն չի ճանաչել, քանի որ իր անձնագիրը կցված է քրեական գործին:
Ա. Ալավերդյանը դատարանին հայտնել է` ինքը գիտեր, որ աղջիկն անչափահաս է, սակայն չգիտեր, որ նրա հետ ամուսնանալու համար կարող է դատվել: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը Ա. Ալավերդյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով եւ դատապարտել 100 հազար դրամի չափով տուգանքի:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ