Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կրոնական ոստիկանություն ունենալու դեպքում կրոնական կառույցները զերծ կմնան խախտումներից». Ալեքսանդր Ամարյան

Հունվար 31,2014 16:58

«Կրոնական ոստիկանություն ունենալու գաղափարը ես ինքս եմ առաջարկել դեռևս 2004 թվականին և առաջարկել եմ նրա համար, որ այսօրվա դրությամբ գրեթե բոլոր կրոնական կառույցներն իրենց գործունեության հետևանքով խախտում են մարդկանց իրավունքներն ու հասարակական անվտանգության նորմերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:

Նա համոզված է, որ այդ խախտումները կարող են բացահայտվել միայն կրոնական ոստիկանության առկայության դեպքում, քանի որ Հայաստանում համապատասխան մասնագետ չկա որևէ կառույցի ներսում:

«Ցավալին այն է, որ մեզանում ոչ մի պետական մարմին չի ուսումնասիրում, թե կրոնական կառույցներում ինչ է կատարվում: Իսկ կրոնական ոստիկանություն ունենալու դեպքում կրոնական կառույցները մի քիչ զերծ կմնան խախտումներ կատարելուց,- ասում է Ա. Ամարյանը,- որովհետև, տեսեք, բարեգործական կառույցը ձևակերպվել է որպես կրոնական (նկատի ունի Հայ ավետարանչական ընկերակցությունը.- Ս. Հ.): Ո՞րն է նպատակը: Հարկերից խուսափելը: Հայ ավետարանչական ընկերակցությունը կրոնական որևէ գործունեությամբ չի զբաղվում Հայաստանում»:

Aravot.am-ի հարց-դիտարկմանը, որ Տեր Կարապետ քահանա Կարապետյանի՝ վերջերս արված առաջարկությանը (Հայաստանում ևս ունենալ կրոնական ոստիկանություն) բացասական արձագանքներ շատ եղան, ինչո՞վ է պարոն Ամարյանը դա պայմանավորում, նա պատասխանեց. «Ինչո՞ւ որևէ կրոնական կառույց այդպես բուռն չի արձագանքում Ֆրանսիայում, որն ունի կրոնական ոստիկանություն, Գերմանիայում, որը ներքին գործերի նախարարությունում կրոնական հանցագործություններին վերաբերող հատուկ բաժին ունի, Ռուսաստանում, որը նախարարության կազմի մեջ մի մեծ վարչություն ունի, Բուլղարիայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, նույնիսկ որոշ հետամնաց երկրներում: Հայաստանում չկա, որովհետև դրա չլինելը հոյակապ տարբերակ է կրոնական կառույցների միջոցով փողերի լվացման համար, իսկ եթե լինի, ստիպված կլինեն սահմանափակվել»:

Ա. Ամարյանը կարծում է, որ կրոնական ոստիկանություն չունենալու պատճառներից մեկը հարկերից խուսափելն է. «Ֆրանսիայում, օրինակ, եթե կրոնական կառույցը սկսում է ֆինանսական գործունեություն ծավալել, տեղն ու տեղը նրա կրոնական կարգավիճակը փոխում են առևտրայինի ու մտցնում հարկային դաշտ՝ էլի շարունակիր քո կրոնականը, բայց մտիր հարկային դաշտ: Եթե չէ՝ 8-12 տարի, մինչև 500.000 եվրո տուգանք: Այսինքն՝ կրոնական կառույցը մի փոքր շեղվեց իր գործունեությունից, մի վայրկյանում կլուծարեն ու կդատապարտեն, մինչդեռ, Հայաստանում ոչ մի պատժամիջոց չկա: Չգիտես ինչու՝ մեզ այստեղ պարտադրում են, որ կրոնական կառույցներին ընդհանրապես ձեռք չտանք: Ես չեմ ասում՝ թող փակեն, լուծարեն: Պարզապես, թող գործեն օրենքի սահմաններում»,- ասում է Ա. Ամարյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031