Ձկնաբուծության զարգացման ծրագրի իրականացման արդյունքում, բնապահպանները մտավախություն ունեն, որ Սեւանա լիճը կվերածվի մի մեծ ձկնաբուծարանի: Այսօր բնապահպանների այս մտահոգությունը լրագրողները փոխանցեցին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, որն էլ վստահեցրեց` որեւէ վտանգ Սեւանին այդ ծրագրով չի սպառնում:
Նախարարի ներկայացմամբ` նախատեսված է Սեւանա լճի հայելու 147 հեկտար մակերեսից 70-80 հեկտարն օգտագործել որպես ձկնաբուծական տարածք, սա ըստ պարոն Հարությունյանի` «0.07 տոկոսն է, եթե չեմ սխալվում, եթե այդ տարածքը ներդրվի որպես ձկնաբուծական տարածք, ցամաքային հատվածում նախատեսվում է բավականին լուրջ ենթակառուցվածքներ, աշխատատեղեր,վերամշակման գործարաններ: Համաշխարհային փորձն ենք հաշվի առել, որը թույլատրում է քաղցրահամ ջրերի 0.2 տոկոսն օգտագործել` ձկնաբուծական նպատակով: Կարծում եմ` անհանգստանալու խնդիր չկա»:
Բնապահպանները նաեւ վստահեցրել են, որ Սեւանա լիճ մանրաձկների բացթողումից հետո արհեստական կերեր են տալիս նրանց, որը հնարավոր է նպաստի Սեւանա լճի ճահճացմանը: Այս մտահոգության առումով էլ նախարարն ասաց` «Մեր խնդիրն այն է, որ որեւէ ձեւափոխված օրգանիզմ կամ կերեր չօգտագործվեն, լինելու են բնական, ուսումնասիրված, փորձված եւ կանխատեսելի կերեր: Արդեն մի քանի տարի է Շորժայի հատվածում իրականացվում է պիլոտային ծրագիր` համոզվելու համար՝ արդյոք հնարավո՞ր է նման ծրագիր իրականացնել, թե՞ ոչ: Այս ժամանակահատվածում մի քանի մասնագիտացված ընկերություն ուսումնասիրել է ջրի որակի թափանցիկության խնդիրը, միացությունների հետ կապված խնդիրը, եւ այս ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այդ միացություններից ազդեցություն չկա, կամ նորմայի մեջ է»:
Լրագրողների այն դիտարկմանն էլ, թե նախարարությունում դատախազությունը ստուգումներ է կատարում, պարոն Հարությունյանն արձագանքեց, որ դա օրենքի պահանջն է. «Մենք, բնականաբար, ուժային կառույցների, իրավապահ մարմինների հետ աշխատանք ենք իրականացնում: Այսինքն, եթե մենք անօրինական խորքային հոր ենք հայտնաբերում, կամ գույքագրում ենք իրականացնում, վնասի չափ ենք կազմում, պարտավոր ենք այդ նյութերն ուղարկել իրավապահ մարմիններին: Կատարում ենք վնասի հաշվարկ եւ գործառույթների շրջանակներում համագործակցում ենք: Ինչ ներկայացնում ենք դատախազությանը, պատրաստ ենք հիմնավորել նաեւ դատարաններում, որովհետեւ հաճախ ընկերություններ կան, որոնք համաձայն չեն դրա հետ»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ