Չնայած Սահմանադրական դատարանը ժամանակավորապես` մինչև մարտի 28-ը, կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի «պարտադիր» բաղադրիչի կիրառումը, այդուհանդերձ տարբեր տեղեկություններ են տարածվում այն մասին, որ պետական կառույցներում 1974 թվականից հետո ծնվածների աշխատավարձից արդեն իսկ 5 տոկոսի չափով պահում են անում` վստահ լինելով, որ Հայաստանում ոչինչ չի փոխվելու:
Այսօր Aravot.am-ը Գյումրու մի շարք պետական կառույցներից` դպրոցների տնօրեններից, ՏԻՄ մարմիններից հետաքրքրվեց, թե կատարե՞լ են արդեն պահումներ:
Ազատանի ՀՀԿ-ական գյուղապետ Վարդան Իկիլիկյանը մեզ տեղեկացրեց, որ օրենքը եթե ընդունվի՝ կտարածվի միայն գյուղապետարանի մեկ աշխատակցի վրա, մյուսները տարեց մարդիկ են: Նա ասաց, որ չի պատրաստվում օրենքից առաջ ընկնել ու թեկուզև ներքին կարգով նման բան անել: Գյուղապետը նաև վստահեցրեց, որ Շիրակի մարզպետարանից ոչ մի նման պարտադրանք չի եղել գյուղապետարաններին:
«Մենք օրենքով աշխատող մարդիկ են, օրենքը հարգող, կսպասենք ՍԴ-ի որոշմանը, մինչև չլինի այդ որոշումը՝ բացառվում է որևէ պահում», -հավաստիացրեց գյուղապետը:
Կարդացեք նաև
Գյումրու քաղաքապետի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանն էլ ասաց. «Պահումների մասին խոսք լինել չի կարող, դրա իրավունքը մենք չունենք էլ, քանի դեռ չկա գործող օրենք»:
Նկատի ունենալով, որ Գյումրու քաղաքապետարանը բավական մեծ թվով երիտասարդ կադրեր ունի, Զոհրապ Եգանյանից հետաքրքրվեցինք, թե ՍԴ-ի վավերացնելու դեպքում քանի՞ հոգի կդառնա օրենքի «զոհը»: «Մենք այս պահին չենք էլ հաշվառել, թե քանի աշխատակցի վրա կտարածվի այն, քանի որ դրա անհրաժեշտությունը դեռ չկա, չկա գործող օրենք»,-պատասխանեց Զոհրապ Եգանյանը:
Պահումների հետ կապված փորձեցինք ճշտումներ անել նաև Գյումրու դպրոցներից: Տնօրեններից մեկը, դեռ մեր հարցը չլսած, սրտնեղեց `ասելով. «Նախ թող աշխատավարձերը փոխանցեն, հետո նոր պահումներից խոսեն»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ